Մատչելիության հղումներ

Զինապարտ քաղաքացիները 25-օրյա  վարժական հավաքների կմասնակցեն 


Կառավարությունը նախատեսում է այս տարվա մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։

Նախագծի համաձայն, հավաքներին ներգրավվելու է ավելի քան 3000 քաղաքացի՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, շարքային, ենթասպայական և սպայական կազմերից։ Վարժական հավաքներին կմասնակցնեն 20-55 տարեկան պահեստազորայինները։

Ի տարբերություն նախորդ հավաքների, այս անգամ վարժանքները կլինեն 25 օրով․ անցած տարի Պաշտպանության նախարարությունը որոշեց եռամսյա հավաքների տևոությունը կրճատել և միաժամանակ դրանք պարտադիր դարձնել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

Նախարար Սուրեն Պապիկյանը դեռ հոկտեմբերին վստահեցրել էր, որ քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել Հայաստանի սահմանների պաշտպանությանը. - «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն։ Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել էր, որ պահեստազորը ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվի։ Ըստ նրա, այդ գործընթացը շատ երկար ժամանակ պատշաճ չէր իրականացվել, ինչի հետևանքները տեսանելի են եղել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Փաշինյանը պնդել էր, թե վարժանքների տևողությունը կրճատել են՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի քիչ խնդիրներ ստեղծելու համար. - «Չեմ կարծում, թե որևէ հիմնարկ որևէ աշխատողի մեկ ամսվա, քսանհինգ օրվա բացակայության պայմաններում կարող ա էականորեն տուժել։ Այսինքը՝ դա կառավարելի իրավիճակ է։ Եվ այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր»։

Ի՞նչ խնդիր է լուծվելու 25-օրյա վարժական հավաքներով։ Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ այս գործընթացն իրականացվում է 44-օրյա պատերազմից դասեր քաղելու արդյունքում. - «Եվ ամենակարևոր դասը ո՞րն ա։ Որ մենք պարզվեց, որ մոբիլիզացիոն ռեսուրս չունենք։ Բոլորը տեսան. զորակոչվեցին, բայց նրանք պատրաստված մոբռեսուրս չեն հանդիսացել։ Կարելի է ասել նրանք, գուցե մեծ մասը եղել են թնդանոթի միս՝ չհաշվարկված, չպատրաստված և' հագուկապով, և' գիտելիքներով և այլն»։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, 25-օրյա ժամկետն առավել ռացիոնալ է և հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել հավաքներում և ունենալ պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս. - «Էստեղ մեկ այլ չափորոշիչ էլ կդրվի։ Զորահավաքին կանչվածները, որպեսզի նրանք գուցե հիշեն իրենց հրամանատարին, գուցե այն դիրքերում լինեն, որտեղ իրենք հենց տեղանքին ծանոթ են։ Դա էլ էլի դասեր քաղելու արդյունքում ա, որովհետև շատերին երբ որ 44-օրյա պատերազմին զորակոչել էին, և դրանք հազարներ էին, և շատերը տեղանքին ծանոթ չլինելու պատճառով իրենց մոտ հոգեբանական լրիվ այլ իրավիճակներ առաջացավ, և էդտեղ մենք ունեցանք նաև կորուստներ»։

2021-ին պահեստազորայինների եռամսյա հավաքներին մասնակցած և Սյունիքում ծառայություն անցած քաղաքագետ Արմեն Վարդանյանը մինչդեռ նշում է՝ եթե վարժանքների համար 3 ամիսը շատ երկար էր, և խնդիրներին էին առաջանում գործատուների հետ, ապա 25 օրն էլ շատ քիչ է։ Նախնական պատրաստություն անցնելու համար հատկացվող մեկ շաբաթը բավարար չէ որոշ մասնագիտություններով հմտությունները վերհիշելու, առավել ևս նոր հմտություններ ձեռք բերելու համար, հատկապես որ փոխվել են և զինատեսակները և դրանց կիրառությունը. - «Տասնհինգ տարի առաջ ծառայած մարդը, որ կապի դասակում ա ծառայել, էն ժամանակ կապի լրիվ այլ միջոցներ էին, որոնք որ հիմա չկան էլ բանակում, հիմա՝ լրիվ այլ։ Էդ մարդկանց, կարծում եմ, պիտի երկար ժամկետով ուսուցանեն։ Նաև հրետանավորները. արդեն նոր միջոցներով են հրետանային հաշվարկներ անում»։

Փորձագիտական տարբեր խմբերի կանխատեսումներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա։

Միջազգային ճգնաժամային խումբն իր հիմնավորումներում նշել էր, որ Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է զինված և վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Հայաստանը, մինչդեռ, ըստ փորձագետների, անցած երկու տարում չի համալրել իր զորքն ու սպառազինությունը։

Արդյո՞ք Հայաստանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ռազմական գործողություններին։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախ առաջարկեց քննարկել, թե երբվանից է Հայաստանի բանակը սկսել զիջել ադրբեջանականին։ Հետո էլ վստահեցրեց, թե ամեն դեպքում այսօր ամեն ինչ արվում է, որ Հայաստանի զինված ուժերը հակառակորդից ետ չմնան. - «Այո, Ադրբեջանը էսօր ունի առավելություն։ Մենք փորձում ենք էդ առավելությունը մեր ակտիվ գործողություններով՝ օրենսդրական, գործադիր, բերենք էդ վիճակին, որ էդ առավելությունը անընդհատ չավելանա, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանում հասնենք բալանսի... Մենք պատրաստվում ենք դիմակայելուն։ Ես չեմ ուզում անընդհատ ասեմ անցյալում չեն արել, անցյալը իրանց գլուխը թող ուտի։ Լաչինի միջանցք ա փակ, ո՞ւր ա Ռոբերտ Քոչարյանը, մյուսնե՞րը ուր են, իրանց տեսակետը ինչո՞ւմն ա... թող ասեն լսենք։ Իշխանությունը որպես այդպիսին հստակ ասում ա որտեղ ով ա թերացել»։

Մինչ այդ Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանի պաշտապության նախարարն այսօր ստուգել է բանակի զորահավաքային կարողությունները։ Օրեր առաջ էլ Զաքիր Հասանովը այցելել էր Զինված ուժերի հրետանային և տանկային զորամասեր, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի այն զորամասը, որտեղ գտնվում են անօդաչու թռչող սարքերը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG