Մատչելիության հղումներ

«Ամեն պոստից իջնելուց խնդրում ու աղոթում էինք՝ Աստված ջան, ինչ լավ ա, բարեհաջող իջավ». զոհված զինծառայողի մայր


Զոհված զինծառայող Արեն Մալաքյանի մայրը՝ Քրիստինե Հախվերդյանը

Ինչպե՞ս են ապրում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։ Քրիստինե Հախվերդյանն այս հարցն իրեն տալիս էր համարյա ամեն օր... մինչև այս սեպտեմբերի 13-ը։ Հիմա ինքն է ապրելու ձև փնտրում ՝ 19-ամյա որդին հեռախոսի տեսաարխիվում է։

Արեն Մալաքյանը ժպտուն է, սիրուն բոլոր տեսանյութերում՝ անընդհատ ուրախ շարժումների մեջ է, պարում է, սպորտի պարապմունքից վերադառնում ու մորը խնդրում նկարել, որ տեսնի մկանները լավ ձգվե՞լ են։ Բազմաթիվ վիդեոներում ասմունքնում է։

Եվ անընդհատ նկարներն են նրան շրջապատում, նկարում էր մի քանի տարեկանից՝ ջրաներկ, գուաշ, մատիտանկարներ։ Արենը մեծ հավաքածու է թողել. 44-օրյա պատերազմի հերոսներին է նկարել, նաև գեղեցկուհիների։

«Ում համակրում էր, նրան էլ նկարում էր», - ասում է մայրը։ Տան պատին Արենի նկարած վերջին աշունն է։

Սեպտեմբերյան մարտերի առաջին արկերից մեկն է խլել զինծառայողի կյանքը Սոթքի զորամասում, հենց անցակետի մոտ։

«Գնացած օրից մենք գիտեինք, որ էդ վտանգավոր գոտում ա ինքը։ Անընդհատ վախով... ամեն պոստից իջնելուց խնդրում ու աղոթում էինք՝ Աստված ջան, ինչ լավ ա, բարեհաջող իջավ։ Որովհետև անընդհատ կրակոցները էղել ա», - պատմում է Քրիստինեն։

Արենի մահից հետո ընկերները իրերն ընտանքին են ուղարկել, զինծառայության ժամանակ տղան այլևս գեղեցկուհիների չի նկարել։ «Պոստերում, էդ բունկերների մեջին լրիվ Հիսուսի նկարներն ա նկարել, եկեղեցիներ, միշտ Աստված ա կանչել քյորփես», - արցունքներն աչքերում ասում է մայրը։

Քրիստինեն պատմում է՝ 1 տարի, մեկ ու կես ամիս է ինչ ծառայում էր, դժվար ծառայություն էր, բարդ տեղանքում, ու ոչ մի դժգոհություն. - «Բողոքած չկա։ Ինչ ասում էինք, ասում էր տոչնի ա, մամ ջան, տոչնի ա, ամեն ինչ լավ ա»։

Մինչև զորակոչվելը Վանաձորի համալսարանի նկարչական բաժինն էր ընդունվել, բայց անհամբեր սպասում էր բանակ գնալու ծանուցագրին. - «Պավեստկեն ուշ էր էկել համալսարանի քննության համար, նեղվում էր՝ էս խի՞ չի պավեստկեն գալի, ես ուզում եմ գնամ... Ով բանակից ազատվում էր, ինքը քննադատում էր՝ ի՞նչ տղա են, որ բանակից ուզում են ազատվեն...»

Եկող տարվա ամռանը պիտի բանակից տուն վերադառնար։ Մայրն ասում է՝ այդ օրվան եմ սպասում, գերեզման գնալ չեմ կարող։

Երկու օրում նվազագույնը 207 զոհ ու անհետ կորած. սեպտեմբերի մարտական գործողություններից մեկ ամիս անց սա միակ պաշտոնական թիվն է մնում։ Որևէ հստակ տվյալ առայժմ չի հրապարակվել՝ քանի՞ հոգի է զոհվել, ովքե՞ր են նրանք։ Չկա նաև հրապարակված որևէ ցանկ։ Վարչապետ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում ասաց, թե որոշել են ինստիտուցիոնալ մեխանիզմով հրապարկել զոհերի անունները։

Ինստիտուցիոնալը, պարզվեց, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումների ցանկն է։ Այստեղ երեկվանից սկսել են հրապարակվել զոհերի տվյալները՝ 4857-րդ համարից սկսած սեպտեմբերի 13-14 ին զոհված ժամկետայիններն են, պայմանագրայիններն ու կամավորականները, առայժմ ընդամենը 14 անուն ազգանուն։

ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ծնողները մեկ ամիս է չգիտեն, թե ուր է Ղափանի զորամասում ծառայող իրենց տղան։ Սեպտեմբերի 15-ին զանգել, ասել է, որ վիրավոր է Ներքին Հանդի հատվածում, տեղը հստակ նկարագրել է, մնացածը միայն անորոշություն է... Ընտանիքը պաշտպանության նախարարություն է գնում, համագյուղացիների հետ ճանապարհ փակում, որ իրենց ձայնը վերևներում լսեն՝ գնան փնտրեն վիրավոր տղային։

Մայրը Եսթեր Թորոսյանը այսօր արդեն սև հագուստով կառավարության շենքի մոտ էր. - «Թող գան, մի հատ իրանք որպես ծնող իմ տեղը ապրեն։ Տենամ կդիմանա՞ն։ Էսօր արդեն մի ամիսը լրանում ա»։

Ծնողներն իրենց պատեպատ են խփում ՝ հասնում զորամասեր, գնում գերատեսչություններ՝ անօգուտ։ Այսօր էլ կառավարությունում մեկը ընդունել էր Վահեի ծնողներին։

«Քննչական բաժմի դիմում-բողոքների նախարար... պատասխանեց, որ զբաղվում են էդ հարցով», - ասաց Վահեի հայրը։

Պատասխանն ամենուր նույնն է՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որոնումներ սկսել, կրակում է։

«Մնում ա, ես, որպես մայր, գնամ մի հատ զենք վերցնեմ, գնամ իմ էրեխի հետևից։ Կամ կմնամ, կամ չեմ մնա... ոնց իմ էրեխեն, ընենց էլ ես», - ասաց Եսթեր Թորոսյանը։

Այս մարտերից հետո ադրբեջական կողմը 133 զինծառայողի մարմին փոխանցեց հայկական կողմին։ ԴՆԹ փորձաքննություններն ավարտված են, մարմինները նույնականացված, բայց դեռ սեփական որդիներին փնտրող ծնողներ կան»։

«Չեմ ուզում ասեմ շատ են, բայց ես իմ աչքով եմ տեսել, որ մի քանի դիեր կան։ Էսօր միջոց չեն կարում ձեռնարկեն, որպեսզի դիերին հանեն», - ասում է Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժ Ղազարյանը։

Նրա որդին էլ մնացել է Վերին Շորժայի ձորերում, երեկ բախտակից ծնողների հետ Վարդենիս է գնացել, հրամանատարների հետ զրուցել։ Հստակություն, ասում է, չկա. - «Դիերը ձորում են, նորից տեսել եմ։ Ոչ մի փոփոխություն։ Պատկերացնո՞ւմ ես, նեխած վիճակ ա... ծնողը ի՞նչ ա տանելու հուղարկավորի, չորս հատ ոսկո՞ր, մի հատ էլ շո՞ր... Տուն գնալ էլ չեմ ուզում, բոլոորը սպասողական աչքերիս են նայում»։

Վերին Շորժայի ձորերում, Ներքին Հանդի անտառներում քանի՞ զինծառայող է մնացել, անհետ կորածները քանի՞սն են. Պաշտպանության նախարարությունը, Քննչական կոմիտեն որևէ տվյալ չեն տալիս՝ թեպետ մարմինների նույնականացումն ավարտվել է, որդիներին որոնող ծնողներն էլ պաշտոնական բակերից չեն հեռանում։

XS
SM
MD
LG