Մատչելիության հղումներ

Մի խումբ արվեստագետներ տարակուսած են՝ ինչո՞ւ է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանն անգործության մատնված


Օպերային երգչուհի Հասմիկ Պապյան, արխիվ
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյան, արխիվ

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Աբովյան պուրակին հարող տարածքում արդեն մեկ տարուց ավել կանգնած է մի հրաշալի շինություն՝ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանը, որն իրավամբ կարելի է Հայաստանում ժամանակակից թանգարանի եզակի մի կառույց կոչել՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ֆունկցիոնալ լուծումներով:

Ավաղ, այս ողջ ժամանակահատվածում, այս կառույցը, որը կարող էր դառնալ մեր լավագույն գիտամշակութային, կրթական լավագույն կենտրոններից մեկը, անգործության է մատնված անհասկանալի պատճառներով և ոչ միայն անգործության է մատնված, այլև անգամ որևէ պետական հաստատության հաշվեկշռի մեջ ներառված չէ։ Հենց այս պատճառով անցած շաբաթվա վերջին մի խումբ արվեստագետներ արձագանքելով մեր լավագույն օպերային երգչուհիներից Հասմիկ Պապյանի կոչին, այս խնդրի առնչությամբ հավաքվել էին «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանում՝ կրկին իրենց տարակուսանքը ներկայացնելու՝ թե, ի վերջո, ինչո՞ւ պետությունը որևէ քայլ չի նախաձեռնում, որ թանգարանը գործի:

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն այդ օրը հետևյալ հարցադրումներն էր ներկայացնում. «Շենքը բալանսի վրա չի, այսինքն փողոցում անտեր են թողել, ո՞վ է սրա համար պատասխանատու, ո՞ր կառավարական հաստատությունը։ 900 հազար դոլար պետական ծախսի միջոցով կառուցված շենքը ինչպե՞ս կարող է մեկ տարի անտեր մնացած լինել՝ փողոցում մեր հույսին։ Եթե մենք փող չունենայինք, եթե «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը փող չունենար, պահակ չկարողանար այստեղ պահել, այս շենքը ի՞նչ վիճակում կլիներ»։

Հասմիկ Պապյանի ձևակերպմամբ էլ՝ սա արտառոց դեպք է: Ի դեպ, ֆեյսբուքյան իր գրառման մեջ Հասմիկ Պապյանը կոչ էր արել Հայաստանի վարչապետին և կառավարության անդամներին անձամբ գալ և ծանոթանալ իրավիճակին:

«Ճիշտն ասած, շատ ինքնաբուխ եղավ, երբ որ ես կողքով անցա և տեսա այս տխուր պատկերը, ուղղակի գրեցի, որովհետև չէի կարող չգրել։ Ես անընդհատ սպասում եմ, թե երբ պիտի այս դռները բացվեն, երբ պիտի մենք կարողանանք էս հրաշալի տուն-թանգարանը և ոչ միյան տուն-թանգարանը, այլև կենտրոն, Հրանտ Մաթևոսյանի կենտրոն ունենանք։ Ես շատ հետաքրքրված եմ պատասխան լսելու՝ ինչպիսի արձագանք պիտի լինի և ինչպիսի պատճառաբանություն պիտի բերեն մեր ղեկավարները»։

Մեր լավագույն կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանն էլ շեշտում է. «Լավ կլինի, որ էս տարածքը հրաշալի, որ ոտքի վրա է, կանգուն է՝ իր նպատակին ծառայելու, իրապես ծառայի։ Ես այստեղ երկրորդ անգամ եմ, առաջին անգամ մի փոքր խմբով էինք և ներկա էր նաև տիկին Աննա Հակոբյանը, իր սրտացավությունը հայտնեց։ Այնպես չէ, որ բացարձակ անտարբերություն է, բայց, ըստ երևույթին, հանգամանքներ կան, որոնք պետք է հարթվեն։ Սա լավ տուն կարող է լինել։ Մենք գեղանկարչությունից, թատրոնից, երաժշտությունից, արվեստի այլ տեսակներից բարձր գնահատել ենք առաջին հերթին գրականությունը»։

Դերասան, ռեժիսոր Արշոտ Ադամյանն էլ ասաց. «Մենք այսօր գործ ունենք մի մեծագույն գրողի, շատ չի էլի, ամեն թփի տակ մենք Հրանտ չենք ունեցել։ Հրանտ, որը մեզ կարա տանի համաշխարհային գրականության քառուղիներ, մենք պարտավոր էինք վաղուց ունենալ այս տունը՝ Հրանտի տունը»։

Հրանտ Մաթևոսյանի որդին ՝ Դավիթ Մաթևոսյանն էլ կոչ արեց մեր երկրի ղեկավարներին, պաշտոնատար անձանց. «Ժողովուրդ, վեր կացեք, ձեր ոտքով եկեք շենքը տեսեք, մասնագետների հետ խոսեք, որովհետև այս նախագիծը ես չեմ գծել եռահարկ, մասնագետը ես չեմ, ես ընդամենը ժառանգորդ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եկեք, բացատրեք՝ դուք ինչո՞ւ ոչինչ չեք անում, այսինքն այս ի՞նչ պարապուրդ է և ինչի՞ համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG