Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, Բաքուն պնդում է՝ ճանապարհը շրջափակված չէ


Լաչինի միջանցքը բացելու հերթական կոչն է հնչել ԱՄՆ-ից, որին Բաքուն պատասխանել է, թե ճանապարհը շրջափակված չէ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է հեռախոսազրույց ունեցել, կոչ արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար։

Նույն հաղորդագրության մեջ նշված է, որ Բլինքենը բարձրացրել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները։

«Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում», - ասված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի մասին թվիթերյան գրառում է արել նաև ինքը՝ Բլինքենը, նշել՝ արգելափակված ճանապարհը ամեն օր խաթարում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը. «ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել այդ ջանքերին»։

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ հերքելով Լաչինի միջանցքի փակ լինելը:

Դադարեցնել հանքավայրերի «անօրինական» շահագործումը Ադրբեջանի տարածքներում, ապահովել մշտական մոնիտորինգ և ստուգումներ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ալիևն էլ այս պահանջներն է դրել։ Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միայն երկկողմ ձևաչափով և Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա։

Բլինքենը նաև Հայաստանի վարչապետի հետ էր հեռախոսազրույց ունեցել մի քանի օր առաջ:

Առաջին անգամ չէ, որ Միացյալ Նահանգները հորդորում է վերաբացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս 44 օրերին նաև ԵՄ-ն է նմանատիպ կոչեր արել, ՄԱԿԻ-ի Անվտանգության խորհրդի անդամները, դրանց թվում Ռուսաստանը, տարբեր միջազգային կառույցներ են պահանջել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, նաև՝ ընդունած բանաձևերով, բայց Բաքուն տեղի չի տալիս։

Կոչերը դժվար թե ազդեցություն ունենան, կարծում է քաղաքական վերլուծաբանը

Կոչերը դժվար թե ազդեցություն ունենան, Հայաստանի կարողություններն է պետք ավելացել, կարծում է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը։

«Անգամ ամենակոշտ հայտարարությունները լավագույն դեպքում կազդեն, օրինակի համար, գազի կամ հոսանքի անխափան աշխատանքի վրա, բայց ճանապարհը բացելու վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Ըստ իս, լավագույն տարբերակը, որը կստիպի Ադրբեջանին փոխելու իր քաղաքականությունը, դա երկկողմ աշխատանքն է Հայաստանի Հանրապետության հետ՝ Հայաստանի Հանրապետության կարողությունների ավելացման ուղղությամբ: Առաջին հերթին խոսքը գնում է, իհարկե, ինքնապաշտպանական կարողությունների մասին: Այս ուղղությամբ խիստ մակերեսային քայլ որպես կարելի է գնահատել եվրոպական դիտորդական առաքելության բացազատումը Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով», - ասաց Քոչինյանը:

Կոչեր+գործողություններ. Փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է՝ միջազգային հանրությունն միայն այսպես կարող է Ադրբեջանին ճնշել։

«Տարբերակները կան պատժամիջոցների կիրառման, եթե այդ ճանապարհով չի գնում, մյուս ռիսկը, որ Ադրբեջանը կտեսնի, դա հնարավոր հումանիտար միջանցքի բացումն է: Այսինքն՝ եթե ինքը հասկանա, որ միջազգային թռիչքներ են սկսվելու Ստեփանակերտ, ապա դա կարևոր գործուն է, որպեսզի Ադրբեջանը գիտակցի, որ չի կարող ճանապարհն այսպես փակել», - նշեց Հայրապետյանը:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ Բլինքենի կոչը կարճաժամկետ հեռանկարում ազդեցություն չի ունենա, Ադրբեջանը հարցը փորձում է լուծել Հայաստանից զիջումներ կորզելու միջոցով։

«Արցախը որոշեց Կաշենի հանքավայրի շահագործումը դադարեցնել, բայց դա որևէ կերպ Ադրբեջանի դիրքորոշման վրա չազդեց: Այսինքն՝ նրանց պահանջածը Հայաստանից է և ոչ թե Արցախից: Եթե Ադրբեջանը բացահայտորեն փորձում է մեզանից զիջումներ կորզել, այդ դեպքում բանակցություններից խուսափելն այդ պատրվակով ամենաճիշտ լուծումը չէ, որովհետև դա նշանակում է չտեսնելու տալ հարցը և ոչ թե գնալ այդ հարցի լուծման ճանապարհով», - ընդգծեց Բաղդասարյանը:

Բլինքենին այսօր որոշեց արձագանքել Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը, թե Մոսկվան շարունակում է չափազանց քրտնաջան և բարդ աշխատանքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Թե ինչի շուրջ է Մոսկվան այդքան քրտնաջան աշխատում, Պեսկովը չհստակեցրեց։

XS
SM
MD
LG