Մատչելիության հղումներ

Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, շեշտում է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս РБК-ին, Երևան, 25-ը հուլիսի, 2020թ.

Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը, իբր «Հայաստանը Կովկասում պլացդարմ է դարձել հակառուսական ուժերի համար», Փաշինյանն ասել է. - «ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաև այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել»։

«Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», - հարց է բարձրացրել Հայաստանի վարչապետը։

Արձագանքելով Սիմոնյանի մյուս քննադատությանը, թե Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղրիմի անկախությունը, Փաշինյանը նշել է՝ Հայաստանը դեռ չի ճանաչել Ղարաբաղի՛ անկախությունը. - «Ի՞նչ է, դա նշանակում է, թե մենք չե՞նք պաշտպանում Ղարաբաղը․ ոչ, մենք հայտարարում ենք, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ, ելույթ ունենալով Ստեփանակերտում, ես հայտարարել եմ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Դրանից հետո Ադրբեջանի կառավարության մոտ հիստերիա սկսվեց, բայց փաստն այն է, որ այժմ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական անվտանգության տարածք են»։

Հայաստանի վարչապետը փաստել է, որ Սիմոնյանի գրառումը «հսկայական բացասական արձագանք է առաջացրել հայկական շրջանակներում»: «Ռուսաստանում պետք է արձանագրեն, հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ Փաշինյանն է, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը․ Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Շատ գործիչներ տևական ժամանակ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից։ Սակայն այդ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին անհատներ, գործարարներ, ընտանիքներ կամ քաղաքական գործիչներ: Այդպես է, քանի որ մենք [Ռուսաստանն ու Հայաստանը] ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, որոնք կախված չեն Փաշինյանից ու Պողոսյանից», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է հարցին՝ ի՞նչ անել, որ երկկողմ հարաբերություններում նման հարցեր չծագեն․ - «Հայաստանը պետք է հաշվի նստի Ռուսաստանի և ռուս ժողովրդի զգացմունքների ու նպատակների հետ, Ռուսաստանում էլ մեր գործընկերները և ռուսաստանցիները պետք է հաշվի նստեն հայ ժողովրդի զգացմունքների և ցանկությունների հետ»:

Փաշինյանը հիշեցրել է նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո հնչող կանխատեսումները, թե Հայաստանը կգնա դեպի Արևմուտք, Արևելք և այլն: «Հայաստանը ոչ մի տեղ էլ չգնաց և շարունակում է մնալ այնտեղ, որտեղ կար», - հակադարձել է պետության ղեկավարը։

XS
SM
MD
LG