Մատչելիության հղումներ

Մաճկալաշենից ու Սարուշենից ահազանգում են՝ ադրբեջանցիներն աշնանացանն են խոչընդոտում


Արցախի դաշտերից մեկում աշխատող տրակտոր, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել էին 2022թ-ի փետրվարին

Ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից մի քանի ուղղություններով կրակել է Պաշպանության բանակի դիրքերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Մաճկալաշենի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Դեպքը, ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության, տեղի է ունեցել երեկ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդումները վերջին շրջանում պարբերական են դարձել։

Մաճկալաշենի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը փոխանցում է. - «Տրակտորներն աշխատելիս են եղել, էդ ուղղությամբ է եղել, թիրախավորած չեն եղել, ուղղակի մի քանի օր է, անկապ կրակում են։ Աշնանացան աշխատանքները կատարելիս կրակել են, ուզում են խանգարեն», - ասաց Ավանեսյանը։

Դաշտերը, որոնց ուղղությամբ կրակել են ադրբեջանցիները, պատկանում են Սարուշեն գյուղին։ Համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ իրենց համագյուղացին չի տուժել, բայց հիմա ապահովության համար այդ տարածքում գյուղացիները զգուշանում են աշխատել, մյուս հատվածներում աշնանացանը շարունակվում է։

«Էդ կողմում հիմա դադարեցրել ենք, բայց մյուս կողմում աշխատում են», - ասաց Գասպարյանը։

Ըստ Սարուշեն համայնքի ղեկավարի՝ դաշտերից ադրբեջանցիների դիրքերը շատ հեռու չեն՝ ուղիղ գծով 800 մետրից 1 կմ։ Գասպարյանն ասում է՝ ադրբեջանցիներն ակտիվացել էին նաև անցած տարի, կրկին աշնանացանի ժամանակ. - «Ամեն տեղ է տենց, տենց չի որ մենակ ստեղ է։ Ամեն ուղղությամբ էլ աշնանացանը կատարելու ժամանակ չեն թողնում, խանգարում են»։

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:

Անցած շաբաթվերջին էլ ադրբեջանական կողմ կրակել էր Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ, կրկին տրակտորն էր վնասվել, գյուղաշխատանքները դադարեցվել էին։

44-օրյա պատերազմին հաջորդող 2 տարիների ընթացքում բազմաթիվ են հրադարդարի խախտման դեպքերը, հայտարարում է Արցախի մարդու իրավունքերի պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանը համոզված է, որ վերջին օրերին տեղի ունեցող խախտումներն էլ ոչ թե հատուկենտ դեպքեր, այլ համակարգված քաղաքականության հետևանք են։ Այս կերպ, ըստ օմբուդսմանի, ադրբեջանական կողմը մի քանի հարց է փորձում լուծել. - «Նախ վախեցնել մարդկանց՜ այդ շփման գծի մերձակա տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչությանըՄ և երկրորդ՝ զրկել այդ մարդկանց եկամուտի հիմնական աղբյուրից, որը և գյուղատնտեսությունն է կազմում։ Եվ դրանով հուսալքության և անտանելի իրավիճակի մեջ հայտնված մարդը պարզ է, որ կթողնի ու կհեռանա այդ համայնքներից։ Սա են ադրբեջանական քաղաքականության հիմնական նպատակները»։

Մինչդեռ Բաքուն իր հերթին օրեր շարունակ հայկական կողմերին է մեղադրում հրադադարի ռեժիմի խախտման համար։ Այսօր նման հաղորդագրություն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երկու անգամ տարածեց՝ մեղադրելով և" Հայաստանին, և" Արցախին։ Վերջին տեղեկագրում նշում են նաև, որ պատասխան միջոցներ են ձեռնարկել։ Երևանից ու Ստեփանակերտից դա ապատեղեկատվություն են որակում։

XS
SM
MD
LG