Մատչելիության հղումներ

20 տարի առանց Հրանտ Մաթևոսյանի կենդանի ներկայության


2002-ի դեկտեմբերյան ցրտաշունչ 18-ին մեծ գրողը կնքեց իր մահկանացուն և գնաց դեպի անմահություն։

Երեկ լրացավ Հրանտ Մաթևոսյանի մահվան 20-րդ տարելիցը։ Կոմիտասի պանթեոնում նրա շիրիմի մոտ էին ընտանիքի անդամներն ու ամենամերձավոր հարազատները։ Գրողներից ներկա էին երկուսը՝ արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանն ու թարգմանչուհի, Գրողների միության գրական մասի վարիչ Կարինե Մեսրոպյանը։ Ներկա էր նաև կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։

Մահվանից երկու տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Ես հիմա աշխարհի ամենամենակ մարդն եմ, որովհետև ընկերներիցս ոչ մեկը չկա»։

Գրականությունը «աշխարհի ազնվանալու տառապալից ճիգ» բանաձևած հայ արձակի խոշորագույն վարպետը համոզված էր, որ «գրողը աշխարհի մերկացած նյարդն է, և ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել»։ Նրա խոսքերի լավագույն ապացույցն իր թողած գրական ժառանգությունն է՝ հրատարակված թե' իր կենդանության օրոք, թե' հետմահու։

«Քսան տարի առաջ հեռացավ մեծն Հրատ Մաթևոսյանը և այսօր կանգնած ենք փաստի առաջ», - ասում էր Նելլի Շահնազարյանը։ - «Քսան տարի դատարկություն՝ եթե մեկ նախադասությամբ ասենք։ Մի բաց, որը չի լրացվում ոչ մի կերպ։ Իր պակասը հատկապես էս ծանրագույն օրերին շատ-շատ է զգացվում։ Ինքը, եթե մենք շատ արդար լինենք, մեր Տոլստոյն է, մեր Չեխովն է։ Ուղղակի մենք անգիտակից ենք մի քիչ։ Մեր ժողովուրդը, մեր, այսպես ասած էլիտար խավը՝ նույնպես։ Եթե նա լիներ մի հզոր երկրի քաղաքացի ու այդպիսի գրող, հաստատ համաշխարհային հռչակ կունենար։ Թեև ինքը Ռուսաստանում, Եվրոպայում տարբեր լեզուներով թարգմանվել է։ Ռուսները հատկապես պաշտամունք ունեն Հրանտ Մաթևոսյանի նկատմամբ։ Լև Աննինսկին էր, որ ասում էր, թե ռուս ժողովուրդը և մեր գրականությունը Հրանտ Մաթևոսյանին պարտք է այնքան, ինչքան Տոլստոյին, ինչքան Չեխովին, ինչքան մյուս մեծ գրողներին։ Նրա միայն ներկայությունը, լինելիությունը Գրողների միության շենքում արդեն իսկ այդ շենքը զարդարում էր, զարդարում էր այն աշխատասենյակն ու աթոռը, որտեղ ինքն էր նստում։ Նրանով էր իմաստավորվում այդ շենքը, և եթե ոչինչ էլ չաներ, զուտ իր ներկայությունն արդեն շատ-շատ կարևոր էր։ Ինքը նման էր մեծ քարաժայտի, լեռան. ինչքան հեռանում ես, մեկ է, գագաթը երևալու է։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասվում է»։

Հրանտ Մաթևոսյանի մահից հետո 15 տարի անց Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում ՝ Աբովյանի պուրակում կառավարության որոշմամբ վեր հառնեց նրա անունը կրող թանգարան-մշակութային կենտրոնը, որը, ավաղ , մինչև օրս չի գործում և պահպանվում է միայն «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի շնորհիվ։

«Ազատության» հետ զրույցում Հրանտ Մաթևոսյանի որդին, հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ասաց. - «Քանի կառավարություն է փոխվել էդ օրվանից, ու հատկապես հեղափոխությունից հետո քանի կառավարություն եկավ ու գնաց, և ինչ եղավ արդյունքը՞՝ այս կիսատ-պռատ վիճակները։ Շեմքը դատարկ, առանց երրորդ հարկի, ու մենք վաղուց ձեռ ենք քաշել՝ այսպես ասած, որևէ առնչություն չենք ուզում ունենալ կառավարության հետ այդ առումով։ Հիմա երևի քաղաքապետարանն էլ մեր ցանկերից աստիճանաբար ջնջենք, որովհետև իրենք մեկ-երկու քայլ անուն էին իբրև թե այգու հետ կապված՝ բարեկարգում և այլն, բայց տեսանք, որ դիալոգ հնարավոր չի, համենայն դեպս, էս պահին էդպես ա։ Մնացածը իրենց գործն է։ Մենք մերը կանենք, շատ դանդաղ կանենք, գուցե տապալումներում, գուցե ընդհակառակը՝ վերընթաց ուղղությամբ։ Հովանավորներ չկան, կան էսպես ասած croudfunding` ժողովրդական դրամահավաքներ, երբ աթոռներն առանք դահլիճի համար, տեխնիկան բերեցին մեր ընկերները ու, էսպես ասած ժամանակով տարիուկես է տեղադրեցին մեզ մոտ՝ ըստ էության առանց որևէ վճարի։ Էդ կարգի նախաձեռնություններ կան։ Այսինքն՝ շարքային քաղաքացիների կողմից։ Ու նաև շենքը գրանցելուց հետո փորձենք վարձակալության տալ, որ գոնե երրորդ հարկի ու էքսպոզիցիայի կամ ներքին հարդարման մի մասի ծախսերը հոգանք, և հետո առաջ գնանք, մինչև որ մի բան կփոխվի, մինչև կառավարություն կփոխվի, մինչև ավելի լուսավոր գլուխներ կգան»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG