Մատչելիության հղումներ

Արցախն Ամանորը դիմավորում է հումանիտար աղետի շեմին


Արցախ - Դատարկ արկղեր Ստեփանակերտի խանութներից մեկում, դեկտեմբեր, 2022թ.
Արցախ - Դատարկ արկղեր Ստեփանակերտի խանութներից մեկում, դեկտեմբեր, 2022թ.

Արցախն Ամանորը դիմավորում է հումանիտար աղետի շեմին, հայտարարում են պաշտոնական Ստեփանակերտից, քաղաքացիներն էլ ահազանգում են՝ խանութները դատարկվում են, տոնական պատրաստությունների մասին մտածել անգամ չեն կարող:

«Խանութներում բան չկա, երեկ էլ գնացել եմ, որ ինչ-որ մի բան առնեմ, ամբողջը վերջացել ա», - «Ազատությանը» ասաց Լուսինե Հայրիյանը:

Ամուսնու ու հինգ դուստրերի հետ Ստեփանակերտում բնակվող կինը մի քանի օր առաջ կարողացել է փոքր քանակությամբ սնունդ գտնել, մինչ այս ճգնաժամն էլ մի պարկ կարտոֆիլ էին գնել։ «Հիմա եղածով յոլա ենք գնում, բայց այսպես կդիմանանք ևս մի քանի օր», - ասում է բազմազավակ մայրը: - «Քիչ-քիչ տալիս են խանութներում, ուղղակի որ գնում ես՝ վերջանում ա, հերթերը շատ ա էլի լինում, որ գնում ես՝ չես կարողանում առնես: Երեկ, օրինակ, ասել են, որ պեսոկ [շաքարավազ] պիտի լինի, էսօր արդեն մինչև գնացինք ՝ չկար»:

Սննդի խնդիր կա, երեկ Արցախի Հանրայինին տված հարցազրույցում արձանագրել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Շրջափակված Արցախում մի քանի օր առաջ հանրային սննդի օբյեկտներում խիստ սահմանափակումներ մտցվեցին:

«Մեր մոտ առաջին հանդիպումն էր մատակարարողների հետ, և առաջին մարդը, որ վեր կացավ, ոչ թե ասեց՝ «ես սենց խնդիր ունեմ, ես փող եմ կորցնում», բան, ասեց՝ «ես էսքան բան ունեմ, սենց ուզում եմ օգնեմ, ո՞նց անեմ, ինչո՞վ կարամ աջակցեմ ուրիշներին»: Եվ էդ մոտեցումը գալիս է ընդհանուր մթնոլորտից: Իհարկե, մարդիկ կան, հասկանում ենք, շատ մարդիկ հիմա շատ ծանր վիճակի մեջ են՝ և՛ աշխատանքի տեղերը, և՛ եկամուտները, բոլորը, շատ լուրջ խնդիրների առաջ ենք մենք կանգնած, բայց մյուս կողմից՝ մարդկանց ընդհանուր վերաբերմունքը ֆանտաստիկ պոզիտիվ է», - ասաց պետնախարարը:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 20 օր։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ճանապարհը փակած ադրբեջանցիներն իրենց անկախ բնապահպաններ են անվանում։ Նրանք միջանցքը չբացեցին նույնիսկ Կաշենի հանքավայրի փակումից հետո, թեև նրանց պահանջների թվում նաև դա կար։ Պետնախարարը վերահաստատել է՝ Ստեփանակերտը միջազգային մոնիթորինգին է համաձայն.

«Մենք և ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում․ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի։ Եկեք դիտարկենք նաև մյուս հանքերը, որոնք գտնվում են հարևան պետությունում, որովհետև մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ»

1100 քաղաքացի, նրանց թվում՝ մոտ 300 անչափահասներ, տուն վերադառնալ չեն կարողանում։ Վարդանյանը երեկ հանդիպել է երեք շաբաթ շարունակ իրենց երեխաներից բաժանված ծնողներին։

«Ազնիվ պիտի ասեմ, որ հարցի լուծումը չենք գտել, չկա, և դա իսկապես լուրջ խնդիր է։ Մի կողմից՝ ծնողները հասկանում են, որ իրենց երեխաները հիմա ավելի անվտանգ, ավելի ապահով պայմաններում են, քան թե այստեղ լինելով, մյուս կողմից, իհարկե, բոլորը անհանգիստ են, և երեխաները գնացել են երկու-երեք օրով և չեն վերցրել իրենց հետ ոչ մի հագուստ, որ իրենց հիմա պետք է, և ուրիշ հարցեր, կրթության խնդիրներ կան, և ընդհանուր, իհարկե, բաժանված են իրենց ծնողից, պատրաստ չէ մի մասը: Բայց, ասեմ Ձեզ, ես շատ շնորհակալ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելուց նույն բանն եմ լսում՝ մարդիկ հասկանում են իրավիճակը», - ասաց Արցախի պետնախարարը:

Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները բնապահպանական լոզունգներով այսօր էլ շարունակում են ցույցը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են՝ օրվա ընթացքում ռուս խաղաղապահների մեքենաներ են անցել փակված հատվածով։ Ադրբեջանական կողմը, սակայն, լռում է այն մասին, թե ինչու են ծանր առողջական վիճակում գտնվող մարդիկ Երևան տեղափոխվում միմիայն Կարմիր Խաչի միջնորդությամբ ու մեքենաներով։

Ստեփանակերտից էլ առավոտից Ամանորին ընդառաջ պաշտոնյաներն ուղերձներով դիմում են արցախցիներին։ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շեշտել է՝ Արցախը հումանիտար աղետի շեմին է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG