Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է Արցախում Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտումը


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ, տեղեկացրել, որ ռուս խաղաղապահները կողմերի հետ պարզում են միջադեպը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում», - ասվում է երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Կրակոցների մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։

Վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Բաքուն հերքում է նաև ռուսական կողմի պնդումը և Մոսկվայից պահանջում Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները:

Երեկ ուշ երեկոյան հրապարակած արձագանքում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ ռուսական կողմին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկը, բազմիցս կոչ արել կիրառել այդ տեղանունները:

«Ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նշված ադրբեջանական բնակավայրի, որը նրանք անվանում են Մաղավուզ, պաշտոնական անվանումը Չարդաքլի է: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը և կրակ չեն բացել նշված ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին մեղադրելով վերջին շրջանում հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը ռուս խաղաղապահների հրամանատարը հրավիրվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող ականապատված տարածք՝ տեղում զննելու իբր հայտնաբերված ականները: Ռուսական կողմը, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկություն չի հայտնել, շեշտել է պաշտոնական Բաքուն:

«Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կոչ ենք անում համապատասխան հաղորդագրություններում ճիշտ արտաբերել մեր երկրի բնակավայրերի անունները և լրջորեն կանխել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG