Մատչելիության հղումներ

Իրավապահ համակարգը հակված է աչք փակել քաղաքացու հետ շփումներում ոստիկանական խախտումների վրա. փաստաբաններ


Մինչ իշխանությունները պարբերաբար խոսում են բարեփոխված ոստիկանության մասին, մի շարք փաստաբաններ պնդում են՝ իրավապահ համակարգը հակված է աչք փակել քաղաքացու հետ շփումներում ոստիկանների գործած խախտումների վրա։

Արամայիս Հայրապետյանը նման հինգ դեպքով է զբաղվում։ Նրա պաշտպանյալները տեսախցիկի առջև խոսել չցանկացան, բայց փաստաբանը պատմում է, որ դեպքերից մեկով նույնիսկ դատաբժշկի եզրակացություն ունեն, որ քաղաքացին վնասվածք է ստացել, ամբաստանյալի աթոռին, սակայն, միայն իր պաշտպանյալն է հայտնվել.

«Նախ սկսենք՝ դու ինչո՞ւ քաղաքացուն հրեցիր, բայց ոստիկանը վնասվածք չունի: Քաղաքացին, կա փաստ, որ վնասվածք ունի։ Պետությունը հավատում է ոստիկանին, որը արդեն ունի շահ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու շահ, բայց չի հավատում քաղաքացուն, որ բացի իր խոսքից, կա նաև մարմնական վնասվածք, որը կողմնակի ապացույց է, որ քաղաքացին չի ստում, ճիշտ է ասում», - պատմում է նա։

Մյուս գործով, ասում է, հենց քաղաքացու մեքենայում է ոստիկանը բռնություն կիրառել, տեսագրությունը կա ու էլի ոչ մի հետևանք. «Պարեկային ծառայության աշխատակիցը, օրինակ, ասում է՝ ես իրեն խնդրել եմ, ինքը նորմալ իջել է մեքենայից։ Մենք ունենք տեսագրություններ, որտեղ ոչ միայն երևում է, որ քաղաքացուն քաշում, գցում են մեքենայից, այլ նաևերևում է թե ինչպես են ձեռնաշղթա հագցնում, բայց ոստիկանությունը հերքում է, ասում է՝ ոչ ձեռնաշղթա եմ հագցրել, ոչ քաշել եմ: Ակնհայտ փաստի առկայության պայմաններում, կարծես, պետությունը կրկին չի ուզում հավատալ իր քաղաքացուն»։

Մյուս խնդիրը, որ մատնացույց է անում փաստաբանը, ոստիկանների տեսագրություններին հասանելիությունն է. պարեկները հագուստի վրա տեսանկարահանող սարք են կրում։ Հայրապետյանն ասում է՝ երբ ցանկանում են որպես ապացույց այդ տեսագրությունները գործին կցել, պարզվում է՝ դրանք չեն պահպանվում:

«Ամենաչեզոք ապացույցն են տեսագրությունները, բերեք, տեսնենք՝ ով ինչ է արել, բայց միայն այն փաստը, որ իրենք հրաժարվում են տեսագրությունները տրամադրել, արդեն իսկ կասկածելի է: Ուրեմն, այդ տեսագրության մեջ օգուտ քաղաքացու և ի վնաս ոստիկանի ինֆորմացիա կա, այլ հետևության ես չեմ կարող գալ։ Եվ մեկ կամ երդու դեպք չէ, որ ասեմ՝ պատահական է: Բոլոր դեպքերում անխտիր չեն տրամադրում տեսագրությունները», - նկատեց նա:

Նույն խնդրին է բախվել նաև փաստաբան Արտուշ Հակոբյանը։ Նա նաև պնդում է, որ ոստիկանները սկսել են բերման ենթարկելիս անհարկի արցունքաբեր գազ կիրառել. «Երբեմն նաև ոչ իրավաչափ ուժ են կիրառում բերման ենթարկելիս։ Այդ արցունքաբեր գազ կիրառելը դարձել է սովորական երևույթ: Քաղաքացիներից այդ դժգոհություններն էլ ենք հաճախակի լսում, որ հաճախ են ոստիկանության աշխատակիցները, պարեկային ծառայողները կիրառում արցունքաբեր գազ»:

Այնինչ իշխանությունները հենց պարեկային ծառայության ներդրումն են համարում ամենաակնառու բարեփոխումը ոստիկանությունում։ Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, նրանց մասնակցությամբ մի քանի միջադեպեր են գրանցվել, ընդ որում Լոռու մարզում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո գործը հարուցվել էր խոշտանգման հոդվածով։

«Խոշտանգումների ոչ թե զգալի, այլ գերակշիռ մասը դատարան չի հասնում՝ պատճառանությունը՝ հանցակազմի բացակայության հիման վրա, և ցավոք սրտի, մենք շրջանում արձանագրել ենք մեծ թվով «խոշտանգումների դեպքեր», որոնք ընդամենը քաղաքացիների կողմից ոչ հավաստի տվյալների կամ իրենց նկատմամբ որոշակի վերաբերմունքի հանդեպ դրսևորանքի արդյունք են, այսինքն՝ փորձում են այդ կերպ պաշտպանել իրենց իսկ կողմից կատարած իրավախախտման հավանականությունը, և վիճակագրությունն այստեղ միանշանակ արդեն ակնհայտ է, որ մենք շատ քիչ նվազել են, կտրուկ նվազել են խոշտանգումների թե դեպքերը, և թե դատարանով հատկապես որպես մեղավոր ճանաչված ոստիկանության ծառայողների թիվը», - շաբաթներ առաջ պնդել էր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հավալելով, որ ոստիկանական բարեփոխումները հաջողել են, բայց որոշ խնդիրներ պահպանվել են, ու դրանք շտկելու համար ժամանակ է հարկավոր:

«Ըստ էության, այդ բարեփոխումների ժամանակահատվածը բացառապես կապել 2020-2022թթ. ժամանակահատվածով, չի կարելի: Վստահաբար այն պետք է շարունակական բնույթ կրի», - նշեց նա:

Ոստիկանական բարեփոխումների դանդաղկոտությունից բողոքում են նաև քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք օրերս նույնիսկ լքեցին այդ բարեփոխումները համակարգող խորհուրդը, երբ ներքին գործերի նախարար նշանակվեց նախկին ոստիկանապետը։

Նորաստեղծ այս նախարարությունը երեք կառույց է միավորում՝ ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունն ու միգրացիայի ծառայությունը։ Քաղհասարակությունը պնդում է, թե հենց ոստիկանության ղեկավարությունն է խոչընդոտում բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարարը չի արձագանքել այս քննադատությանը։

XS
SM
MD
LG