Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ


Նորընտիր գլխավոր դատախազը կարծում է՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանին մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու միանգամից երեք միջնորդագրեր է այսօր ներկայացրել ԱԺ։

Խորհրդարանի կայքում միայն երկուսն են հրապարակվել, դրանք վերաբերում են Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։ Նա ռազմական գերատեսչությունը 8 տարի՝ 2008-2016 թվականներին է ղեկավարել։

Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Օհանյանը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է որակում

Օհանյանը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է որակում, պատահական չի համարում ընտրված ժամկետը:

«Այս իշխանությունները փոխանակ զբաղվեն Արցախով, անվտանգությամբ, հատկապես երբ երեկ շատ վատ, ցավալի դեպք էր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, հրդեհի զոհ են դարձել 15 հոգի, այս ամենից շեղելու համար է: Ես որևիցե մի մտավախություն չունեմ», - ասաց Սեյրան Օհանյանը:

Ինքն ու խմբակցությունը կմասնակցե՞ն քննարկումներին, ասաց՝ նյութերին ծանոթանալուց հետո կորոշեն։

ԱԺ ուղարկված դատախազության միջնորդագրերից միայն երկուսն է հրապարակվել, մոտ 80 էջ են, երրորդն, Ազգային ժողովից ասացին, գաղտնի է։ Երկուսում երկար նկարագրված է Օհանյանի մասնակցությունը ենթադրյալ չարաշահումներին։ Դրվագներից մեկում, օրինակ, նշվում է, որ նրա անփութության հետևանքով Պաշտպանության նախարարությունը զրկվել է մոտ 7.5 միլիոն դրամից, երբ շուկայականից էժան գնով զորամասերի տարածքն ուրիշի անունով, բայց փաստացի օտարվել է Գլխավոր շտաբի նախկին պետ, Մարտի 1-ի գործով անցած Յուրի Խաչատուրովի զինվորական որդուն՝ 2021 թվականին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատված Գրիգորի Խաչատուրովին։

Ինքը՝ Խաչատուրովը հերքել է, թե գույքի տերն ինքն է, բայց ընդունել, որ գրավադրել է։ Սեյրան Օհանյանն, ըստ Դատախազության, հրաժարվել է ցուցմունք տալուց, նաև դիրքորոշում չի հայտնել վաղեմության հիմքով գործը կարճելու վերաբերյալ։ Ծավալուն միջնորդություններում տարբեր ընկերությունների ու մարդկանց անուններ են հիշատակված, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանինը։

«Որպես վկա երբ ես մասնակցել եմ տարբեր հարցաքննությունների, որևիցե տեղեկություն չեմ ստացել, որ կարող է նման վարույթ սկսվել իմ նկատմամբ», - նշեց Օհանյանը:

Իշխանականները այսօր հրաժարվում էին խոսել իրենց դիրքորոշման մասին

Իշխանականները, որոնք նաև իրենց քվեարկությամբ պետք է համաձայնություն տան կամ չտան ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելուն, այսօր հիմնականում հրաժարվում էին խոսել Դատախազության քայլի և իրենց դիրքորոշման մասին։ Բացառություն էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Ասաց՝ որոշում չունեն՝ խմբակցությունը ինչպես է քվեարկելու:

«Ենթադրում եմ՝ կքննարկվի խորությամբ խմբակցությունում, ինչ որոշում կընդունվի ես հիմա չեմ կարող ասել, իհարկե», - նշեց Խաչատրյանը:

Դատախազությունն Ազգային ժողով չի ներկայացրել Օհանյանին ազատությունից զրկելու՝ կալանավորելու համաձայնություն տալու միջնորդագիր։ Արդյոք պատրաստվում են, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ այս պահին առկա միջնորդագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունն արդեն հրապարակել են, այլ տեղեկություն չունի։

Պաշտպանության նախկին նախարարին վերաբերող միջնորդագրերը քննարկվելու են փետրվարի 7-ին մեկնարկող հերթական նիստի ընթացքում։ Եթե Սեյրան Օհանյանը որոշի չմասնակցել, մեկ է՝ հարցն առանց նրա էլ կքննարկվի։ Որոշումը կայացվելու է գաղտնի քվեարկությամբ։ Դրա համար քվեարկությանը պետք է մասնակցած լինի առնվազն 54 պատգամավոր, 28 էլ կողմ եղավ, Օհանյանը կզրկվի անձեռնմխելիությունից, Դատախազությունն էլ նրան մեղադրանքներ առաջադրելու հնարավորություն կստանա։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 71 պատգամավոր ունի:

Սեյրան Օհանյանը մեկ՝ «Ձորահէկ»-ի վաճառքի գործով արդեն մեղադրյալ է։ Այս պահին «Հայաստան» խմբակցությունից մեղադրյալ է ևս երկու պատգամավոր։

XS
SM
MD
LG