Մատչելիության հղումներ

Արևմտյան մամուլը շարունակում է անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերություններին


«Ադրբեջանն օգտվում է բրիտանական BTP+Advisers PR ընկերության ծառայություններից՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի արգելափակումը որպես բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիա ներկայացնելու համար», - գրում է Բրյուսելում գործող EU Observer-ը՝ նշելով, որ օրերս լոնդոնյան ընկերությունը փորձել է այս հարցում Բաքվի պաշտոնական տեսակետը ներկայացնող մի հոդված տեղադրել իրենց կայքում, ինչպես նաև National Interest պարբերականում։

Այդ հոդվածն, ըստ EU Observer-ի, ստորագրված պետք է լիներ բնապահպանական հարցերով զբաղվող ամենահայտնի ավստրալացի գիտնականներից մեկի՝ «Ջեյմս Քուք» համալսարանի պրոֆեսոր Բիլ Լոուրենսի կողմից։ EU Observery-ը հոդվածը հրահրիչ է բնութագրում, նշելով, որ լրատվամիջոցը ի սկզբանե հրաժարվել է հրապարակել այն։ Natioanl Interest-ը պատրաստ էր այն հրապարակել, սակայն վերջին պահին ավստրալացի գիտնականը պահանջել է հեռացնել իր անունը։

«Ես հարցրեցի BTP+Advisers ընկերության ներկայացուցիչներին արդյոք իրենք այս հարցում որևէ ֆինանսական շահագրգռություն ունեն և նրանք ինձ պատասխանեցին, թե աշխատում են Ադրբեջանի կառավարության համար։ Այնպես որ, եթե այդ հոդվածը, այնուամենայնիվ, լույս տեսնի՝ իմ անունը դրա տակ չի լինելու», - EU Observer-ի հետ զրույցում նշել է ավստրալացի գիտնականը։

Հրապարակումը, որ փորձում էր վերագրվել Բիլ Լոուրենսին պետք է արևմտյան ընթերցողին համոզեր, թե Գորիս- Ստեփանակերտ ճանապարհի արգելափակումը բացառապես բնապահպանական դրդապատճառներ ունի և մայրուղին արգելափակած ադրբեջանցիները բողոքում են հայերի կողմից Ղարաբաղում հանքերի անօրինական շահագործման և դրա ծանր էկոլոգիական հետևանքների դեմ։

«Իրական համարձակություն պետք է ունենալ հանուն ճիշտ գործի ոտքի ելնելու համար։ Բողոքի գործողության մասնակիցները մեր աջակցության կարիքն ունեն», - Ադրբեջանի կողմից վարձատրվող բրիտանական PR ընկերության կողմից տարածվող հոդվածից նման մեջբերում է անում EU Observer-ը՝ նշելով, թե հրապարակումը միտված էր նաև այնպիսի տպավորության ստեղծել, թե իբր Ադրբեջանում հնարավոր է ինքնաբուխ բնապահպանական շարժումների գոյությունը։

«Իրական բնապահպաններին, սակայն, ինչպիսին է, օրինակ, Greenpeace կազմակերպությունը, Ալիևի վարչակազմը հայտնի է ծովի մակերեսին լողացող նավթի հետքերով, Բաքվում այրվող աղբի կույտերով և խմելու համար անպիտան ջրով», - գրում է ЕU Observer-ը։

«Սրացումները, որոնք պատերազմի չեն վերածվի, շատ հավանական են»

«Այս տարի [Հայաստանի և Ադրբեջանի միջև] բռնության ավելի մեծ ծավալներ ակնկալելու բոլոր պատճառներն առկա են», - գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում նշում է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող ամենահայտնի բրիտանացի փորձագետներից մեկը՝ Լոուրենս Բրոերսը։

Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի վարկը խաթարված է, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին՝ «կասկածի տակ առնել Ռուսաստանի կողմից հաստատված խաղաղությանը»։

«Վարչակազմի անվտանգությունը Ադրբեջանում բարձրագույն արժեք է և Ալիևի ռազմավարությունը ելնում է նրանից, թե ինչն է առավել անվտանգ իր վարչակազմի համար։ 2020-ի նոյեմբերին կնքված հրադադարից երկու տարի անց մենք տեսնում ենք, որ Բաքվի գլխավոր ձեռքբերումը, որ պետք է փոխհատուցեր ռուսաստանցի խաղաղապահների մուտքը [տարածաշրջան] կյանքի չի կոչվել։ Խոսքը Հայաստանով անցնող տարանցիկ երթուղու մասին է։ Դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ Բաքուն հարկ կհամարի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա։ Եվ պարտադիր չէ, որ իմ ակնկալածը երկու պետությունների միջև լայնածավալ պատերազմ լինի։ Բայց սրացումները, որոնք պատերազմի չեն վերածվի, շատ հավանական են», - Spiegel-ի հետ զրույցում նշում է Բրոերսը։

Անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին՝ բրիտանացի վերլուծաբանը նմանություններ է տեսնում Մոսկվայի և Բաքվի հռետորաբանության միջև։

«Մենք կարող ենք զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի՝ արհեստածին ազգ լինելու վերաբերյալ ռուսական և Հայաստանի՝ կեղծ պատմություն ունեցող երկրի վերաբերյալ ադրբեջանական տեսությունների միջև։ Այս հանգամանքը հայ-ադրբեջանական հակամարտությունը գոյաբանական մակարդակ է տեղափոխում, երբ կասկածի տակ է դրվում հակամարտության կողմերի գոյության պատմական վկայությունների իսկությունը։ Այս պայմաններում շատ դժվար է խոսել այն փոխզիջումների մասին, որոնք պետք է խաղաղ համաձայնագրի հիմք հանդիսանան», - նշում է Բրոերսը։

Politico-ն մանրամասներ է ներկայացնում Հայաստան ուղարկվող ԵՄ դիտորդական առաքելության մասին

Politico հանդեսը մանրամասներ է ներկայացնում Հայաստան ուղարկվող ԵՄ դիտորդական առաքելության մասին։

«Երևանյան իշխանությունների հետ փոխըմբռնում կար առ այն, որ [ԵՄ առաքելության] նորացված ներկայության պահանջ կա, քանի որ նախորդ խումբը շատ փոքր էր», - պարբերականի հետ զրույցում նշել է ԵՄ պաշտոնյաներից մեկը՝ տեղեկացնելով, որ դիտորդական նոր առաքելության անդամների թիվը կարող է հասնել հարյուրի։

Դրա հետ մեկտեղ եվրոպացի պաշտոնյան նշել է, որ Հայաստանում տեղակայվող առաքելության գլխավոր խնդիրներից մեկը տեղում ռուսների հետ հարաբերությունների հստակեցումն է։

«Ռուսական ФСБ-ն Հայաստանում ամենուր է։ Մի քանի դեպքեր են արձանագրվել, երբ մեր դիտորդներին ռուսաստանցի սահմանապահները հետ են ուղարկել, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ նրանց ուղեկցում էին Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Սա մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ դա Հայաստանի տարածքն է», - Politico-ի հետ զրույցում նշել է եվրոպացի պաշտոնյան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG