Մատչելիության հղումներ

Այս իրավիճակից ելքը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսությունն է. Վահրամ Աթանեսյան


Այս իրավիճակից ելքը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսությունն է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, արցախցի հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Աթանեսյան, Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այսքան ձգվում շրջափակումը, այդ ի՞նչ է ուզում Ադրբեջանը, որ չի ստանում:

Աթանեսյան. - Ադրբեջանը լուծում է ռազմաքաղաքական նշանակության կարևորագույն հարց, այսինքն, չպետք է այսպես բռնազավթումների կամ թեական պետությունների գերի լինել: Խնդիրը դրված է շատ պարզ՝ կա՛մ Արցախը ենթարկվում է Ադրբեջանին, կա՛մ չի ենթարկվում, և ընտրվել է ամենաանմարդկային, բարբարոսական տարբերակը: Այսինքն՝ սովամահության դատապարտել և ստիպել, որ հացի գնի դիմաց Արցախն ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը:

«Ազատություն». - Այսինքն՝ նույնիսկ անիմաստ է հարցնել, որ օրինակ՝ ինչպես Սարսանգի ջրամբարի դեպքում այդ մշտադիտարկումը աշխատեց, հիմա էլ գուցե կարելի է թույլ տալ ադրբեջանցիներին գալ, նայել այդ հանքերը և գուցե աշխատի՞ դա:

Աթանեսյան. - Այստեղ գործ ունենք տարբեր իրավիճակների հետ, երբ Սարսանգում անցկացվում էր մշտադիտարկում, Ստեփանակերտում այլ իշխանություն էր և քաղաքական կոնինգտուրան այնպիսին էր, որ չպետք է կամ իմաստ չունի, այս պահի դրությամբ ժամանակավրեպ է հրապարակայնացնել այն, ինչ որ այսբերգի չերևացող մասն է: Այսօր Արցախում այլ իշխանություն է, այլ քաղաքական իրավիճակ է, որն Ադրբեջանն օգտագործում է՝ նրբաքողարկելով իր բուն նպատակը:

Այսօր ադրբեջանական կողմը խնդիր է դնում, որ եթե Արցախում Ռուբեն Վարդանյանը պետական նախարար չլինի, ապա հնարավոր է ինչ-որ երկխոսություն կամ չգիտեմ, ինչ-որ հարցերի կարգավորում, դա չի նշանակում, թե մինչ այդ Ադրբեջանը չի ունեցել Արցախը լիովին իր տիրապետության տակ վերցնելու նպատակ: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի պահանջը, որ Ռուբեն Վարդանյանը չպետք է լինի Արցախի պետական նախարար, ինչ-որ ձևով կանխորոշելու է Արցախ-Ադրբեջան հետագա հարաբերությունները, միևնույն է՝ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ լիովին, ամբողջապես սահմանադրական, իրենց տերմինալոգիայով արտահայտած, վերահսկողություն հաստատել Արցախի նկատմամբ: Ժամանակ է, որպեսզի մենք իրականությունը ներկայացնենք այնպես, ինչպես այն կա:

«Ազատություն». - Այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ լուծում եք տեսնում:

Աթանեսյան. - Այս իրավիճակից դուրս գալու ելքն Ադրբեջանի հետ երկխոսությունն է, որը պետք է սկսվեր 2020 թվականի նոյեմբերի 11-ից, այսինքն, զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո: Եթե մենք նայում ենք, թե Ստեփանակերտում անցած երկու տարում ինչ է կատարվել, ապա այսօր Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն, մեղմ ասած, հասկանալի է դառնում, որովհետև հիշեք անցյալ տարվա հունվարին Ստեփանակերտում քաղաքական ինչ գործընթաց մեկնարկեց՝ օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու, դեօկուպացիայի, ստեղծվեցին «Դեպի Շուշի», «Հադրութի դեօկուպացիա» և այլ հասարակական կազմակերպություններ, որոնք գերենացնում էին ազգային ազատագրական զինված պայքարով նախկին ստատուս քվոն վերականգնելու խնդիր: Մենք ժամանակին զգուշացնում էին, հորդորում էինք, խնդրում էինք, խորհուրդ էինք տալիս, որ չպետք է կրակի հետ խաղաղ, պետք է գործ ունենալ իրողությունների հետ, մեզ չէին լսում, և հաջորդեցին նաև հայտարարություններ Հայաստանի իշխանությունների հասցեին:

Անցած տարվա ապրիլի 6-ին Արցախի Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց, որ պետք է վերականգնվի 94 թվականի շփման գիծը, ստատուս քվոն, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու որևէ անհրաժեշտություն չկա և այս տրամաբանական շղթայով այսօր հայտնվել ենք այս իրավիճակում, ու այս իրավիճակից ելքը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության որոնումն է, փնտրտուքն է: Իհարկե, այսօր ավելի դժվար է լինելու, բայց պետք է ընտրել այդ ճանապարհը, որովհետև այսօր Արցախի հարցում կարմիր գիծը, որ մեկ տարի առաջ ոմանք սահմանում էին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց այսօրվա կարմիր գիծը Արցախի բնակչության անվտանգ կենսագործունեությունն է իր պատմական հայրենիքում:

XS
SM
MD
LG