Մատչելիության հղումներ

Հայատանի և Բելգիայի ԱԳ նախարարները կարևորել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը 


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ու Լահբիբը կարևորել են երեկ ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

ԵՄ խորհուրդը երեկ համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Ըստ ԵՄ-ի՝ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր հիմունքների վրա պարեկություն կիրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին, նաև կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին։ Առաքելությանը երկու տարվա մանդատ է տրված։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Օրակարգում նաև երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորություններն էին։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։

Նախարարը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նիստին, կհանդիպի նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Արտգործնախարարն արդեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի հետ։

XS
SM
MD
LG