Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմս»-ն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին


Էկոակտիվիստներ ներկայացող Ադրբեջանցիները փակել են լաչինի միջանցքը
Էկոակտիվիստներ ներկայացող Ադրբեջանցիները փակել են լաչինի միջանցքը

Հայ-ադրբեջանական նորացվող հակամարտությունն ընդգծում է Ռուսաստանի նվազող ազդեցությունը։ 2020-ին Ռուսաստանը օգնեց դադարեցնելու պատերազմը և նրա զորքերը վերահսկեցին հրադադարը, բայց երբ Կովկասում նոր ճգնաժամ է թեժանում, Ուկրաինայով տարված ու թուլացած Մոսկվան արդեն չի միջամտում, այսօրվա համարում գրում է «Նյու Յորք Թայմս»-ը, որը հայ-ադրբեջանական վերջին զարգացումների թեմայով զրուցել է կողմերի փորձագետների ու անկախ վերլուծաբանների հետ։

2020-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև դադարեցվեց պատերազմն ու 2 հազար ռուսաստանցի խաղաղապահներ տեղակայվեցին կողմերի միջև, դա թվում էր վարպետորեն արված ռազմավարական քայլ։ Այդ գործարքը Ռուսաստանին հնարավորություն տվեց ռազմական ներկայություն ունենալ հետխորհրդային մի երկրում՝ Ադրբեջանում, ուժեղացնել մյուսի՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, որպես անվտանգության երաշխավորի։ Հնարավորություն տվեց, որ Պուտինը խաղաղարար դիրքից հանդես գա և ասես հաստատեց Ռուսաստանի օրինական ազդեցության նրա հավակնությունները՝ որպես միակ գերտերության, որը կարող է կայունություն պահպանել հետխորհրդային ամբողջ տարածքում։ Բայց չնայած երկու տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը նորից թեժացավ և Ռուսաստանը, որը թուլացել է Ուկրաինայի դեմ պատերազմում, արդեն չի միջամտում։

Արհամարհելով ռուսական ներկայությունը, ադրբեջանցիները ստուգում են, թե արդյո՞ք Մոսկվան ունակ է և կարող է իր կամքը թելադրել ավելի փոքր հարևաններին՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, պնդելով, թե բողոքում են օգտակար հանածոների անօրինական շահագործման դեմ այդ տարածքում։ Ադրբեջանի կառավարությունը սատարում է նրանց, հայերն ասում են, որ դա Ադրբեջանի կազմակերպած ակցիան է և քննադատում են ռուս խաղաղապահներին ճանապարհը չբացելու համար։

Հայաստանը Ռուսաստանի գլխավորած վեց երկրների ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ է, որի տարածքում ռուսական ռազմակայան կա տեղակայված, բայց մինչև հիմա Կրեմլը որևէ գործողության չի դիմել իր դաշնակցին օգնելու համար։

Ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբան Ֆարհադ Մամադովը «Նյու Յորք Թայմս»-ին ասել է․ - «Կարելի է տեսնել, որ Ռուսաստանի ռեսուրսները տարածաշրջանում սահմանափակվում են։ Ռուսաստանը թուլանում է»։

Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահան Կոստանյանը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը Ուկրաինայի վրա կենտրոնացնելը, տարածաշրջանում իրավիճակը դարձնում է ավելի փխրուն և Ադրբեջանին նոր հնարավորություն տալիս ուժ կիրառելու և ավելի ագրեսիվ լինելու համար։

«Սա նրա համար է, որ մենք լքենք մեր հայրենիքը: Դա է նրանց նպատակը», - «Նյու Յորք Թայմս»-ին Ղարաբաղից ասել է լրագրող Տաթև Ազիզյանը։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել էր, որ ով չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, ճանապարհը բաց է, երբ ուզեն կարող են հեռանալ։

Բաքվում ճգնաժամային խմբի փորձագետ Զաուր Շիրիևն ասել է, որ Ռուսաստանի ազդեցությունը երկու երկրներում էլ նվազում է. - «Ուկրաինա ներխուժումը Ադրբեջանում հասարակական կարծիքը շրջել է Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորախմբի դեմ»։

Հայաստանում, նրա կարծիքով, ռուսական ռազմական աջակցությունը քիչ հավանական է, քանի որ Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի Ուկրաինայում։ «Պուտինը նաև սերտ կապեր է պահպանում Թուրքիայի հետ, որը Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է»,- նշել է նա։

Հայաստանցի փորձագետ Տիգրան Գրիգորյանն ասել է, որ ուկրաինական պատերազմը այնպիսի միջավայր է ստեղծել, որտեղ Ռուսաստանի զսպող միջոցները տարածաշրջանում չեն աշխատում։

«Նյու Յորք Թայմս»-ը նշում է, որ այնքան էլ հստակ չէ, թե ինչպես է հնարավոր կարգավորել առկա ճգնաժամը։

«Ոչ ոք չի հասկանում, թե ինչու Ռուսաստանը չի կարողանում բացել ճանապարհը: Մարդիկ սկսել են զայրանալ և իրենց վրդովմունքը արտահայտել խաղաղապահների նկատմամբ»,- Ղարաբաղից ասել է Ազիզյանը։

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Հայաստանում պլանավորած ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները։ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», - հայտարարել էր Փաշինյանը։

Բայց վերլուծաբանները քիչ հավանական են համարում, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է դուրս գալ Ռուսաստանի կախվածությունից։

«Հայաստանը ռազմավարական հսկայական խնդիր ունի, պարոն Փաշինյանը կցանկանար ավելի շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սակայն նա դեռ կառչած է Ռուսաստանից՝ որպես հիմնական ռազմա-քաղաքական դաշնակցի», - ասել է Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմ դը Վաալը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG