Մատչելիության հղումներ

Հրդեհի հետևանքով վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակն անփոփոխ է՝ կայուն ծանր


22 հոգանոց անձնակազմից՝ զոհված 15 զինվորների գենետիկ փորձաքննություններն են այսօր սկսել Հերացու դատաբժշկական կենտրոնում, տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Ողբերգական հրդեհից հետո մարմիններն անճանաչելի են, Պաշտպանության նախարարությունը զոհվածների պաշտոնական ցանկը կհրապարակի նույնականացումից հետո միայն:

Երեք վիրավորներ Այրվածքաբանության կենտրոնում են, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում, շնչուղիների այրվածքներով, ըստ նախնական տվյալների՝ վառարանը թեժացնել փորձած սպա Եղիշե Հակոբյանն ու ժամկետային Լյովա Խառատյանը։

«Երկուսն էլ կայուն ծանր են, գտնվում են անընդհատ հսկողության մեջ, մեկ հիվանդը անցել ենք արհեստական շնչառության ապարատին, դա արդեն նախատեսվում է, որովհետև եթե այտուցներ կան, պիտի անցնեինք», - ներկայացրեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Շնչառական սարքին միացվել է ժամկետային զինծառայողը, սակայն Կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանն ասում է՝ սա չի նշանակում, թե նրա վիճակը վատթարացել է, հենց շնչուղիների այտուցները նստեն, սարքը կհեռացվի: Ընդհանուր առմամբ՝ հիվանդների վիճակն անփոփոխ է:

«Այրվածքների դեպքում մենք 2-3 օրում փոփոխություն ունենանք առողջական վիճակի, անցնում է որոշակի ժամանակ՝ 4-5 օր, հետո նորից 7-8 օր, որ արդեն որոշակի տեղաշարժ է լինում», - նշեց Բաբայանը:

Լուսանկարում ինժեներասակրավորային վաշտի զինվորներն են Ամանորը դիմավորում Ազատ գյուղի առաջին փողոցի 20-րդ տանը, որ պաշտոնապես անվանում են N զորամասի կացարան։

Տոնական այս նկարում Լյովան պատի մեծ նկարի տակ է կանգնած։ Մեկ տարվա զինծառայող է։ Անմայր է մեծացել, տատիկներն են նրան խնամել ու այսօր հիվանդանոցում էին՝ մյուս հարազատների հետ։ Եղբայրներն ասում էին՝ հավեսով բանակ է գնացել, հավեսով ծառայել՝ ինչպես իրենք. «Մեզնից ով գնացել ա, հավեսով, սիրով ա գնացել»:​

Ողբերգության գիշերը Լյովան օրապահ է եղել՝ դրսում, բռնկումը տեսնելով դեպի հրդեհի օջախն է նետվել, օգնելու զինակիցներին ու խորը այրվածքներ ստացել, պատմեցին հարազատները, որ միայն լավ լուրի են սպասում վերակենդանացման բաժանմունքից:

Լուսանկարում ձախից չորրորդը մուգ գլխարկով Գարուշ Սարգսյանն է՝ երրորդ վիրավորը, նա հիվանդասենյակում է, ոտքերն են այրվել, վիրակապված են: Գարուշը հրդեհի պահին կացարանի վանդակաճաղերի արանքից գլուխը դուրս է հանել՝ օդ շնչելու, չխեղդվելու համար։ Փոքրամարմին է, նրան կարողացել են դուրս ձգել ճաղերի արանքից, փրկել:

Այսօր վիրավոր զինակիցներից մի լուր իմանալու համար Այրվածքաբանական կենտրոն էր եկել մի զինվոր՝ միակն այս վաշտից, որ արձակուրդում է եղել: Արձակուրդն ավարտվել է՝ չգիտի ուր և ում մոտ գնա։

XS
SM
MD
LG