Մատչելիության հղումներ

«Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահն էլ գերի է ադրբեջանցիների ձեռքին». Դեբետ գյուղի բնակիչ


«Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահն էլ գերի է ադրբեջանցիների ձեռքին», - ասում է Լոռու մարզի Դեբետ գյուղի բնակիչ Հարություն Հարությունյանը, որ 2020-ի պատերազմից ավարտից հետո Ադրբեջանին փոխանցված Բերձորից է։

Հարությունյանը այնտեղ թողել է իր ձեռքով կառուցած երկհարկանի տունն ու բազմանդամ ընտանիքով տեղավորվել բարեգործների կառուցած տանը՝ Դեբետ գյուղում։ Ասում է՝ ինքը եկել է, բայց հարազատների ու ընկերների մի մասը մնացել է Արցախում, որ արդեն 25 օր պաշարված է ադրբեջանցիների կողմից։

«Էսօրվա դրությամբ ռուս խաղաղապահն էլ գերի, ադրբեջանցին գերի է վերցրել համ մեր արցախցիներին, մեր հարազատներին, ռուսին էլ հետը: Ոչ մի բան, աշխարհը սուս է արել», - ասաց Հարություն Հարությունյանը:

Հարևանը՝ 67-ամյա Արշալույս Գրիգորյանը, որ ժամեժամ փորձում է լուր ստանալ բլոկադայի մեջ գտնվող դստեր ընտանիքից, հույս չունի, թե խնդիրը լուծելու պարտավորություն ստանձնած Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, առավել ևս՝ հոգուտ Հայաստանի. - «Ռուսը անունով է մեզ տեր կանգնում, բայց ոչ մի անգամ էլ չի կանգնել»:

«Երկիրը խաղաղ լինի, մենք լավ կապրենք», - ասում է նույն գյուղի բնակիչ Սիրեկան Գրիգորյանը, որ առօրյա գործերի արանքին լուրերի ժամերը բաց չի թողնում՝ տեղեկանալու՝ փոխվե՞ց արդյոք մի բան Լաչինի միջանցքում։ Մինչդեռ, ասում է՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների նույն դեմքերն են, արդյունք չտվող բանակցությունների մասին՝ նույն հայտարարությունները։ Դեբեդցին ցավում է՝ հնարավոր լուծումների մասին իշխանավորների ելույթներում էլ ոչինչ չի լսում։

«Էս րոպեին բլոկադա արած մարդկանց սովամահ են անում, խաղաղ զորքը կանգնած հաշվի չեն առնում: Հիվանդների տեղ չկա, ո՞վ է պատասխանատու դրա համար, ուժեղն է պատասխանատու, իրեն էլ հարմար չի: Առհասարակ հարց ենք տալիս՝ եթե էսօր Ռուսաստանը, հենց Պուտինը, արտաքին գործերի նախարարը ուզենան, չեն կարա ասե՞ն ճանապարհը բացեք, ուրեմն իրենց կամ է», - նշեց Գրիգորյանը:

Ադրբեջանին անցած Բերձորում ծնված ու մեծացած 19-ամյա Անահիտ Հարությունյանը տան մեծերի քաղաքական քննարկումներին քիչ է մասնակցում։ Ականջի ծայրով լսում ու իր ոչ քաղաքական եզրահանգումն է անում՝ Բերձորում կյանքն ուրիշ էր, ամանորյա տոներն ուրախ էին անցնում։

XS
SM
MD
LG