Մատչելիության հղումներ

«Սա անհրաժեշտ է հաճախ անել»․ ռազմական փորձագետը ողջունում է պահեստազորայինների հավաքների նախաձեռնությունը


«Սա չի նշանակում, որ պատերազմ է լինելու, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», - այսպես է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն արձագանքում Պաշտպանության նախարարության՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հավաքներ անցկացնելու նախաձեռնությանը։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում զինվորական մասնագիտությունների ցանկին, որոնք հրավիրվում են զորահավաքի։

«Եվ շեշտադրված էր ավելի շուտ հրթիռահրետանային, կապի, տեխնիկական, քարտեզագրման և այլ միջոցները, իսկ համազորային զինվորականներն ավելի քիչ էին։ Բնականաբար, ողջունում ենք, մենք ապրում ենք, ըստ էության, վառոդի տակառի վրա և սա պետք է անել, ավելին՝ սա անհրաժեշտ է անել և պետք է շուտ-շուտ ավելին անել, և չէի ուզենա, որ մարդիկ էս ամեն ինչից խուճապի մատնվեին, բայց, կներեք, ապրում ենք գրեթե պատերազմական դրության մեջ», - ասաց Հակոբյանը։

Պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, զինվորական 10 մասնագիտություններով վերապատրաստման համար՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական։

Նպատակը, ըստ նախարարության, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելն ու բարձրագույն կրթություն ունեցող սպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։ Փորձագետը այստեղ կարևորում է գործընթացի արդյունավետությունը։

«Ցավոք, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պահեստազորայինի հավաքներն, այսպես աղմուկով արվելով, իրականում վերածվում են ձևականության։ Կրթական ծրագրերը, որ էդ պահեստազորայիններն անցնում են, հաճախ լինում են թերի, ժամանակից հետ մնացած, հաճախ որակյալ չի լինում էդ ամենը և, գիտեք, եթե պրոցեսը վերածվի ձևականության, մենք ընդամենը ինքնախաբեության վիճակ կունենանք, այսինքն՝ մենք մեզ կհամոզենք, որ մենք արեցինք ամեն ինչ, լավ է, բայց կգա պատերազմական իրավիճակ և կպարզվի, որ մեր պահեստազորային, օրինակ, հրետանավորը ինչպես չգիտեր հրանոթի հետ վարվել մինչև այդ, այնպես էլ չգիտի նաև այժմ։ Նաև այստեղ ժամկետների հետ կապված խնդիր կա, որովհետև ես նորից նայում էի որոշումը, այնտեղ մոտավորապես 7-ից 9 օր է մեկ պահեստազորայինի հավաքը, խնդիրը կայանում է նրանում, որ էդ ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործվի, որովհետև նախկին տարիների փորձը կրկին ցույց տվեց, որ, օրինակ, մեկ ամբողջ օր ծախսվում է համազգես հանձնելու վրա, վերջին օրը դուրս է գալիս որպես վերջին օր, այստեղ պետք է ծրագրային և կազմակերպչական հարցերը շատ արդյունավետ լուծել, այդ հարցով ես որոշակի, ցավոք, թերահավատություն ունեմ», - ասաց ռազմական փորձագետը։

Նախաձեռնությունն առայժմ որոշման նախագծի կարգավիճակում է և կարող է ուժի մեջ մտնել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG