Մատչելիության հղումներ

Մարտից կմեկնարկեն պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները


Հայաստանում մարտից կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք երեք ամսվա փոխարեն 25 օր կտևեն։ Առաջին փուլով՝ հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։

25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար, քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։

Կառավարությունն ակնկալում է, որ այս հավաքների արդյունքում զինված ուժերը կհամալրվեն բարձր մասնագիտական պատրաստվածությամբ պահեստազորայիններով։

«7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», - ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

2021, 2022 թվականներին անցկացված եռամսյա հավաքներն ուղեկցվեցին մի շարք խնդիրներով. քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ, ոչ պատշաճ բուժզննումներ և այլն։

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ այս վարժանքների ընթացքում 7 քաղաքացի է մահացել։

Նոր ձևաչափին անցնելուց առաջ վերացվե՞լ են խնդիրները. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Տիգրան Աբրահամյանն ասում է՝ իշխանությունները հավաստիացրել են, որ պատշաճ բուժզննություն կանցկացվի։

«Մեկ ամիս հետո արդեն կերևա իրականում անցկացվում է բուժզննում, թե չի անցկացվում, կամ միգուցե անցկացվում է, բայց դա ուղղակի ձևական բնույթ է կրում։ Սա մեկ ամիս հետո ուղղակի կերևա։ Համենայն դեպս, մինչև այս, վարժական հավաքների ներգրավել են անձանց, որոնք բառիս բուն իմաստով բուժզննում չեն անցել և գիտենք, որ որպես հետևանք կան նաև մահվան դեպքեր», - ասաց Աբրահամյանը։

Ամփոփելով եռամսյա հավաքների փորձը՝ պատգամավորը շեշտում է՝ այն անբավարար է եղել, եթե մոտեցումը չփոխվի, 25-օրյա հավաքների արդյունքն էլ նույնը կլինի։

«Եթե քաղաքացիները, որոնք պահեստազորից մասնակցում են վարժական հավաքներին, իրականում կատարելագործեն իրենց գիտելիքները, հմտությունները, դա իրենց համար լինի նաև որոշակի վերապատրաստում, ըստ մասնագիտական ուղղությունների, ապա դա ես կհամարեմ նորմալ, բայց քանի որ հատկապես վերջին երկու տարիների փորձը ցույց է տվել, որ իրականության մեջ միայն անունով է վարժական հավաք, իրականում բացառապես մարտական հերթապահություն անցկացման պրոցես է սա, բնականաբար, ես ընդհանուր գործընթացն անբավարար եմ գնահատում», - ասաց Աբրահամյանը։

Իշխանությունները հայտարարում են՝ վարժանքների այս ժամկետն ավելի ռացիոնալ է։ Նշվում է, որ այս հավաքները զինված ուժերի բարեփոխման մաս են, որոնց նպատակն է կատարելագործել Հայաստանի սահմանի պաշտպանության համակարգը, զորահավաքային մեխանիզմները, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG