Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափը


Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը, արխիվ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության շենքը, արխիվ

«Հայաստանի ռևանշիստական ուժերը», Հայաստանի ռազմականացումը» և Հայաստանի կողմից իր ֆինանսական հնարավորությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև հարաբերություների կարգավորմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շադլինսկին։

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունենալով ուժային կառույցի կազմակերպած համաժողովին՝ Շադլինսկին պնդել է, թե Հայաստանի իշխանությունները «ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով ձգձգել» հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, թե Բաքուն փաստեր ունի «ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման», ինչպես նաև «ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման» մասին: Մանրամասներ, սակայն, նա չի ներկայացրել։

Մինչ Ադրբեջանի ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին մեղադրում էր սպառազինություն ձեռք բերելով խաղաղության օրակարգը տորպեդահարելու համար, մեկ այլ պաշտոնյա պատմել է Ադրբեջանի զինված ուժերի հզորացմանն ուղղված քայլերի մասին։ Համաժողովին ներկա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մասնավորապես, հայտարարել է, որ երկրի նախագահի հանձնարարությամբ կառուցվում են նոր զորամասեր, շարունակում են ժամանակակից ռազմական տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերել բանակի համար՝ բարձրացնելու զինված ուժերի ռազմական պոտենցիալը։

Թեև Բաքուն շարունակ հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, Իլհամ Ալիևը անցած օրերին իր ելույթներից մեկում ասել է, թե Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ընթացիկ տարում Բաքուն երկրի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը հատկացրել է մոտ 2,6 միլիարդ դոլար: Գրեթե նույնքան էր կազմում նաև անցած տարվա ռազմական բյուջեն։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ մինչև 2025 թվականը երկրի ռազմական ծախսերը պետք է կազմեն գրեթե 2,8 միլիարդ դոլար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքով` ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանից վտանգ են տեսնում։

«Ռազմական սադրանքները», «հայկական ուժերի դուրսբերման թերի գործընթացը», «ադրբեջանական տարածքների նպատակային ականապատումը», սրանք են Հայաստանից բխող վտանգները՝ ըստ պաշտոնական Բաքվի։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն իր հերթին ծավալուն հայտարարություն է տարածել, դրանում մեղադրել հայկական կողմին Ադրբեջանի լայնածավալ վերականգնողական, շինարարական աշխատանքները, վերաբնակեցման գործընթացը խոչընդոտելու համար։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նաև պնդում է, որ ընթացիկ տարվա օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում, «հայտնաբերվել է 1119 ական, ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ 1609 ական արտադրված Հայաստանում 2021 թվականին»: Ադրբեջանական գերատեսչությունը հավելում է՝ վերջերս հայտնաբերված ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքը «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հրավերով այցելել է «ականապատված տարածքներ և զննել հայտնաբերված ականները»։ Նույն արշավին մասնակցել են նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները: Թե որ երկրներից, չի հաղորդվում։

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Բաքվից հնչող մեղադրանքներին:

XS
SM
MD
LG