Մատչելիության հղումներ

«Գերադասվեց հպատակ ոստիկանությունը». ՀԿ-ները լքեցին ոստիկանական բարեփոխումների խորհուրդը


Ներքին գործերի նախարարի պաշտոնում Վահե Ղազարյանի նշանակումից ժամեր անց ոստիկանական բարեփոխումները համակարգող խորհուրդը լքեցին երեք հասարակական կազմակերպությունները՝ հայտարարելով, թե արդեն նախկին ոստիկանապետը դիմադրում է համակարգի բարեփոխումներին։

48-ամյա գեներալ մայորը երեկ վարչապետի առաջարկությամբ նշանակվեց Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Միգրացիայի ծառայությունը միավորող նորաստեղծ նախարարության ղեկավար։

«Ռեֆորմը դառնալու է դեկորատիվ, մեր մասնակցությունը դեկորատիվ ռեֆորմին միայն լեգիտիմացնելու էր դեկորատիվ ռեֆորմը: Մենք կարծում էինք, որ վարչապետը չի նշանակի իր դասընկերոջը: Ոչ թե մենք հույս ունեինք, որ դա ժամանակավոր է, մենք հույս ունեինք, որ այս դիմադրությունը չի լինի Ներքին գործերի նախարարությունում և կավարտվի կամ գոնե էապես կպակասի Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ: Ինչ-որ առումով մենք մեզ հույս էինք տալիս, որ՝ լավ, էս ամեն ինչը ժամանակավոր է, հեսա Ներքին գործերի նախարարությունը կստեղծվի և նորմալ խորքային, բովանդակային ռեֆորմը կսկսի թափ հավաքել, բայց այս նշանակմամբ մեզ համար պարզ դարձավ, որ ճիշտ հակառակն է տեղի ունենալու», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Ինչո՞ւ են համոզված, որ 2020 թվականից մինչև երեկ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Ղազարյանը դեմ է ոստիկանության բարեփոխումներին, խորհուրդը լքած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե դեռ 2020-ին վարչապետի որոշմամբ ձևավորված խորհրդի աշխատանքն է դա ցույց տվել։ Բազմիցս են համոզվել, որ խնդիրների մեծ մասը լուծվում էր միայն վարչապետին տեղեկացնելուց հետո։ Այդ դեպքում ինչո՞ւ չէին բարձրաձայնում, ասում է՝ հույս ունեին, որ ոստիկանապետ Ղազարյանը նոր նախարարությունը չի գլխավորի, քաղաքացիական անձ կնշանակվի, այժմ, սակայն, ենթադրում են, որ Փաշինյանը վերջերս է միտքը փոխել։

«Ենթադրություն է, որ այդ որոշումը փոխվել է Լaչինի դեպքերից հետո, որովհետև գնահատական կա, որ կարող ենք ինչ-որ ճգնաժամային իրավիճակներ լինել և հավանաբար Նիկոլ Փաշինյանին պետք, որ ոստիկանությունը իրեն կոնֆորտ զգա և ճգնաժամային իրավիճակներում ամբողջությամբ լոյալ լինի, իսկ ռեֆորմները ոստիկանության կոնֆորտ չզգալու ճիշտ հակառակ գործողությունն են», - ընդգծեց նա:

Իոաննիսյանից բացի բարեփոխումների խորհուրդը լքել են Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վարորդի ընկեր» կազմակերպության ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը՝ հայտարարելով՝ բազմաթիվ օրինակներ ունեն, թե ինչպես է ոստիկանության ղեկավարությունը խոչընդոտում բարեփոխումներին։ Թվարկել են բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին աշխատանքից հեռացնելու փորձերը, ծանոթներին ու բարեկամներին սպայական կոչում շնորհելու, միջազգային դոնորի կողմից նվեր ստացած ծրագիրը պետական բյուջեի հաշվին նորից «գնելու» և անգամ վթարված պարեկային մեքենաների վերանորոգումները ամիսներով դիտավորյալ ձգձգելու դեպքերը: Պնդում են՝ Ղազարյանի գլխավորությամբ խորհրդային ռեժիմից եկած համակարգը չի բարեփոխվի։

«Նախ, Սովետից եկած վիճակը ենթադրում է մի շարք կոռուպցիոն հնարավորություններ. ծանոթով մարդ նշանակելու, նշանակվելու հնարավորություն՝ չունենալով արժանիքներ: Բնականաբար, ձևի հետևից ընկնելը, բովանդակություն չունենալը սովետական ավանդույթներ են», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

«Այս նշանակումներով, ըստ էության, դադարեցվում է կարելի է ասել և արձանագրվում է բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայությունը», - նշեց Արթուր Սաքունցը:

Սաքունցը բարեփոխում է համարում պարեկների համակարգի ներդրումը, բայց շեշտում է՝ շատ ավելի կարևոր ոլորտներ կան, որոնք այդպես էլ մնացին նույնը՝ օրինակ, ոստիկանության զորքերը։ Իրավապաշտպանը հիշեցնում է ամիսներ առաջ զոհված և անհետ կորած զինվորների հարազատների նկատմամբ բռնության դեպքը «Եռաբլուր»-ում:

«Գերադասվեց ունենալ հպատակ ոստիկանություն, որովհետև Փաշինյանն է ի վերջո ոստիկանապետին նշանակել ներքին գործերի նախարար, ոստիկանապետի տեղակալին ոստիկանության պետ, մարդկանց, որոնք ուղղակի պատասխանատու էին առնվազն գոնե վերջին դեպքը եթե հիշում եք, «Եռաբլուր»-ում ծնողների նկատմամբ բռնությունների փաստով, որի վերաբերյալ մենք տվեցինք հայտարարություն: Եվ հիմա, փաստորեն, ակնհայտ այդ բռնարարքների համար պատասխանատվություն կրողներին, երբ որ նշանակում ես պաշտոնի, ուրիշ այլ ենթադրության, քան որ դա է առաջնայնությունը տրվում, քան թե բարեփոխման տրամաբանությունը, չկա», - ասաց Սաքունցը:

Ոչ նորանշանակ նախարարը, ոչ էլ նրան այդ պաշտոնում առաջադրած վարչապետը դեռ չեն արձագանքել հասարակական կազմակերպությունների քննադատությանը։ Ոստիկանական բարեփոխումների խորհրդում հիմնականում պետական կառույցների ներկայացուցիչներ են ներգրավված, նրանք այսօր խուսափում էին խոսել, հրաժարվեցին նաև իշխանական պատգամավորները։

XS
SM
MD
LG