Մատչելիության հղումներ

Արցախի շրջափակման 20-րդ օրն է


Արցախ - Գրեթե դատարկ խանութ Ստեփանակերտում, դեկտեմբեր, 2020թ.
Արցախ - Գրեթե դատարկ խանութ Ստեփանակերտում, դեկտեմբեր, 2020թ.

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման 20-րդ օրն է:

Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով շրջափակմանն ու դրա իրական պատճառները միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորությանը՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն կերպ աշխարհին ցույց տալ, թե խնդիրը բնապահպանական է և իրենց կողմից քաղաքական ճնշում չկա։

«Նրանց շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեղեկատվական պայքարում մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և աշխարհի շատ այլ երկրներում ապրող բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման և փորձում են ուշադրություն հրավիրել իրական պատճառների վրա։ Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաև հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարևոր է», - ընդգծել է Վարդանյանը:

Պատասխանելով Արցախի կառավարության և «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու պատրաստակամության մասին հարցին՝ պետնախարարն ասել է, որ դրանով Արցախը ոչ մեկի պահանջը չի կատարում. - «Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք և ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում․ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի։ Եկեք դիտարկենք նաև մյուս հանքերը, որոնք գտնվում են հարևան պետությունում, որովհետև մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ»: «Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են», - ասել է Վարդանյանը:

Արցախի ներքաղաքական խնդիրների և կառավարության ձևավորման սկզբունքների մասին Ռուբեն Վարդանյանը, ըստ պետնախարարի գրասենյակի հաղորդագրության, նշել է, որ մոտեցումներն այլ էին, բայց շրջափակումը դրանցում որոշ փոփոխություններ է մտցրել. - «Մտադիր էինք մինչև դեկտեմբերի վերջը գույքագրում անել, հասկանալ ընդհանուր իրավիճակը, և հունվարին արդեն հանգիստ ձևավորել նոր կառավարության մոդելն ու ընդհանուր թիմը։ Շրջափակումը յուրահատուկ քննությունն էր: Ճգնաժամը ցույց տվեց, թե ով արագորեն կարողացավ ընդգրկվել նոր ստեղծված աշխատանքային պայմաններում, ով է պատրաստ աշխատել՝ պահելով ամենօրյա այս տեմպը։ Կան պաշտոններ, որտեղ միանգամից պետք էր նշանակումներ անել, օրինակ՝ առողջապահության նախարարի պարագայում։ Ուղղակի հասկանալի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է ավելի արագ որոշումներ կայացվեն և թիմը ձևավորվի՝ թիմային մոտեցումով խնդիրների լուծման բանաձևը գտնելու համար»:

«Նոր իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում: Եթե մենք ուզում ենք անկախ Արցախում ապրել, պետք է ավելի օպերատիվ, ավելի ճկուն արձագանքենք՝ լուծումներ գտնելով տարբեր մարտահրավերների համար», - հայտարարել է Արցախի պետնախարարը:

Նախօրեին էլ խորհրդակցության ժամանակ Վարդանյանը մասնավորապես հայտարարել է՝ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով, շրջափակման հետևանքով գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը, այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու: «Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք», - ընդգծել է Արցախի պետնախարարը:

XS
SM
MD
LG