Մատչելիության հղումներ

«Շատ ակնառու է, որ սա շոուի մի մասն է». Մանուկյանը՝ Օհանյանի և Չարչյանի գործերի մասին


Իրականում, Սեյրան Օհանյանը և Արմեն Չարչյանը «ավելի շատ ոչ թե խանգարում են, այլ հասարակությանը զբաղվելու նյութ պետք է իշխանությունը տա»: «Ազատությանը» տված հարցազրույցում այս կարծիքը հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պարզաբանելով իրենց դիրքորոշումը, որ խմբակցության երկու պատգամավորների դեմ գործերը քաղաքական են:

«Նախ, այս գործերը առաջին տարին չի, այս տարի չի, որ սկսվել է հետաքննություն՝ 2019 թվականից է կարծեմ, և այնպիսի ծավալուն գործեր չեն, որ երեք-չորս տարվա մեջ նախաքննությունը չէին կարող ավարտել, և շատ ավելի շուտ նախաքննությունը կարող էր ավարտվել, երբ դեռ պրոֆեսոր Արմեն Չարչյանը կամ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավոր չէին», - նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ այս ընթացքում էլ իրավական գործընթացներ, շատ իրավական գործողություններ չեն արվել:

Դաշնակցական գործիչը տարօրինակ և հատկանշական համարեց, որ «Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության հաջորդ օրը Գլխավոր դատախազությունը բերեց միջնորդությունը Սեյրան Օհանյանի, հետո, փուլ-փուլ բերեց, մի քանի օր հետո նաև՝ Արմեն Չարչյանի»:

«Այդ իսկ պատճառով, շատ ակնառու է, որ սա շոուի մի մասն է՝ հասարակության ուշադրությունը շեղելու», - պնդեց Մանուկյանը:

«Լավ է՝ Սեյրան Օհանյանին չեն մեղադրում, որ Ազատ գյուղի դժբախտ դեպքի մեղավորը Սեյրան Օհանյանն է, ժամանակին որ շատ ավելի ավերածություն էր պատճառել ադրբեջանական բանակին՝ 44-օրյա պատերազմը չէր լինի, թշնամին չէր գա հասներ այդ դիրքերը, և մեր զինվորներն էլ այդպիսի անմխիթար տներում չէին ապրի», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

«Հիմա բոլորի մոտ տպավորություն է գլխավոր դատախազի հայտարարությունից՝ Սեյրան Օհանյանը զորամաս է վաճառել, դեռ պատգամավորներից մեկն էլ ասեց՝ «Նախիջևանի սահմանին գտնվող զորամաս»: Դե պատկերացրեք՝ մարդը ներքուստ ասում է՝ «դե էս խեղճերն ինչ անեն, էս հարիֆներն ինչ անեն, Սեյրան Օհանյանի ժամանակվանից զորամասեր են վաճառում»: Այսօր ստիպված ձեռքս վերցրեցի՝ անցյալ տարի Կառավարության նիստում ապրիլի 15-ի որոշումը, որով Պաշտպանության նախարարության 71 գույք փոխանցվում է Պետգույքի վարչությանը, որը հետո դրանք վաճառելու է՝ էստեղ կան զորամասեր», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Հայաստանի գլխավոր դատախազը երեկ միջնորդություններ ներկայացրեց խորհրդարան «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG