Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Բաքվին կոչ է անում ազատել բանտարկված լրագրողներին


Լրագրող Աֆղան Մուխթարլին Բեռլինի օդանավակայանում,17-ը մարտի, 2020թ․

Human Rights Watch-ը ողջունել է լրագրող Աֆղան Մուխթարլիին բանտից ազատ արձակելու Ադրբեջանի իշխանության որոշումը և միաժամանակ Բաքվին կոչ է արել անհապաղ ազատել առնվազն ևս հինգ լրագրողների և բլոգերների, ովքեր ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով։

Մուխթարլին Բաքվի դատարանի որոշմամբ մարտի 17-ին ազատություն ստանալուց հետո տեղափոխվել է Բեռլին, որտեղ վերամիավորվել է կնոջ և դստեր հետ։

Նյու Յորքում տեղակայված հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Մուխթարլիի վերաբերյալ որոշումն անվանել է «հազվագյուտ լավ լուր» և հավելել, որ Ադրբեջանը նման վճիռներ պետք է կայացնի նաև «իշխանություններին հրապարակավ քննադատելու համար պատժված Փոլադ Ասլանովի, Ֆուադ Ահմադլիի, Զիա Ասադլիի, Արազ Գուլիևի և Էլչին Իսմայիլիի նկատմամբ»։

Human Rights Watch-ը Բաքվին կոչ է արել ազատել լրագրողներին և նրանց թույլ տալ «լրագրողական աշխատանքն անել ազատ և առանց անհարկի միջամտության»։

Իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ մամուլի այլ աշխատակիցներ՝ այդ թվում 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2016-ի մայիս ազատազրկված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, «շարունակում են բախվել կամայական վերաբերմունքի և տեղաշարժի անհամաչափ արգելքների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG