Մատչելիության հղումներ

Մոսկվան Բաքվին ու Երևանին կոչ է անում Լաչինի միջանցքի պարագայում կատարել եռակողմ հայտարարության դրույթները


Մոսկվան կրկին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի իրավիճակի առնչությամբ՝ Երևանին և Բաքվին կոչ անելով պահպանել 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօր հրապարակած մեկնաբանությունում նշված է․ «Մտահոգություն ենք հայտնում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, քաղաքացների ու բեռների լիարժեք տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան»։

Նա նշել է, որ ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել տվյալ իրավիճակը կարգավորելու համար։

«Ընդգծում ենք, որ հենց ռուսական խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգություն ապահովելու համար, ինչը նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային մեղադրանքներն ու սադրանքները դիտարկում ենք որպես անընդունելի գործողություններ, որոնք զգալիորեն վնասում են հայ-ադրբեջանական կարգավորմանը»։

Զախարովան հայտարարել է՝ Բաքվին ու Երևանին կոչ են անում անվերապահորեն կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։

«Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն այն նպատակներով, ինչը նշված է այդ փաստաթղթում։ Ակնկալում ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցում»,- դեկտեմբերի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG