Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի հայտարարությունը շատ լուրջ հարված էր հենց ՀԱՊԿ-ի հեղինակությանը. Արմեն Խաչատրյան


ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյան («Քաղաքացիական պայմանագիր»)
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյան («Քաղաքացիական պայմանագիր»)

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ եթե ՀԱՊԿ-ը որևէ օգնություն չտրամադրի Հայաստանին, ապա հարց պետք է դրվի՝ ռազմաքաղաքական այդ դաշինքում մնալու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

Վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ ՀԱՊԿ նիստում առաջարկել էր նախ դիվանագիտական ճանապարհով աշխատել Ադրբեջանի հետ, և եթե դա արդյունք չտա, ապա ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի անդամ պետության Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Սեպտեմբեի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո առ այսօր ՀԱՊԿ-ն այդպես էլ Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն չի արել, Հայաստանի որևէ օգնություն, այդ թվում՝ հումանիտար, չի տրամադրել։

«ՀԱՊԿ-ը ի՞նչ արձագանքներ կտա, ի՞նչ օգնության առաջարկ մեզ կներկայացնի, կտեսնենք դա ընթացքում։ Կարող է լինել տարբեր։ Նրանք կարող են կա'մ դիվանագիտական, ինչ-որ ռազմաքաղաքական գնահատականներով փորձեն այս հարցը լուծել, կա'մ Հայաստանի Հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն պետք է ցույց տան, հումանիտար օգնություն պետք է ցույց տան, կա'մ հենց զինված, հենց ռազմական օգնություն պետք է ցույց տան։ Այս ցանկից ինչ-որ մեկը կամ մի քանիսը պետք է նրանք իրականացնեն։ Թե որը կիրականացնեն, հարց է։ Եթե չանեն, մենք ստիպված կլինենք ֆիքսել, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարում, պարտականությունները չի կատարանում, և արդեն իհարկե հարց է դրվելու, թե մենք ընդհանրապես ՀԱՊԿ-ի անդա՞մ ենք, թե՞ ոչ, ՀԱ՞ՊԿ-ն է մեզ դուրս թողել, թե՞ մենք ի սկզբանե ՀԱՊԿ-ի անդամ չենք եղել դե ֆակտո։ Իհարկե հարցը պետք է դրվի ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքը շարունակելու անհրաժեշտություն կա, թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Ճանապարհային քարտեզի միջոցով Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու Հայաստանի վարչապետի առաջարկին ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը անցած շաբաթ կայացած ՀԱՊԿ նիստում շատ կոշտ էր արձագանքել։ Լուկաշենկոն ասել էր, թե ճանապարհային քարտեզ պահանջելու փոխարեն Փաշինյանը պետք է Ալիևի ու Ռուսաստանի հետ հարցերը լուծի։

Բելառուսի նախագահը նաև ընդգծել էր, թե Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար թշնամի կամ հակառակորդ չէ։ Ավելին, Ալիևը «իրենց մարդն է»։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի խոսքով, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը շատ լուրջ հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Բելառուսի նախագահը ըստ էության հայտարարեց, թե քանի որ ագրեսորը իր ընկերն է, ուրմեն ՀԱՊԿ -ը չպետք է գործի։ Արմեն Խաչատրյանը պատահական չի համարում, որ փակ հանդիպումից Բելառուսի նախագահը մանրամասներ է հրապարակել՝ այդկերպ փորձելով ցույց տալ իր նվիրվածությունը Ալիևին. - «Լուկաշենկոյի հայտարարությունը շատ լուրջ հարված էր հենց ՀԱՊԿ-ի հեղինակության, լրջության և ընդհանրապես նրա գոյության անհրաժեշտության համար։ Այսինքն ի՞նչ ասես Լուկաշենկոն։ Լուկաշենկոն միտք արտահայտեց, որ Алиев наш человек, որքանով հիշում եմ։ Այսինքն՝ եթե օկուպանտը, հարձակվող երկիրը наш человек ֆորմատի մեջ է մտնում, ուրեմն ՀԱՊԿ-ը պետք է չգործի։ Լուկաշենկոյի ասածը սա էր։ Սա աբսուրդ է։ Հետևաբար այստեղ մնում է ուղղակի Լուկաշենկոյին խորհուրդ տալ, որ առաջարկությամբ դիմի ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ, պայմանագրի մեջ կետ ավելացնել, որ եթե օկուպանտը, ագրեսորը իրենց մարդն է, կամ իրենց ընկերն է, կամ մտերիմն է, հետևաբար ՀԱՊԿ-ը պետք է չգործի»։

Հարցի շուրջ առճակատումը Բելառուսի և Հայաստանի միջև շարունակվում է

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից պահանջում է ճանապարհային քարտեզ ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, դաշինքի անդամներ Բելառուսի և Հայաստանի միջև այս հարցի շուրջ առճակատումը շարունակվում է։

Պաշտոնական Երևանը, Բելառուսի նախագահի հայտարարությունից 5 օր անց, երեկ սուր քննադատության ենթարկեց Լուկաշենկոյին, նրա հայտարարությունները որակելով «հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային , ինչը հարցականի տակ է դնում Բելառուսի կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները»։

Բելառուսի արտաքին գերատեսչության հակադարձումը չուշացավ. - «Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ»։

Ընդգծելով, որ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում իր գնահատականները հնչեցրել է, Պաշտոնական Մինսկը երեկ տարածած հայտարարության մեջ հարցադրում է անում՝ ի՞նչի համար է Հայաստանի արտգործնախարարության այս ուշացած գնահատականը, ապա հավելում. - «Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականությունը բնութագրող գծերից մեկն է։ Եթե մյուս երկրներն էլ իրենց այդպես պահեին, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG