Մատչելիության հղումներ

«Գագիկը ծննդյան օր ունի, բայց մահվան օր չունի». 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր


44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Գագիկի մայրը՝ Լուսինե Դարբինյանը։
44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Գագիկի մայրը՝ Լուսինե Դարբինյանը։

Լուսինե Դարբինյանի չմարող վիշտը նորից է բորբոքվել սեպտեմբերյան մարտերի ընթացքում հայ անզեն գերիների գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյութից։ 44-օրյայի ընթացքում գերի ընկած որդու դին անցած տարեսկզբին իրեն գլխատված, խոշտանգված են հանձնել։

Մեկը մի օր պատասխան կտա՞ այդ դաժանությունների համար. որդեկորույս մայրը կրկնվող այս պատմություններից հետո էլ հույսեր չունի. - «Եթե մինչև օրս Գագիկի ու իր նման մյուս խոշտանգված երեխեքի համար ինչ-որ երկիրը կարողանար պատժել նման հանցագործներին, ռազմական հանցագործներին, այս սեպտեմբերի 13-ի պատմությունը չէր կրկնվի»։

19-ամյա Գագիկն ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ջաբրայիլում էր տեղակայված։ Առաջնագծում թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ ընկել: Զինակիցների հետ մեկ անգամ կարողացել է դուրս գալ շրջափակումից, երկրորդ անգամ, արդեն Հադրութում չի ստացվել։

Մայրը վերջին անգամ հոկտեմբերի 11-ին է խոսել հետը։ Որդին ասել է, որ նորից շրջափակման մեջ են, անհավասար մարտեր են ընթանում։ Այդ օրվանից Գագիկի ու խմբի մյուս զինվորների հետ կապն ընդհատվել է:

Անհետ կորած է համարվել, մինչև 2020-ի դեկտեմբերին համացանցում տարածված տեսանյութում ճանաչել է գերի որդուն. - «Տեսանյությում և Գագիկն է շատ պարզ երեևում, և Գագիկի հետ մի մարդ էլ կար՝ Յուրա Պետրոսյանը, որը մինչև հիմա անհետ կորածների ցուցակում է, դին դեռ չի գտնվել: Մինչև օրս մեզ անհայտ է Գագիկին տեսանյութը նկարահանել, սպանել են, թե տարել են Ադրբեջան, ընտեղ են սպանել»:

Տեսանյութը, որտեղ երևում է Գագիկը, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել։ Եվրադատարանում Լուսինե Դարբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գործն ընթացքի մեջ է:

Մայրը ամիսներ շարունակ կարծել է, թե որդին ողջ է ու սպասել է վերադարձին: Անցած տարվա ապրիլի սկզբին լուրեր տարածվեցին, թե Բաքվից գերիների հերթական խմբին փոխադրող ինքնաթիռ է գալիս Երևան։ Բայց այդ օրը գերիներ չհայրենադարձվեցին։ Իշխանությունները հետո պարզաբանեցին, թե հույս ունեին, բայց չի ստացվել։

Մայրը փաստերը կողք կողքի է դրել ու թեև չի կարող պնդել, բայց ենթադրում է, որ այդ ինքնաթիռով զոհերի մարմիններ են բերել. - «Ու հետո էդ դատարկ սամալյոտից հետո ոնց որ թե, էդ համընկնում եղավ թե իրականում էր մինչև օրս դա էլ անհայտ մնաց մեզ չիմացանք, ու հետո պարզվեց, որ Գագիկը գտնվում է «Մխիթար Հերացիում»:

Բայց այստեղից պատմությունն էլ ավելի խճճվում, քանի որ կնոջն ասել են, որ որդու դին դեռ 2020-ի դեկտեմբերից է գտնվել դիահեձարանում. - «Դեկտեմբեր ամսից մինչև ապրլի 19-ը, երբ ես իմացել եմ, էդ ժամանակահատվածը իրանց ասելով Գագիկը գտնվել է Մխիթար Հերացիում: Բայց եթե դեկտեմբերից Գագիկը էնտեղ է եղել, մենք ոչ մի զանգ չենք ունեցել և ոչ մի բան... նույնիսկ դեկտեմբերի 19-ին մենք դիմել ենք, որ Գագիկը գերեվարված է, մեզ ոչ մի տեղեկություն չեն ասել։ Թե գիտեք ինչ՝ Գագիկը գերեվարված չէ կամ գերեվարված է, և սպանված է, դին էլ գտնվում է Մխիթար Հերացիում»:

Գերիներ չբերած ինքնաթիռի լուրից օրեր անց Լուսինեն դիահերձարանում է ճանաչել որդու դին. - «Մարմինը խոշտանգված ինձ հանձնել են առանց գլխի... Դանակահարության հետքեր կային Գագիկի դոշի հատվածում: Դաջվածքներ ուներ Գագիկը իրա մարմնի վրա, մենք դրանից ենք ճանաչել։ Այնտեղ հայկական հերոգլիֆ տառերով գրված էր՝ «Միայն Աստված է ինձ դատում» ու էդ Աստված բառի վրա դանակահարության հետքեր կային: Թևի այ էս հատվածում կաշին քերթված էր Գագիկի, ոտքին երկու հրազենային վիրավորումներ ուներ Գագիկը»։

Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է խոշտանգվել ու սպանվել որդին. մայրը այս հարցերի պատասխանը մինչ օրս չունի. - «Գագիկը ծննդյան օր ունի, բայց մահվան օր չունի, զոհվելու օրը չկա: Պարզապես մենք իրա օրը նշում ենք հուղարկավորության օրը, երբ մայր հողին ենք հանձնել»:

Լուսինեն միայնակ է մեծացրել մինուճար որդուն։ Խոստովանում է՝ ժամանակին Ռուսաստան էր տեղափոխել, որ բանակ չզորակոչվի. - «Ես տարել էի իրան, որ նման խնդիրների առաջ չկանգնեինք, բայց երբ պահը եկավ հասավ, ինքը ինձ ասեց՝ ես պարտավոր եմ գնամ ծառայության, իմ հայրենիքի պարտքը պիտի կատարեմ: Նույնիսկ ասեց՝ մամա ջան, դու իմ կարծիքը հաշվի առե՞լ էիր, որ բերել էիր, ես էդ մարդկանցից չեմ, որ պտի փախած մնամ: էդպես որոշեց ու օգոստոսի 24 -ին եկավ ծառայության»:

Գագիկը որոշել էր ծառայությունից հետո ընկերուհու հետ միասին Հայաստան տեղափոխվել: Սպորտով էր զբաղվում, նաև՝ դաջվածքներ անում: Ամեն ինչ կիսատ մնաց, Գագիկը չհասցրեց 20-ը բոլորել։

XS
SM
MD
LG