Մատչելիության հղումներ

Հայաստանն Ադրբեջանի հետ չի բանակցում Լաչինի միջանցքը բացելու հարցի շուրջ


Անվատանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Անվատանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի հետ չի բանակցում Լաչինի միջանցքը բացելու հարցի շուրջ, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ պաշտոնական Երևանը այս պահին աշխատում է միայն միջազգային հանրության հետ։

Թե ինչո՞ւ Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմ և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի բացման շուրջ Բաքվի հետ որևէ քննարկում չի ծավալում, Գրիգորյանը որևէ բացատրություն չտվեց. - «Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ կարողությունները օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ Տեղյակ եք, որ երեկ չէ առաջի օրը տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել։ Պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ։ Լաչինի միջանցքի մասով այս պահին Հայաստանի Հանրապետությունը աշխատում է միջազգային հանրության հետ»։

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում արդեն 11 օր փակ Լաչինի միջանցքը, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բացատրություն պահանջել են Մոսկվայից և ի՞նչ պատասխան են ստացել։ Անվտանգության խորհրդի քարտուղարն այս հարցերին կոնկրետ չպատասխանեց, միայն նշեց, որ եթե միջանցքը շարունակում է փակ մնալ, ուրեմն այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել։

Լաչինի միջանցքում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի զորակազմին այսօր քննադատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում ոչ միայն Ադրբեջանը, այլև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

«Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են հանդիսանում պատասխանատուն միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու համար», - ասաց Արմեն Գրիգորյանը՝ հաջորդ հարցը, թե արդյոք հայկական կողմը նույնպես աշխատում է ռուսական կողմի հետ, վերահասցեագրելով. - «Այդ հարցը ճիշտ է հղել Ռուսաստանի Դաշնության որևէ կառույցի՝ հասկանալու համար, թե նրանք ինչու չեն կատարում...»

«Ազատության» դիտարկմանը, թե իրենք են իշխանությունը, Գրիգորյանն արձագանքեց. - «Մենք հղել ենք արդեն՝ և' հրապարակային, և' ոչ հրապարակային»։

Իսկ հարցին, թե ինչ պատասխան են ստացել, ԱԽ քարտուղարը պատասխանեց. - «Եթե միջանցքը շարունակում է փակ մնալ, նշանակում է այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն կատարվել»։

Խոսելով մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, թե դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։

Այսօր վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանին են փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի առաջարկները և պատրաստ են ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։

«Կախված է Ադրբեջանից։ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, և այս առումով Հայաստանը իր քայլը կատարել է։ Նաև այս ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Լաչինի միջանցքը փակում է Ադրբեջանը՝ այսպես կոչված բնապահպանների միջոցով»։

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվին փոխանցված հայկական առաջարկներում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց՝ երբ բանակցություններ տեղի ունենան, այդ հարցը վերջնականապես կհասկանան. - «Երբ որ բանակցությունների սեղանին նստենք, երբ որ Ադրբեջանը արդեն պատրաստ լինի մեր պատասխանների հիման վրա բանակցություններ վարելու, այդ ժամանակ մեզ համար հստակ կլինի»։

Եթե Ադրբեջանը չի պահում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ստորագրվելիք Խաղաղության պայմանգիրն էլ չի խախտի։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել են այսպես կոչված «երաշխավորների ինստիտուտ» ներդնել։ Թե որ երկրները կարող են երաշխավորի դեր ստանձնել, դեռևս վերջնական որոշում չկա, այդ հարցը պետք է բանակցությունների առարկա դառնա։

«Բացի դրանից, մենք նաև առաջարկել ենք մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային ինչ-որ դատարան դիմելու, որով, եթե առաջանում է ճգնաժամ և այսպիսի ճգնաժամ է օրինակ առաջանում և այդպիսի ճգնաժամը հնարավոր չի լուծել, ապա դիմենք միջազգային դատարան», - հավելեց նա։

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում։

Ավելի վաղ Ալիևը չեղարկել էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրված հանդիպումը՝ դա պատճառաբանելով Ֆրանիսիայի «կողմնակալ» դիրքորոշմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG