Մատչելիության հղումներ

«Մենք ենք ուշացնում՝ մեր իրականություն բերելու Մաթևոսյանի խոսքը». Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է


«Մենք ենք ստեղծում այն մթնոլորտը, որի մեջ ժողովուրդն ազգ է դառնում». Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, որն արդեն 20 տարի շարունակ նրա ընտանիքի հետ միասին նրա շիրիմի մոտ է հավաքում բոլոր նրանց, ովքեր մեծանուն գրողին իրենց արյունակիցն են համարում անկախ ազգակցական կապից, և ում համար նա եղել է կյանքի մեծագույն ուսուցիչը։

«Միշտ ասում են, որ դեռ Մաթևոսյանի շրջանը չի եկել, դեռ պիտի գա Մաթևոսյանի օրը, բայց ես կարծում եմ՝ ոչ թե Մաթևոսյանի օրը պիտի գա, այլ մենք են ուշացել: Մենք ենք ուշացել և մենք ենք ուշացնում՝ մեր իրականություն բերելու Մաթևոսյանի խոսքը, միտքը, այն, ինչը հողից է, այն, ինչը հայ մարդու բնական տեսակն է: Պատահական չեն այն դաժան փորձությունները, որ մենք անցնում ենք, այդ խոսքին ականջալուր չլինելու, այդ խոսքի գիտակցումը չգնահատելու ու այդ դասերով չապրելու հետևանքն է: Այնպես որ, կարծում եմ, հենց այսօր է Մաթևոսյանի օրը, ոչ թե որպես իր ծննդյան օր, այլ իր մտքի խոհափիլիսոփայական օրը, որ պիտի լինի մեր առօրյա կեցության անբաժանելի մասը», - ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

2002 թվականից՝ Հրանտ Մաթևոսյանի երկրային կյանքի ավարտից հետո նրա տպագիր և անտիպ ժառանգությամբ զբաղվում է նրա անունը կրող հիմնադրամը, որի տնօրենն է գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։ Իսկ գրողի կրտսեր եղբայրը՝ նրա հայրական տանը, նրա ծննդավայր Ահնիձորում բնակվող Համո Մաթևոսյանն արդեն 20 տարի զբաղվում է հատկապես Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործություններով, որոնցից շատերն արդեն իսկ տպագրվել են հիմնադրամի շնորհիվ։ Բարդ ու շնորհակալ աշխատանք, որի արդյունքում այսօր հայ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալ մեծ գրողի անտիպ ստեղծագործություններին։

Այսօր «Ազատության» հետ զրույցի ընթացքում Համո Մաթևոսյանը ընդգծում էր, որ առջևում դեռ շատ աշխատանք կա. «Ամբողջը, իհարկե, նայել եմ, ուսումնասիրել եմ, բայց ամբողջը չեմ հավաքել, որովհետև ուրիշ շատ կարևոր գործեր, վեպեր և վիպակների մասին է խոսքը, որ ավելի հրատապ էին լինելու, դրանք արեցի: Բազմաթիվ գործեր, օրագրային նշումներ, նամակներ հատկապես էլի գեղարվեստականի արժեք ունեն, ուզում եմ նորմալ աշխատանք լինի, դրա համար մի քիչ հապաղում եմ»:

Տարիներ առաջ մայրաքաղաքի Աբովյանի անունը կրող պուրակում վեր հառնեց պետական միջոցներով կառուցված «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն -թանգարանը», որը գործունեության համար, առայժմ, պետական աջակցություն չի ստացել։

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ցավով նշում է. «Ինչ ասեմ, մենք անցյալ տարի կոչ հրապարակեցինք, «աթոռակռիվ» կոչեցինք դա, հետո՝ «դրամահավաք», հանդիսատեսի հանգանակած փողերով աթոռներ առանք, սկսեցինք «Գոմեշը» խաղալ, ըստ էության բարեգործական ներկայացում է: Հիմա ուրիշ նախաձեռնություն ունենք. Միացյալ Նահանգներում «Զարկ» նախաձեռնություն կա, մեր հայ երիտասարդներն են, դրամահավաքի ձև կա մշակութային որպես՝ հռչակվել է Մաթևոսյան կենտրոնի կառուցումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG