Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները փոխանցել են անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի մարմինը


Օրերս ադրբեջանցիների փոխանցած զինծառայողի մասունքների փորձաքննությունն ավարտվել է։ Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրն «Ազատությանն» ասաց՝ հաստատվել է՝ որդու մարմինն է։

«Ոնց գիտեինք, տենց էղավ էլի», - ասաց Արամ Թորոսյանը։

Վահեն ինը ամսվա ծառայող էր, զոհվել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ, Ներքին Հանդի դիրքերում։ Ամիսներ շարունակ հայրը փնտրում էր որդուն։ Ասում էր՝ գիտեմ տեղը, Ներքին Հանդի ձորակում է, որը մարտերից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արամ Թորսյանը Երևանից Կապան հարցուփորձ էր արել, զորամաս ու Կարմիր խաչին դիմել, որդու տեղը բացատրել, պատասխանում էին, թե Ադրբեջանը չի թողնում այդ տարածք հասնել։ Ադրբեջանը զինվորի մարմինը փոխանցեց վեց օր առաջ։ Անճանաչելի էր։

«Սկզբից ասում էին՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, երևի էդ էր պատճառը, չգիտեմ, չգիտեմ», - ասաց հայրը։

Զոհված զինծառայողը Արմավիրի մարզի Լուսագյուղից էր, ընտանիքն ու հարազատներն այս ամիսների ընթացքում թակում էին հնարավոր բոլոր դռները, Պաշտպանության նախարարության մոտ ակցիաներ անում, պահանջում՝ գտնել որդուն, անգամ դիմել էին ծայրահեղ միջոցների՝ փակել էին Էջմիածին-Մարգարա ճանապարհը։

«Դե էրեխա եմ տվել, էս ճամփով ուղարկել եմ ծառայության, էս ճամփով էլ ուզում եմ, որ հետ բերեն, դե թող բերեն», - ասում էր Արամ Թորոսյանը։

Անցած տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումից հետո անհետ կորած է համարվում ևս երկու զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը ու Թոռնիկ Սարգսյանը։ Նրանց հարազատները ևս ասում են, որ գիտեն մարմինների տեղը, բայց պաշտոնական պատասխանը նույնն է՝ Բաքուն որոնողական աշխատանքներ չի թույլատրում։

Սեպտեմբերյան մարտերում հայկական կողմից 225 հոգի է զոհվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG