Մատչելիության հղումներ

Ամանորյա հրաշք չեղավ. Արցախի շրջափակման 22-րդ օրն է


Արցախ - Դատարկ արկղեր Ստեփանակերտի խանութներից մեկում, դեկտեմբեր, 2022թ.

Ամանորյա ոչ մի հրաշք չեղավ, Արցախն աշխարհին կապող ճանապարհը մնում է փակ, արդեն 22-րդ օր. Ստեփանակերտում բազմաթիվ խանութներ արդեն չեն էլ բացվում, իմաստ չկա:

«Փոքր խանութները չեն բացվել, ապրանք չունեն: Մեծերը դեռ ինչ-որ չափով ունեն, բաց են մեծ խանութները, իրենք պահեստավորած ապրանք ունեն, պարբերաբար հանում են, քիչ-քիչ տալիս են: Մարդիկ էլ՝ շատերը պաշար են ստեղծել, որպեսզի կարողանան երկար ձգեն», - ասաց բնակիչներից Գայանե Առստամյանը:

Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Առստամյանն ասում է՝ փոքրիկ, տարեց կամ հիվանդ ունեցող ընտանիքներում, բնականաբար, տագնապները սրված են՝ խանութներում միրգ-բանջարեղեն չկա, իսկ փոքրիկներին պետք է, դեղորայք չկա՝ դրանով են ապրում քրոնիկ հիվանդները: Գայանե Առստամյանը 86-ամյա մոր հետ է ապրում. - «Երեկ ձու ուզեց, չտվեցի, ասացի՝ երեխայինն է: Աղջիկս ունի 11 ամսական երեխա ու ճիշտն ասած մի քիչ էդ խնդիրները ինձ նեղում են, պարտադիր երեխան պետք է ունենա ձու, միրգ, ինչից նեղվում ենք: Բայց ընդհանուր ոչինչ ես լավ պաշար եմ ստեղծել»:

11 ամսական թոռնիկն ամանորին թանկարժեք, հազվագյուտ նվեր ստացավ, տատիկն ուրախ է. - «Իմ ընկերուհին նվեր է տվել բալիկին խնձոր, գազար, ամենալավ նվերն էր նոր տարվա առիթով»:

120 հազար մարդ բլոկադայի մեջ՝ ավելի քան 20 օր: Դժվարությունները շատ են, բայց Գայանե Առստամյանը դեմ է, որ պարենի որևէ ծրագրով իրենց սնունդ նետեն, Արցախը կոնցլագեր չէ, թող ճամփան բացեն, շեշտում է Ստեփանակերտի բնակչուհին:

«Գիտեմ», - ասում է, - «ադրբեջանցիների նպատակը մեզ հոգեբանորեն ճնշելն է»:

«Պարզ է, որ հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա այդ վիճակը, հիմնական նպատակներից մեկը բացի իրենց մեծ քաղաքական նպատակներից մի նպատակն էլ այն է, որ հոգեբանորեն ազդեն: Պարզ է, որ ազդում է, մեկը ես եմ, իմ վրա ազդում է, բայց ազդելը չի նշանակում, որ ընկճում է», - նշեց Գայանեն:

Իսկ Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիները հեռանալու նշաններ առայժմ ցույց չեն տալիս, պարբերաբար ազդարարում են՝ միջանցքով անցավ ռուս խաղաղապահների երկու մարդատար մեքենա, հետո մեկ բեռնատար, քիչ անց՝ մի մեծ շարասյուն՝ երթևեկողները միայն ռուսներն են։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ ճամփան բաց է հումանիտար բեռների համար։ Հանքարդյունաբերության դեմ բողոքող ցուցարարները, որ իրենց բնապահպան են անվանում, միջանցքից չեն հեռանում՝ թեպետ Արցախի իշխանությունը հայտարարել է, որ Կաշենի հանքավայրը դադարեցնում է իր գործունեությունը՝ թող միջազգային փորձագետներ գան։ Ադրբեջանցիները միջանցքում տարին սկսել են նոր ավյունով, ամանորյա տոնախմբություն են ցուցադրում՝ տոնածառ են զարդարել, ձնեմարդ տեղադրել, տարեմուտի գիշերը հրավառություն արել ու հետևել իրենց առաջնորդի ուղերձին:

Գայանե Առստամյանն այս ամենը էժանագին թատրոն է անվանում, դրան, ասում է՝ ծիծաղով են հետևում:

«Ուրիշ բան իրենցից սպասելի չի, դա իրենց դեմքն է բացում, ցավալին այն է, որ այստեղ ուրիշ բան են, ուրիշ տեղ.... ստի վրա կառուցված երկիր, ստի վրա կառուցված ազգ, շատ ավելի զուսպ ենք մենք մեզ պահում ու դա է նորմալ, իմ կարծիքով», - ընդգծեց նա:

11-ամյա Տիգրանն ասում է՝ այս Ամանորը մի բանով էլ տարբերվեց՝ մանդարին չկար, փոխարենը ՝ ինքը մանդարինի գույնի վերնազգեստով է։ Լավ էր գոնե մայրիկը ձու ճարեց, փախլավա թխեց, համով բաներ էլի կային։

Տիգրանը Ասկերանի դպրոցի վեցերորդ դասարանում է սովորում, բլոգ ունի: Արցախի բարբառն է սովորեցնում, ուզում է, որ այն հայտնի դառնա աշխարհում, շատերը ցանկանան ու կարողանան Արցախ գալ. - «Էն ա, որ Արցախի կյանքի ճանապարհը բացվի»:

Արցախում, այսպես կոչված, տոնական արձակուրդներ են՝ մինչև հունվարի 9-ը, վաղվանից, սակայն, կառավարությունը կանցնի գործի...

XS
SM
MD
LG