Մատչելիության հղումներ

Օգնությունը Հայաստանին ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովի «կարևորագույն հարցերից կլինի»


ՀԱՊԿ մոսկովյան գագաթնաժողովի մասնակիցները, 16-ը մայիսի, 2022թ.

Նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի քննարկելիք կարևորագույն հարցերից կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օժանդակության ցուցաբերման համատեղ միջոցները: Այս մասին ասված է կազմակերպության մամուլի քարտուղարի հաղորդագրությունում:

Վլադիմիր Զայնետդինովի՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակած հաղորդագրության համաձայն, Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու են բոլոր անդամ երկրների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հիմնախնդիրները և նախորդ գագաթնաժողովից հետո անցած ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովը նաև Հռչակագիր կընդունի:

Նախատեսվում է քննարկել մի շարք այլ հարցեր ևս, այդ թվում՝ կազմակերպության եկող տարվա բյուջեն:

ՀԱՊԿ նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից անցնելու է Բելառուսին՝ 2022-23 թվականների համար, ինչի կապակցությամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի իրենց առաջնահերթությունները: Գագաթնաժողովը ռոտացիայի հետ կապված կքննարկի նաև գլխավոր քարտուղարի հարցը, որը պաշտոնը կստանձնի եկող տարվա հունվարի 1-ից:

Գագաթնաժողովին կնախորդի կազմակերպության արտգործնախարարների նիստը:

Սեպտեմբերի 13-14-ը հայ -ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է:

XS
SM
MD
LG