Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն «մանևր» է անվանում զորքերի դուրսբերումը Խերսոնից


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զորքերի դուրսբերումը Դնեպրի ձախ ափ «մանևր» է անվանում։

«Նիկոլաև- Կրիվոյ Ռոգի ուղղությամբ մեր ստորաբաժանումները մանևրում են Դնեպր գետի ձախ ափին պատրաստված դիրքեր՝ խստորեն հետևելով հաստատված պլանին», - այսօր հայտարարել է գերատեսչության խոսնակը։

Երեկ Ուկրաինայում ռուսական խմբավորման հրամանատար, գեներալ Սերգեյ Սուրովիկինը, արձանագրելով Դնեպրի աջ ափին գտնվող զորքերի մատակարարման դժվարությունները, Պաշտպանության նախարարին առաջարկել էր ստորաբաժանումները ձախ ափ տեղափոխել։ Սերգեյ Շոյգուն համաձայնել էր և հրամայել սկսել բանակի դուրսբերումը։

Սա, ըստ էության, նշանակում է այս պատերազմի ընթացքում գրավված միակ մարզկենտրոնի՝ Խերսոնի հանձնում։ Իսկ Խերսոնի շրջանը ռուսների կողմից օկուպացվել էր պատերազմի առաջին շաբաթներին՝ մարտի սկզբին, ապա սեպտեմբերին բռնակցվել Դոնեցկի, Լուգանսկի և Զապորոժեի հետ միասին։

Դնեպրի ձախ ափ տեղափոխվելուն զուգահեռ ռուսական զորքերը սկսել են խրամատներ փորել բռնակցված Ղրիմի հյուսիսային հատվածում։ Լրատվամիջոցները արբանյակային լուսանկարներ են հրապարակում, որոնցում երևում է, որ նոր ամրություններ են հայտնվել, մասնավորապես, Ղրիմի և Խերսոնի շրջանի Ջանկոյ անցակետի և Արմյանսկ քաղաքի մոտ։

Ուկարինայի իշխանությունները նահանջը սկսելու Շոյգույի հրամանագրից հետո հայատարարեցին թե չեն կարծում, որ ռուսները կթողնեն Խերսոն քաղաքն առանց մարտերի։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինսիտուտի փորձագետների կարծիքով, ռուս հրամանատարները որոշ ուժեր կթողնեն Խերսոնում և կփորձեն դանդաղեցնել ուկրաինական հարձակումը, որպեսզի աջակցեն իրենց բանակի կանոնավոր նահանջին։

Երեկվա իր տեսաուղերձում անդրադառնալով ռուսների նահանջին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին դա ուկրաինական բանակի հաջողության արդյունք էր համարել. - «Ոչ ոք հենց այնպես ոչ մի տեղ չի գնում: Թշնամին բարի կամքի ժեստեր չի անում: Մենք պայքարում ենք այդ ամենի համար: Մենք առաջ ենք գնում շատ զգույշ, առանց էմոցիաների, առանց զգացմունքների, առանց անտեղի ռիսկի: Մեր ամբողջ հողն ազատագրելու և կորուստները նվազագույնի հասցնելու շահերից ելնելով: Ահա թե ինչպես ենք ապահովելու Խերսոնի, Կախովկայի, Դոնեցկի և այլ քաղաքների ազատագրումը»:

Միևնույն ժամանակ Զելենսկին հորդորել է Մոսկվային զերծ մնալ Կախովկա հիդրոէլեկտրակայանի ջրամբարը պայթեցնելու փորձերից։ Նման ռիսկի մասին տևական ժամանակ է խոսում են թե' Ուկրաինայում, թե' Արևմուտքում։ Մոսկվան, իր հերթին, Խերսոնի բնակչության հարկադիր տարհանման գործընթացը սկսելիս ասում էր, թե ուկրաինական կողմն է պատրաստվում պայթեցնել հիդրոկայանի ջրամբարը։

«Եվ հիմա ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել բոլորին Մոսկվայում, ովքեր համապատասխան որոշումներ են կայացնում։ Կախովկա ՀԷԿ-ը պայթեցնելու և մեր տարածքը հեղեղելու ու Զապորոժիեի ատոմակայանը ջրազրկելու ձեր ցանկացած փորձ կնշանակի ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել։ Մտածեք, թե ինչ կլինի ձեզ հետ այդ ժամանակ», - ասել է Զելենսկին։

Մարզկենտրոն Խերսոնից ռուսների նահանջին զուգահեռ ուկրաինական զորքերն այսօր գրավել են այդ շրջանի ևս մեկ բնակավայր։ Համացանցում հայտնված տեսանյութերում Ուկրաինայի դրոշը բարձրացնում են Կալինովսկոյե ավանում։

Ուկարինացիներն ազատագրել են նաև Նիկոլաևի մարզի Սնիգիրյովկա քաղաքը։

Ռուսական ուժերի նահանջին անցած գիշեր անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահը. - «Նախ և առաջ կարծում եմ, շատ հետաքրքիր է, որ ռուսները սպասեցին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտին և նոր միայն [նահանջի] որոշում կայացրեցին։ Մենք, ի դեպ, տեղյակ էինք, որ նրանք պատրաստվում են նման քայլի դիմել։ Այդ քայլը խոսում է Ռուսաստանի, ռուսական բանակի մոտ առկա իրական խնդիրների մասին»։

ԱՄՆ-ի Միացյալ շտաբի պետ Մարկ Միլին հայտարարել է, թե գրեթե ինը ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, կրել են նույնչափ կորուստներ։ Ամերիկացի բարձաստիճան զինվորականը հավելել է նաև, թե, իր գնահատականներով, սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ՝ առանց նշելու, թե ինչպես է ինքը ձեռք բերել այս տեղեկությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ հայտարարել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով գրեթե 6000 զինծառայողի մահվան մասին։

XS
SM
MD
LG