Մատչելիության հղումներ

«Պրծել ա էս գյուղը». ադրբեջանցիները փակել են Ներքին Հանդի խմելու ջուրը


Armenia -- Azeri flag near Armenian Village Nerkin Hand. November, 2022

Ներքին Հանդը ադրբեջանական վերջին ներխուժումից՝ սեպտեմբերի 13 ից հետո մնացել է առանց խմելու ջրի։ Սյունիքի մարզի սահմանային այս գյուղի դիրքերի մեծ մասը ադրբեջանցիները գրավել են ու նստել խմելու ջրի աղբյուրի գլխին։

«Չկա էլի, խմելի ջուրը չկա։ Ոռոգման ջուրն ա, գետի ջուրն ա, օգտագործում ենք։ Էփում ենք, խմում», - ասում է Ներքին Հանդի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։

Նա երկու օր առաջ է գյուղ վերադարձել։ Ներքին Հանդում վերջին երկու ամիսներին կանայք ու երեխաներ չկան. ապահով չէ, գյուղի եերք կողմերում զինված ադրբեջանցիներ են դիրքավորված։

«Գյուղում էս պահին քսանվեց հոգի ենք, տղամարդիկ», - ասում է Մելս Բաղդասարյանը։

Տղամարդկանց ու գյուղ վերադարձած կանանց խմելու ջուր է պետք, ասում է նա։ Հենց ինքն է 90-ականներին երևանյան պաշտոնն օգտագործել ու ծննդավայրի ջրի հարցի լուծմանն օգնել . - «Ես քաշել 99 թվականին։ Հատուկ ծրագիր էր, ամերիկյան կազմակերպությանը բերել եմ, քաշել։ Հիմի էդ տարածքը ադրբեջանցիներն են»։

Հիմա Ներքին Հանդը Ծավ գետի ջրի հույսին է, ասում է Ներքին Հանդ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը. - «Ոռոգման ջուրը միացրել ենք ներքին ցանցին»։

Գյուղի միակ աղբյուրից էլ ոռոգման ջուր է հոսում։ Խաչատուր Բաղդասարյանը հույս ունի՝ ժամանակավոր. - «Եկել են, տեղանքը ուսումնասիրել են։ Պիտի ֆինանսավորում լինի, որ աշխատանքները սկսեն։ Ասել են շատ շուտ ա ըլնելու»։

Կապանի համայնքապետարանից սակայն ասում են, որ դեռ հստակություն չկա, թե երբ է ի վերջո այս գյուղը խմելու ջուր խմելու։

Ներքին հանդի ճակատագիրը սահմանային բնակավայրերից ամենաանորոշն է։ Անասնապահությամբ ու հողագործությամբ ապրող մարդիկ մնացել են առանց հողի և անասունների։ Գյուղի արտերը նվազագույնը չեզոք գոտի են դարձել, միջդիրքային տարածք, ասում է Ռադիկ Բաղդասարյանը. - «Մերոնք նստել են արտի հետևին, թուրքերը՝ արտի վերևին։ Կմտնե՞ն արտը, ասենք հնձեն, ինչ-որ մի բան անեն... սուտ ա»։

Գյուղը անասնապահությամբ զբաղվելու շանսից էլ է զրկված ՝ անասուններն իրենց սովոր ճամփով ուղղություն են վերցնում դեպի արատովայր ու պայթում ականների վրա։ Ներքին Հանդում հիմա 7-8 կով է մնացել։

«Յոթանասունից ավելի խոշոր եղջերավոր ունեինք մինչև սեպտեմբերի 1-ը։ Սեպտեմբերի 13-ին որ սկսվեց առ այսօր... էրեկ էլ մի չորս հատ կով անցան մինի կողմը, պայթեց», - պատմում է Բաղդասարյանը։

«Հիմա անասուն չունեմ, պրծել ա, իրեքն էլ ականի վրա պայթել են։ Դատարկ նստած եմ», - ասում է Գագիկ Բադալյանը։ Կով պահել հիմա ոչ ոք չի համարձակվում՝ գոմից հանում ես, կա'մ պայթում են, կա'մ Ադրբեջանի հսկողության գոտում հայտնվում, գոմից էլ չես հանում՝ խոտն է թանկ։....

Գյուղում լուծում չունեն, վերևներից եկածները լուծումներ չեն ասել։
Գոնե փոխհատուցում կստանա՞ն պայթած անասունների տերերը։ Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ կառավարության հետ հարցը դեռ քննարկվում է։ Խնդիրը սուր է թե' Կապանի ու թե' Գորիսի տարածաշրջանի գյուղերում։ Սեպտեմբերի 13-ից միայն 7 հազար գլուխ ոչխար Տեղ, Խնձորեսկ գյուղերից է մնացել է սարերում, Ադրբեջանի հսկողության տակ։

Մելս Բաղդասարյանը մի խնդիր էլ է ավելացնում. մինչև այս վերջին բախումը Ներքին Հանդը երթուղային ուներ, իսկ հիմա՝ ճանապարհը նոր, ասֆալտապատ, բայց տրանսպորտ չկա. - «Թող գոնե շաբաթը մի անգամ գյուղ մտնի, գնա»։

Բաղդասարյանը Ներքին Հանդի հիմնադրման 190-ամյակի առթիվ տարիներ առաջ գիրք է գրել, շատ է ուզում շարունակել այդ պատմությունը։

XS
SM
MD
LG