Մատչելիության հղումներ

Լաչինի հարցը, խաղաղության պայմանագիրը՝ Լավրովի ու Բայրամովի քննարկման առարկա առանց Երևանի մասնակցության


Առանց հայկական կողմի մասնակցության այսօր Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ։

Բանակցություններն ի սկզբանե նախատեսված էին եռակողմ ձևաչափով, հայկական կողմը, սակայն, խնդրել է հետաձգել՝ պատճառաբանելով, որ այս պահին նախարար Միրզոյանի գերխնդիրն է աշխատել Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրները լուծելու ուղղությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, ափսոսանք հայտնեց այդ որոշման առթիվ ու պնդեց՝ առավել ևս պետք էր հանդիպել. «Մենք այդ միջոցառմանը պատրաստվել ենք, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվել են գալ Մոսկվա՝ դա բացատրելով գետնի վրա ստեղծված իրավիճակով: Ինչ հարցեր էլ ծագեն գետնի վրա, ես համոզված եմ, որ առավել ևս պետք է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և պայմաններ ստեղծել բոլոր հարցերը լուծելու համար»:

Ավելին, Լավրովը առանց թափանցիկ ակնարկների պնդեց, թե համաձայնություններից ետ կանգնելու դեպքում նոր վտանգներ են սպառնում։

«Այդ միջադեպերը կշարունակվեն ավելի երկար և ավելի մեծ կլինեն, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի համաձայնեցված բանակցային փուլից։ Դա ոչ մեկին երբեք օգուտ չի բերել», - հայտարարեց նա:

Խոսելով բուն՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին՝ Լավրովը ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարեց՝ Ռուսաստանը կողմ է, որ ճանապարհը արագ ու լիարժեք բացվի։ Միայն թե այս դեպքում ՌԴ արտգործնախարարը հավելեց՝ Մոսկվան կողմ է, որ լուծվեն նաև հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։

Մեկնաբանելով ռուս խաղաղապահների հասցեին Երևանից հնչող մեղադրանքները՝ Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը դրանք անվանեց անհիմն, իսկ այլընտրանք փնտրողներին և այդ մասին հայտարարողներին էլ հարցրեց՝ իսկ մյուս կողմը համաձա՞յն է այդ առաջարկին։

«Եթե ինչ որ մեկը կարծում է, թե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կամ ինչ-որ Մինսկի խմբում փաստահավաք առաքելություն կփոխարինի ռուս խաղաղապահ առաքելությանը, այստեղ առնվազն մի քանի հարց է ծագում՝ նախ պետք է կողմերի համաձայնությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Եթե կա նման հետաքրքրությւոն, ապա նախ պետք է առաջարկ հնչի, բանակցվի։ Բայց եթե դա արվում է հանրային՝ խոսափողով, ուրեմն դրան այդպես էլ պետք է վերաբերվել», - հայտարարեց Սերգեյ Լավրովը՝ հավելելով․ «Առավոտյան հանպատրաստից հայտարարություններ անելու փոխարեն՝ այն էլ խորհրդարանում, ի լուր աշխարհի, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, խորհուրդներ ստանալ՝ ում հրավիրել կարգավորելու այս կամ այն խնդիրները»:

Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, կրկնեց այն, ինչ Բաքուն հայտարարում է արդեեն 12 օր՝ «Լաչինի միջանցքը շրջափակված չէ», հումանիտար ճգնաժամի մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։

Տեղում կանգնած ցուցարարներն ու Ադրբեջանի անվտանգության ուժերի աշխատակիցները, Բայրամովի խոսքերով, որևէ մեկին վտանգ չեն սպառնում, ավելին, պնդեց, թե «Ղարաբաղ գնացող հայերը կարող են անվտանգ անցնել Ադրբեջանի մնացած տարածքով»:

«Բայց ենթադրենք՝ ինչ-որ քաղաքացիներ ցանկանում են իրենց մեքենաներով անցնել և հոգեբանորեն կաշկանդված են այդ հարցում, հատկապես եթե առաջին անգամ են անցնում․․․ Ցանկանում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքի երկարությունը 32 կմ է, այն վայրը, որտեղ կանգնած են ադրբեջանցի ակտիվիստները, ընդամենը հարյուր մետր է, առավելագույնը՝ 200, և նրանց կողքին կանգնած են ռուս խաղաղապահները։ Ծայրահեղ դեպքում նրանք կարող են դիմել ռուս խաղաղապահներին ուղեկցելու իրենց», - ասաց նա։

Բայրամովը հերթական մեղադրանքների տարափը հնչեցրեց հայկական կողմի հասցեին, այդ թվում՝ այդ միջանցքով «ականներ տեղափոխելու», հայկական զորամիավորումների մնացյալ մասը Ղարաբաղից դուրս չբերելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյայի այս մեղադրանքներին հակադարձող չկար, ինչն էլ արձանագրեց Լավրովը, թե՝ «հայ գործընկերը կարող էր այստեղ լինել, և ինքն էլ իր տեսակետը ներկայացներ»։

Բաքուն դեռ չի ծանոթացել Երևանի նոր առաջարկներին

Ռուսաստանի արտգործնախարարը, որ մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում մի քանի անգամ ափսոսանք հայտնեց նախարար Միրզոյանի բացակայության կապակցությամբ, ասաց. «Միջադեպեր միշտ էլ տեղի են ունենում, և էլ ավելի շատ կլինեն, եթե ամեն միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի համաձայնեցված բանակցություններից, դա դեռ ոչ մեկին երբեք օգուտ չի բերել»։

Բայրամովն, իր հերթին, Միրզոյանի բացակայության պայմաններում պնդեց՝ այսօրվա հանդիպման չեղարկումը «ուղեկցվել է Երևանի մանիպուլյացիաներով»։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների երեկվա հայտարարությունը, թե Երևանը Բաքվին է ներկայացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման առաջարկների փաթեթ, Բայրամովը պնդեց՝ զուգահեռաբար հայկական Տելեգրամ ալիքները լուրեր են տարածել, թե Բաքուն հրաժարվում է բանակցություններից։ Ադրբեջանցի պաշտոնյան ենթադրում է, որ այդ արշավը բանակցությունների իմիտացիա ստեղծելը «հայկական կողմի գործելաոճի մեջ պետք է դիտարկել»։

Իսկ թե իրականում որն է Բաքվի դիրքորոշումը հայկական կողմի նոր առաջակների վերաբերյալ, և ինչ են դրանք նախատեսում, Ջեյհուն Բայրամովը չհստակեցրեց, ասաց՝ դեռ չի հասցրել մանրամասն ծանոթանալ:

Բայրամովը կրկին քննադատում է Ռուբեն Վարդանյանին, պահանջում հեռանալ ԼՂ-ից

Ադրբեջանի արտգործնախարարը իր ծավալուն ելույթում մի քանի անգամ նշեց Ղարաբաղի բնակիչների հետ դրական շփումների, ռեինտեգրվելու հաջող փորձերի մասին, միաժամանակ պնդեց, թե «հաշտեցմանը խանգարում է Ռուբեն Վարդանյանը»։

«Նա պետք է անհապաղ հեռանա, նրա գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղություն, բնույթ է կրում, որին անհապաղ պետք է վերջ դրվի»,- հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը, պնդելով, թե մինչև Վարդանյանի Ղարաբաղ գնալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։

Թե ում միջև են եղել այդ դրական շփումները. Բայրամովը չասաց, միայն նշեց. «Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարել էր, թե Վարդանյանը Ղարաբաղ է գործուղվել Մոսկվայից հատուկ օրակարգով։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Բայրամովին վստահեցրեց՝ Ռուսաստանի Դաշնությունը որևէ առնչություն չունի նրա հետ:

«Նրա քաղաքական կյանքի հետ Ռուսաստանը չի ունեցել, չունի և չի ունենա որևէ կապ», - ասաց ՌԴ արտգործնախարարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG