Մատչելիության հղումներ

Ով չի ցանկանում մեր քաղաքացին լինել, Լաչինի ճանապարհը բաց է. Ալիև


Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման մեկնարկից գրեթե մեկ ամիս անց Իլհամ Ալիևը թափանցիկորեն ակնարկում է՝ Ղարաբաղում բնակվող հայերը կա՛մ պետք է լքեն երկրամասը, կա՛մ էլ ադրբեջանական քաղաքացիություն ընդունեն։ Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարեց երեքշաբթի երեկոյան՝ երկրի առաջատար հեռուստաալիքների եթերում հեռարձակված հարցազրույցում։

«Ով չի ցանկանում մեր քաղաքացին լինել, [Լաչինի] ճանապարհը փակ չէ, բաց է», - ժպիտը դեմքին ասաց Ադրբեջանի նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին պնդումները «անամոթություն» անվանելով։

Երեկվա հարցազրույցում Ալիևը նաև պնդեց, թե «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ անգամ պատերազմելու պլաններ չունի»։

«Մեզ նման մեղադրանք ներկայացնողները կա՛մ հայկական քարոզչության զոհ են դարձել, կա՛մ էլ կրկին ցանկանում են մեր դեմ ֆեյքային, զրպարտչական արշավ վարել», - լրագրողների հետ զրույցում ասաց Ալիևը։

Ավելի քան երեք ժամ շարունակված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև որոշ մանրամասներ պատմեց հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած բանակցությունների մասին։

«Այդ հանդիպման ընթացքում ես մի պահ մտածեցի, որ Հայաստանն ու Ֆրանսիան մի թիմում են, մենք՝ մեկ ուրիշ թիմում, իսկ Շառլ Միշելը դատավորն է», - պատկերավոր նկարագրեց Ալիևը։

Չնայած այս զգացողությանը, Ալիևը պրահյան բանակցությունների արդյունքները ակնհայտորեն դրական է գնահատում, նշելով, որ հոկտեմբերի վեցին ստորագրված փաստաթղթով Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս է ճանաչել։

«Հայաստանը պետք է որոշում ընդունի և, ըստ էության, արձանագրի այն, ինչ նրանք ընդունել են անցած տարվա հոկտեմբերին նախ Պրահայում, ապա նաև Սոչիում։ Տարածքային ամբողջականությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին արված հղումը առավել քան հստակ ասում է, որ [հայերը] ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա մեր հաջողությունն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- պնդեց Ալիևը։

Խոսելով խաղաղ համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին՝ Ալիևը նշեց, թե 2023-ը Հայաստանի համար նման փաստաթուղթ ստորագրելու վերջին շանսն է։

«Մենք երկար կարող ենք առանց խաղաղ պայմանագրի յոլա գնալ, մեզ այն այնքան էլ պետք չէ։ Բայց տեսնենք, թե հետո ինչ է լինելու։ Ես չեմ ցանկանում ճնշում գործադրողի տպավորություն թողնել, ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ, ըստ իս, այս տարի խաղաղ համաձայնագիր ստորագրելու վերջին շանսն է։ Հետո կգա 2024 թվականը, իսկ 2025-ին ավարտին կմոտենա ռուս խաղաղապահների առաքելությունը», - շեշտեց Ադրբեջանի նախագահը՝ նշելով նաև, որ հայկական կողմը ամեն կերպ ցանկանում է Ղարաբաղի հարցը ընդգրկել խաղաղ համաձայնագրի տեքստում։

Պնդելով, թե Երևանն ամեն կերպ ժամանակ է ձգում խաղաղ պայմանագրի կնքման հարցում՝ Ալիևը նաև ենթադրեց, թե Հայաստանը «աշխարհաքաղաքական ինչ-որ փոփոխությունների է սպասում, ինչ-որ մեկից տրված խոստումների կատարմանը»։

Դե իսկ հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի կարևորագույն կողմերից մեկն էլ, ըստ Ադրբեջանի նախագահի, երկու պետությունների միջև սահմանի հստակեցումն է։

«Եթե [հայերը] սահմանների դելիմիտացիա չեն ուզում, այդ դեպքում սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք հարկ համարենք», -հայտարարեց Ալիևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG