Մատչելիության հղումներ

«Ճանապարհներին չհայտարարված պատերազմ է». Ի՞նչն է պատճառը, որ գրեթե ամեն օր Հայաստանում ՃՏՊ-ներ են լինում


Ի՞նչն է պատճառը, որ գրեթե ամեն օր Հայաստանի ճանապարհներին վթարներ են լինում, որոնք հաճախ ողբերգական ավարտ են ունենում։ Ոստիկանությունը դեռ չի ամփոփել 2022 թվականը, բայց, օրինակ, 2021-ին 368 մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարից, ստացվում է՝ ամեն օր մեկ մարդ կյանքից հեռացել է ավտովթարի պատճառով։

Տարին նոր է սկսել, բայց ոստիկանությունը արդեն հասցրել է հաղորդել մոտ մեկ տասնյակ պատահարների մասին։ Վերջին ողբերգությունը երկու օր առաջ էր. Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել էին երկու ավտոմեքենա, հրդեհ էր բռնկվել, բոլոր 6 ուղևորները, այդ թվում` երկու երեխա, զոհվել էին։

«Հայաստանի ճանապարհների չհայտարարված պատերազմ է», - ասաց «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանը, որն անցած տարիներին ուսումնասիրել է վթարների վիճակագրությունը, կազմել է գրաֆիկներ, կատարել փոքր վերլուծություններ, չունի մի հարցի պատասխան՝ որոնք են գրեթե ամեն օր արձանագրվող վթարների հիմնական պատճառները՝ կանոնները խախտե՞լը, անփութությո՞ւնը, ձմռանը վատ մաքրվող ճանապարհնե՞րը, անորակ ավտոմեքենաների մեծ թի՞վը, թե՞ վատ կահավորված ճանապարհները:

«Պետությունը պետք է մտածի՝ ինչպես անի, որ դրանց թիվը նվազեցնի, ոչ թե մտածի, թե արագաչափ դնեմ, թե ինչ դնեմ: Այսինքն՝ իրենց առաջնահերթությունը շատ հաճախ եղել է՝ ճանապարհային նշաններ պատվիրենք, բերենք շարենք: Գուցե պետք է շարել, գուցե արագաչափ է պետք դնել, շատ հնարավոր է, բայց պետք է հիմնավորված լինի քո հետազորությամբ», - ընդգծեց նա:

Բարսեղյանը պաշտոնական աղբյուրներում այդպես էլ չի գտել համակարգային մի վերլուծություն վթարների պատճառների ու խնդիրների լուծման ուղիների մասին։ Անհրաժեշտ է հետազոտել, վերլուծել և բացահայտել դրանք, պնդում է նա՝ չնչին համարելով հրապարակվող վիճակագրությունն ու երթևեկության կանոնների փոփոխությունները։

«Վարչապետը զիբիլ էր հավաքում, ուզում էր ցույց տալ, որ զիբիլը պիտի հավաքվի, բայց զիբիլը լիքն է դեռ, չի հավաքվել: Խնդիրները աjդպես չեն լուծվում, խնդիրները համազգային մոբիլիզացիա են ուզում, նախևառաջ, իշխանություն, որակյալ հետազոտություն, ուսումնասիրություն, վերլուծություն, պատճառների բացահայտում, պատճառների լուծում», - նշեց «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավարը:

Բարսեղյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արագաչափերի տեղադրումից հետո վթարները շատացել են, Ճանապարհային ոստիկանության աշխատողների հետ հարցը քննարկելիս ստացել է «ավտոմեքենաների թիվն ավելացել է» պատասխանը։ Ինչպե՞ս են եկել այս եզրահանգման, չգիտի՝ որևէ հրապարակված վերլուծության չի հանդիպել։ Առնվազն 200 գործողությունից բաղկացած ծրագիր է պատկերացնում, որով հնարավոր կլինի լուծել այս խնդիրը։

«Օրինակ՝ չի՞ կարող լինել ամիս-ամսաթիվ, որից էն կողմ ձմեռային անվադող չունեցողը պիտի խիստ տուգանվի կամ էդ մեքենան չպիտի երթևեկի: Չնչին բան եմ ասում», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Ավտոճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում է՝ 2-րդ տեղում Եվրամիության և Արևելյան հարևության 33 երկրների շարքում։ Եթե տասը տարի առաջ՝ 2012 թվականին մահերի թիվը 311 էր, ապա 2021-ին այն ավելացել է 57-ով։ Եվ միայն 2021-ի 368 զոհերից 112-ը հետիոտն է եղել, նրանց մեծ մասը կյանքից հեռացել է ճանապարհը սխալ տեղից հատելու կամ տեսանելիության պակասի պատճառով վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով։

«Պատճառ մեկ՝ ճանապարհների վատ վիճակ, պատճառ երկուս՝ կահավորում, այսինքն, ճանապարհների նշագծում, նշանների պակաս, պատճառ երեք՝ վարորդներ, մեր վարորդները, երթևեկությունը անկանխատեսելի է, և պատճառ չորս՝ ոստիկանության վերահսկողություն: Ոստիկանության վերահսկողությունը այստեղ մի քիչ կարելի է ըմբռնումով մոտենալ, որովհետև հիմա նախկին ՃՈ-ն փոխարինվում է Պարեկային ծառայությունով, կան մարզեր, որտեղ արդեն Պարեկային ծառայությունն է աշխատում, բայց հիմնական ճանապարհները ոստիկանությունն է սպասարկում, բայց բավականին քիչ են», - ասաց «X դրայվ» ընկերության տնօրեն Արտաշես Ստեփանյանը:

Ստեփանյանը, որի ընկերությունը վարորդներ է պատրաստում, թվարկելով իր դիտարկումները, եզրահանգել է՝ բացի ֆինանսական տուգանքներից, կարևոր է սոցիալական արշավները կարելիների ու չի կարելիների մասին, ընդհուպ՝ խախտումն արած անձին պարտադրել կատարել հանրօգուտ աշխատանք, ինչպես արվում է այլ երկրներում։

«Սոցիալական աշխատանք, ինչպես բոլորս գիտենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ փորձը կա, ուղարկում են ճանապարհներ մաքրելու, որովհետև գումարային տուգանքը, տույժը երևում է, որ վարորդների համար քիչ է և ճանապարհատրանսպորտային պատահարները գնալով, այո, աճում են, ցավոք», - ընդգծեց ընկերության տնօրենը:

Արդյո՞ք ոստիկանությունն ունի կառավարության հաստատած ճանապարհային անվտանգության ոլորտի ռազմավարություն՝ պաշտոնական կայքէջում նման փաստաթուղթ չկա, ոստիկանությունից էլ փոխանցեցին՝ հարցին կպատասխանեն առաջիկայում։ Ամեն դեպքում, Հայաստանում որևէ մարմին հստակ գործառույթ չունի՝ պատասխանատվություն կրելու մահաբեր վթարների ավելացման դեպքում։ Հայտնի է միայն, որ համայնքային ճանապարհները կահավորվում են համայնքների բյուջեներից, որոնց գումարը երբեմն չի բավարարում լիարժեք արդյունքի համար, ասում է այս ոլորտն ուսումնասիրող Լևոն Բարսեղյանը։

XS
SM
MD
LG