Մատչելիության հղումներ

Ալիևը ՀՀ-ի նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ․ ՀՀ ԱԳՆ կոչով դիմում է շահագրգիռ գործընկերներին


Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այսօր հնչեցրած մտքերը։

Ալիևն ասել է, թե «Նոր ձևավորված Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, 1918 թվականին կայացրած առաջին որոշումներից մեկով, մեր պատմական քաղաքներից մեկը՝ Երևանը նվիրեց Հայաստանին։ Դա աններելի քայլ էր, դա դավաճանություն էր և հանցագործություն»։ Նա նաև խոսել է ադրբեջանցիների՝ Սյունիք վերադարձի մասին։

Ալիևը ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով Հայաստանի ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ, հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի արտգործնախարարությունը շեշտել է՝ դրանք արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:

«Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և կոչ անում միջազգային շահագրգիռ գործընկերներին՝ հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը։

XS
SM
MD
LG