Մատչելիության հղումներ

Անհետ կորածների ծնողները նրանց հայտնաբերելու պահանջով դիմում են ՀՀ իշխանություններին ու Պուտինին


Ամանորյա ակտիվ տոնական նախապատրաստություններին զուգահեռ՝ երկրորդ օրն է՝ Հանրապետության հրապարակում են հավաքվում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ: Նրանք Հայաստանի իշխանություններից ու միջազգային դերակատարներից պահանջում են իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր կատարել։

Պատերազմից երկու տարի անց ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում, նրանց հարազատները շարունակում են բոլոր հնարավոր դռները թակել՝ իրենց որդիների մասին ինչ-որ տեղեկություն ստանալու հույսով։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Արսեն Ղուկասյանը փնտրում է եղբորորդուն՝ Սարգիս Ղուկասյանին:

«Մարդ իր զավակից երկու տարուց ավելի տեղեկություն չունի, դա արդեն անտանելի է ուղղակի: Իմ եղբոր տղայի վերջին գտնվելու վայրն ու իր այնտեղից անհետանալը, հետագա պրոցեսը բերել է նրան, որ ինքը չկա: Եթե անգամ ես ընդունեմ, որ ինքը զոհվել է, պետք է լիներ դիակ, պետք է լինել ԴՆԹ համընկնում, չունենք նման բան, իսկ մարդը չի կարող ուղղակի իքս վայրից անհետանալ՝ Հադրութից, որտեղ չի եղել մեծ հրետանի, ԱԹՍ չի եղել, եղել է հրաձգային կռիվ, ու չի կարող հրաձգային վիրավորումից կամ ասենք՝ վնասվածքից մարդն ուղղակի անհետանալ: Քանի որ տվյալ հատվածը, որտեղից ինքն անհետացել է, 4 անգամ մենք անձամբ մտել ենք, տարածքը նայել ենք՝ տուն առ տուն, նկուղ, տանիք», - ասում է նա:

Ծնողների փոխանցմամբ՝ իրենց զավակները անհետ «կորել են մեծամասամբ Հադրութում կամ Ջեբրայիլում»։

Ոմանք ասում են, թե տարբեր ճանապարհներով պարզել են, որ իրենց զավակները գերության մեջ են, ողջ են, պարզապես Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատում։

Նորայր Հայրապետյանի հետ ծնողները վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 13-ին, դեկտեմբերին արդեն ադրբեջանական կայքերում գերիներին պատկերող տեսանյութերում են տեսել։ Վստահ են՝ Նորայրն է, թեև իրենց պարզաբանել են, թե այդ կադրերը բեմադրված են. «Մենք ճանաչում ենք նրա կազմվածքը, ում ցույց ենք տալիս, ասում են՝ ինքն է»:

«Մեր ընտանիքի՝ Նորայրի երեխաները, կինը, բոլորս գտնում ենք, որ մեր տղան է: Կարմիր խաչին ցույց ենք տվել {նկարները}, իրենք պատասխանել են, որ դերասաններ են», - նշում են նրանք:

Հավաքված ծնողները պահանջում են, որ կատարվի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության ութերորդ կետը, որի համաձայն պետք է փոխանակվեն ռազմագերիներն ու զոհվածների դիերը։ Եվ քանի որ հայտարարության կողմերից մեկն էլ Ռուսաստանն է, հուսահատ ծնողները նաև ռուսերեն գրություններով պաստառներ էին պարզել՝ օգնություն խնդրելով Պուտինից, նախապես դիմել են նաև Պուտինի աշխատակազմին՝ հանդիպում խնդրելով վաղը Երևան ժամանող Ռուսաստանի նախագահի հետ։

«Հուսով ենք, միգուցե, եթե չէ, էս անգամ էլ գոնե հույս կփայփայենք, որ գոնե մեր երկրի իշխանությունը ևս մեկ անգամ այլ մակարդակի վրա նորից այս հարցը կբարձրացնի, կասի, որ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, էս 203 անհետ կորածներից մենակ 5-ը հանդիսանում են երկքաղաքացիություն ունեցող անձինք, որոնք նաև ՌԴ քաղաքացի են, գոնե քո երկրի քաղաքացիների համար մի բան արա, բեր», - նշում է Արսեն Ղուկասյանը:

Ամալյա Աբաջյանը կորած որդու անունը չի ցանկանում ասել, վախենում է՝ գուցե այդ կերպ վնասի նրան, բայց դիմում է Վլադիմիր Պուտինին՝ որպես Ռուսաստանի քաղաքացի խնդրելով օգնել. «Մենք ցանկանում ենք, որ մեր խոսքը հասնի Վլադիմիր Պուտինին, շատ ենք խնդրում, որ մեր երեխաները վերջապես վերադառնան: 2 տարի է՝ տանջվում ենք, էլ չգիտենք ում դիմել, իմ որդին էլ է Ռուսաստանի քաղաքացի, և ես էլ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, մեծ հույսեր եմ կապում Վլադիմիր Պուտինի հետ, որ եռակողմ հայտարարության 8 -րդ կետը կատարվի, ու մեր երեխաները վերջապես վերադառնան»։

Հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 16 -ին, տեղի կունենա վարչապետ Փաշինյանի որոշմամբ անցած ամիս ստեղծված Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը ղեկավարում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև անհետ կորածների հարազատների կողմից ստեղծված «Հույսի ճրագ» հասարակական կազմակերպությունը։ Ծնողները հույս ունեն, որ հանձնաժողովը վերջապես արդյունավետ կգործի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG