Մատչելիության հղումներ

Կես տարի առաջ դարձյալ հրդեհի զոհ դարձած զինվորի ծնողները դեռ պատասխանների են սպասում


Գալյա Այվազյան, բանակում հրդեհի հետևանքով մահացած Պալյան Պողոսյանի մայրը
Գալյա Այվազյան, բանակում հրդեհի հետևանքով մահացած Պալյան Պողոսյանի մայրը

15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի լուրը առավոտից տակնուվրա էր արել ազատանցի Պողոսյաններին, թարմացրել որդեկորույս ծնողների վիշտը։ Ջիվանի ու Գալյայի զինվոր որդին էլ էր անցած տարի հրդեհի զոհ դարձել։

«Էսօր առավոտյան ես լսել եմ էդ բոթը, նույնը վերապրել եմ, ինչը որ ես Պալյանիս դեպքի օրն եմ լսել։ Էլի նույն ժամին երեխեքը քնած, ես որ բարձրաձայնում էի էս ամեն ինչը, նկատի ունեի էս հետևանքները», - ասում է Պալյան Պողոսյանի մայրը։

«Ելույթ են ունենում, էդ իրանց շտաբի պետեր են ազատում գործից... ըդոնք ի՞նչ եղանակ եմ փոխում։ Դուք կազմակերպվեք ձեր բանակը ըսպես դեպքեր չկրկնվի։ Ձեր անփությույունները, ձեր... էս ամեին ինչը իրանց մեղքով է։ Պաշտոնից ազատումը հարցի լուծում չէ, պատասխանատուները պտի պատասխան տան էս ամեն ինչի համար։ Էս ամեն մի էրեխեմ մի հատըմ տան ջրագ է», - հավելում է որդեկորույս հայրը։

Անցած հուլիսին Սյունիքի մարտական դիրքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ծանր այրվածքներ ստացած ու 10 օր անց հիվանդանոցում մահացած Պալյան Պողոսյանի ծնողներն ասում են՝ եթե իրենց որդու մահից հետո որևէ մեկը պատասխանատվություն կրեր, գուցեև այսօր 15 զինվորները չզոհվեին։

«Եթե ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվեր, կարծում եմ, մնացածները զգոն կլինեին, զգաստ կլինեին, սթափ կմտածեին։ Էն որ պտի քնեին, կարող է և չքնեին... արթուն հերթափոխն իրավունք չունի քնելու, որի մյուսի թեթև ձեռքով էսքան տուն քանդեն», - նշում է Գալյա Պողոսյանը։

19-ամյա զինվորի մահից կես տարի է անցել, բայց ծնողներն ընթացող նախաքննությունից տեղեկություն չունեն։ Ասել են՝ սպասում են դատաբժշկական փորձաքննությունը։

«6 ամիս անցել է, ոչ մի տեղեկություն չունինք։ Ու մշտական գործը ինչ-խոր ուզենեն քնցնեն, էսօր, էգուց, էս շաբաթ, մյուս շաբաթ... կոնկրետ պատասխան չենք տեսնում իրանցից», - դժգոհում է հայրը։

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե նախաքննությունը ինչ փուլում է։ Նոր մանրամասներ չհայտնեցին, բայց դեկտեմբերին «Ազատության» հարցմանը պատասխանել էին, թե նախաքննությունը շարունակվում է, որոշում է կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռ չէին ստացել։

Մայրը՝ տիկին Գալյան ասում է, որ իրենց հասած տեղեկություններով, որդու դիրքում էլ է բենզին օգտագործվել վառարանը վառելու համար. - «Տեղեկություն ունեմ, որ Պալյանիս դիրքում էլ է բենզին օգտագործվել, որը հմտորեն թաքցնում են չաշխատող ուազիկից բենզին են քաշել ու լցրել վառարանի մեջ։ Հակառակ դեպքում էդ աստիճանի այրվածքներ չէր ունենա իմ որդին»։

Ծնողները նաև ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարարի հետ։ 6 ամիս է, այդ հանդիպումը չի ստացվում. - «Ես իրան հարցեր ունիմ, թող ինքը իմ հարցերին պատասխանե։ Կոնկրետ պատասխան տան... հավի ձագ չի եղե իմ երեխես, որ էս վիճակին եք հասցրել։ 6 ամիս անցել է, ծնողներին մի հատ կոնկրետ պատասխան չեք տալիս, թե ինչուց է եղել էս ամեն ինչը»։

Ծնողները նաև վստահ են, որ եթե ժամանակին բուժօգնություն ցուցաբերին, իրենց մինուճար որդին ողջ կլիներ։ Պալյան Պողոսյանը մարտի 3-ին պետք է զորացրվեր։

XS
SM
MD
LG