Մատչելիության հղումներ

Վրաց իշխանություններն արգելել են երկիր մտնել ադրբեջանցի ընդդիմադիր գործչին


Վրաստանի իշխանությունները ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Սեյմուր Խազիին արգելել են մտնել երկիր, այս մասին քաղաքական գործիչը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Խազին Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահն է:

«Իմ մուտքը երկիր արգելվել է առանց որևէ բացատրության։ Ես լրագրող եմ, ես քննադատական դիրքորոշում ունեմ, և ես կարծում եմ, որ հենց դա է պատճառը։ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները շատ սերտ կապեր ունեն: Սա համաձայնեցված գործողություն է, այլ պատճառ չեմ տեսնում»,- գրել է ընդդիմադիր գործիչը՝ հիշեցնելով «իր գործընկեր» ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ կապված աղմկահարույց պատմության մասին։ Տարիներ առաջ Մուխթարլին Վրաստանում առևանգվել և հակառակ իր կամքին փոխանցվել է Ադրբեջանի իրավապահներին:

Պաշտոնական Թբիլիսին տեղեկատվությունն առայժմ չի մեկնաբանել։ Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները արգելել են տասնյակ ռուսաստանցի ընդդիմադիրերի ու լրագրողների մուտքը երկիր։

Սեյմուր Խազին ադրբեջանցի ամենահայտնի քաղբանտարկյալներից էր, ազատ է արձակվել 2019 թվականին։ Նրա կինը ներկայում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուի դուստրն է։ Յաղուբլուն արդեն ութ օր հացադուլի մեջ է։

XS
SM
MD
LG