Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակն այսօր մտել է Խերսոն


Ուկրաինական բանակն այսօր մտել է Խերսոն քաղաք, որն ավելի վաղ լքել էին ռուսները։ Սոցիալական ցանցերում արդեն ուկրաինացի զինվորականների լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվել։ Բնակիչները ուկրաինական դրոշներով են դիմավորում նրանց։

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ռուսական բանակը հեռացել է Դնեպր գետի աջ ափից. - «Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի տեղափոխումը Դնեպր գետի ձախ ափն ավարտվել է այսօր, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5-ին։ Ռազմական տեխնիկայի և զենքի ոչ մի միավոր չի մնացել աջ ափում։ Բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափը»։

Մինչդեռ երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարը «Ռոյթերսին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե ռուսները քաղաքը մի շաբաթում կթողնեն։ Կիևում ընդհանրապես չէին հավատում, որ ռուսներն արագ և առանց մարտերի կհեռանան մարզկենտրոն Խերսոնից։

Կրեմլը, սակայն, շարունակում է հայտարարել, որ հանրաքվեով բռնակցված Խերսոնի շրջանը Ռուսաստանի մաս է, իսկ նահանջի մեջ նվաստացուցիչ ոչինչ չկա։

«Խերսոնը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այս կարգավիճակը օրենքով սահմանված և ամրագրված է։ Փոփոխություններ չկան և չեն կարող լինել», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա միաժամանակ հրաժարվել է մեկնաբանել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը և դարձյալ շեշտել է. - «Հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է և կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի իր նպատակներին»։

Պեսկովը, ի դեպ, կրկին ասել է, թե հակամարտությունը կարելի է կարգավորել բանակցությունների միջոցով՝ շեշտելով, սակայն, որ դրանք այսօր հնարավոր չեն Կիևի դիրքորոշման պատճառով։

Խերսոնից հեռանալու որոշման մասին նոյեմբերի 9-ին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ուկրաինայում ռուսական ուժերի հրամանատար, գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո։ Հրամանատարը ասել էր, թե ներկա պայմաններում անհնար է ամբողջությամբ մատակարարել քաղաքը, և որ զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափը կփրկի զինվորների կյանքը։ Խերսոնը Ուկրաինայի միակ մարզկենտրոն էր, որը ռուսական բանակը կարողացել էր գրավել պատերազմի գրեթե ինը ամիսների ընթացքում։

Առանց մարտերի թողնելով Խերսոնը՝ ռուսական ուժերը միաժամանակ շարունակում են ուկրաինական քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը։ Գիշերը Նիկոլաև քաղաքում հրթիռակոծվել է հինգհարկանի բնակելի շենք, հինգ մարդ է զոհվել։

Ուկրաինայի նախագահը Նիկոլաևից տեսանյութ է հրապարակել և քաղաքի գնդակոծությունն անվանել «ահաբեկչական պետության ցինիկ պատասխանը ճակատում ուկրաինական հաջողություններին»։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Գիշերվա իր ուղերձում Վլադիմիր Զելնսկին հայտնել է նաև, որ Կիևը նոր ռազմական օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից. - «Այսօր մենք ունենք ռազմական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից: ՀՕՊ-ի կարևոր միջոցներ, հենց այն, ինչ մեզ անհրաժեշտ էր, այն, ինչ մենք խնդրել էինք»։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հորդորել են արևմտյան երկրներին օգնել փակել երկինքը և փրկել ուկրաինացիների կյանքը։ Պենտագոնը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները հավելյալ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինա։ Փաթեթը ներառում է մեծ քանակությամբ ռազմամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Avenger տեսակի չորս համակարգ։

XS
SM
MD
LG