Մատչելիության հղումներ

Կրակի արագ տարածման հետևանքով զինվորները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել


Քննչական կոմիտեն Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի և 15 զինծառայողների մահվան մասին որոշ մանրամասներ է հրապարակել։

Ըստ նախնական տվյալների, զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից է տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում, մինչդեռ երեկ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրայինի եթերում ասել էր, թե զինվորները այնտեղ էին տեղակայվել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից, քանի որ նրանց զորամասը պայթեցվել էր։

Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տունը ջեռուցվել է նախասրահում տեղադրված փայտի վառարանով։

Հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է այդ կացարանում։ Նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմն, ավարտելով իրեն հանձնարարված աշխատանքները, վերադարձել է կացարան և ժամը 21։30-ից սկսած պառկել է քնելու։

Հունվարի 19-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը եղել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։

Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը, ինչպես կոմիտեն է նշում, հերթապահ զինծառայողից հարցրել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Ըստ իրավապահների՝ այս հանգամանքը փաստվում է վկաների տված ցուցմունքով, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Երեկ դեպքի վայրում, սակայն, դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե կացարանում բենզին չի եղել։

Ըստ հաղորդագրության՝ վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի բենզինով լի տարան նետել է մի կողմ։ Այն ընկել է կացարանի մեջ, ապա այդ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։

Կոմիտեն տեղեկացնում է, որ դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի հետևանքով պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, ինչի հետևանքով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։

Քննչականի հաղորդագրությունում ոչինչ նշված չէ կացարանի լուսամուտների ճաղավանդակների մասին

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր միջոցները նաև հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարույթի շրջանակում լիարժեք ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել և չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհի հետևանքով ​զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։

Կրակը մարելուց շատ չանցած հրապարակված պաշտոնական միակ վարկածը, թե հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով, իրավապաշտպանները, ընդդիմադիրները կասկածի տակ դրեցին։

XS
SM
MD
LG