Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել են Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերը


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Չնայած պաշտոնական Երևանի ակնկալիքներին, Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հաջորդած հաղորդագրությունում որևէ քաղաքական գնահատական չկա սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմանների դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և չի նշվում, թե ինչպես է վերականգնվելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Նիստում, որին մասնակցում էին դաշինքի անդամ վեց երկրների ղեկավարները, քննարկվել են Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ քայլերը, բայց թե որոնք են դրանք, չի հաղորդվում։

Նշվում է, որ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության զեկույցը սահմանային իրավիճակի մասին։ Իսկ բուն սեպտեմբերի 13-ի դեպքերը ներկայացվում են որպես հայ-ադրբեջանական սահմանի սրացում՝ առանց նշելու, թե որ կողմն է սկսել ռազմական գործողությունները։

Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտել է առկա իրողությունները, մասնավորապես, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Ըստ պաշտոնական կայքի՝ Հայաստանի վարչապետը խոսել է ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած ակնկալիքների մասին, ըստ էության, կրկնելով օրեր առաջ ԱԺ-ում արած իր հայտարարությունը։

«Ո՞րն է մեր ակնկալիքը, շատ հստակ ակնկալիք կա, որ Հավաքական անվտանգության կազմակերպությունը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ», - նշել է Փաշինյանը:

ՀԱՊԿ փակ նիստից կարճ տեսանյութ է տարածել Կրեմլի պաշտոնական կայքը։ Հակիրճ ելույթում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում։ Հրապարակված տեսանյութում ևս հասցեական գնահատականներ ու անելիքների մասին հստակ հայտարարություններ չկան։

«Այսօր էլ մենք ամեն ինչ անում ենք Բաքվի և Երևանի հարաբերությունների ամբողջական կարգավորման համար: Ուզում եմ ընդգծել, որ բոլորին հասկանալի է և բոլորի համար պարզ է, որ դեռ ոչ վաղ անցյալում Ադրբեջանը Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միասնական պետության կազմում էին, և մենք մեծ կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ ու դա հաշվի չառնել անհնար է: Մենք բոլորս հիմա շատ բարդ իրավիճակում ենք, բայց մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ այս երկրների խնդիրներից ու հակամարտություններից: Մենք պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը», - ընդգծեց է Պուտինը:

Պաշտոնական Երևանը այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հրապարակավ քննադատել է ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական ագրեսիային համարժեք չարձագանքելու, Հայաստանին ռազմական օգնություն չտրամադրելու համար: Արձագանքելով այդ քննադատություններին՝ Ռուսաստանի արտգործնախարարը շաբաթներ առաջ, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ասել էր, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման, և որ դրա համար անհրաժեշտ է միայն կազմակերպել Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը:

Լավրովի այս հայտարարությունից հետո Փաշինյանը այս չորեքշաբթի հայտարարեց, որ Հայաստանն է նախաձեռնել արտահերթ նիստը։ Մինչ այս պահը, սակայն, հայտնի չէ՝ դիտորդներ ուղարկելու համաձայնություն կայացվել է, եթե՝ այո, ապա ինչ մանդատ կարող է ունենալ այդ առաքելությունը:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական: Իսկ ադրբեջանական APA գործակալությանը Բելառուսի արտգործնախարարությունից փոխանցել են, որ նոյեմբերի վերջին նախատեսված հանդիպմանը դարձյալ անդրադարձ կլինի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

XS
SM
MD
LG