Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժի կողմից հայ գերիների սպանության տեսանյութի իսկությունը պարզված է, այն նոր է. ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյան, արխիվ

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածված՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութի իսկությունն այս պահին պարզվել է. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ», - ընդգծում է Քրիստիննե Գրիգորյանը:

«Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում», - հայտարարում է օմբուդսմենը:

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

«Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում», - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG