Մատչելիության հղումներ

Ուկրաինայում այսօր իրավիճակը կրկին սրվել է


Այսօր ուկրաինական մարտադաշտում իրավիճակը կրկին սրվել է։ Առավոտից մի շարք գյուղեր ու քաղաքներ կրկին հայտնվել են հրետակոծության տակ։

Թեժ է իրավիճակը հատկապես Խերսոնից հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սնեգիրյովկա քաղաքում։ «Ուկրաինական բանակը փորձում է ներխուժել», - գրել է Խերսոնի ռուսական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը՝ հավելելով, որ տեղում ծանր մարտեր են սկսվել. - «Ուկրաինացիներին հաջողվել է առաջանալ Սնեգիրյովկայի հյուսիսային ծայրամասում, երկաթուղային գծերի երկայնքով: Բնակավայրն այժմ գտնվում է մարտական գոտում»։

Երկու ժամ անց նույն պաշտոնյան հայտնել էր, թե ռուս զինվորականներն իբր հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի փորձ, այդ թվում Սնեգիրյովկայի ուղղությամբ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստրեմուսովն այսօր մահացել է։ Ռուսամետ Տելեգրամ ալիքներն ու բլոգերները հայտնում են, որ, ըստ նախնական տվյալների, պաշտոնյան մահացել է ավտովթարի հետևանքով։

Օգոստոսին այս քաղաքն ու տարածաշրջանի մի քանի այլ բնակավայրեր անցել էին ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Հոկտեմբերի երկրորդ կեսին Խերսոնի շրջանի ռուսական վարչակազմը հայտարարեց Դնեպրի աջ ափից բնակիչների հարկադիր տարհանման մասին։ Ռազմական փորձագետները կանխատեսում են թեժ մարտեր Խերսոնի համար։

Ուկրաինական կողմը մարտերը Սնեգիրյովկայում չի մեկնաբանում։ «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, սակայն, հերթական զեկույցում հայտնել է Սնեգիրյովկա քաղաքի մոտ ռուսական ուժերի զինամթերքի պահեստների ոչնչացման մասին. - «Թշնամու զինամթերքի երկու պահեստներ են ոչնչացվել Սնեգիրյովկայի ու Կոստրամկայի մոտ»։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահը ևս երեկ հաստատել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է, մարտերը շարունակվում են. - «Տեղեկատվական դաշտում դեռևս նկատվում է ռազմաճակատից լուրերի քանակի որոշակի նվազում. հաղորդագրություններն ավելի քիչ են, քան, օրինակ, աշնան սկզբին։ Բայց դա չի նշանակում, որ մարտերի ինտենսիվությունը նվազել է»։

Չնայած եղանակային պայմաններին, ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի նվազել ո'չ Դոնեցկի ու Լուգանսկի, ո'չ էլ Խերսոնի ուղղություններով։

Կրեմլը գրեթե ամեն օր հայտարարում է, թե պատրաստ է բանակցությունների, սակայն Արևմուտքը կասկածի տակ է դնում այդ հավաստիացումները։

Նեդ Փրայս
Նեդ Փրայս

Միացյալ Նահագների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ մասնավորապես ասել է, թե բանակցությունների մասին խոսող ռուսական կողմը կարող էր, օրինակ, դադարեցնել ուկրաինական բնակավայրերի ռմբակոծումը. - «Ռուսական կողմից լավ ազդանշան կլիներ, եթե դադարեցնեին բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը, որի հետևանքով միլիոնավոր ուկրաինացիներ ջեռուցման, էլետրականության և ջրի հետ լուրջ խնդիրներ ունեն»։

Ու մինչ Վաշինգտոնը խոսում է բանակցությունների համար անհրաժեշտ ազդանշանների մասին, Ռուսաստանի նախագահը այցելել է Կարմիր հրապարակում այս օրերին անցնող Երկրորդ համաշխարհայաին պատերազմի ժամանակ Մոսկվայի պաշտպանությանը նվիրված ինտերակտիվ ցուցահանդեսը։ Հարցին, թե կգնա արդյոք Կրեմլի ղեկավարը Դոնբաս, որը բռնակցեց շաբաթներ առաջ, նրա խոսնակը դրական է արձագանքել։ «Պուտինը անպայման կայցելի Դոնբաս, երբ ժամանակը գա», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ չհստալեցնելով, թե այդ ժամանակը երբ է գալու։

Մինչ այդ, Կրեմլը ստիպված է նախ ռուսական բանակում խորացող դժգոհություններն ու խնդիրները հաղթահարել։ «Վյորստկա» հրատարակությունը հրապարակել է մոբիլիզացված զորակոչիկներից մեկի հեռախոսազրույցը մոր հետ, որտեղ երիտասարդը պատմում է Լուգանսկի շրջանում ռուս զինվորականների կրած ծանր կորուստների մասին։ Զինծառայողի խոսքով՝ հրամանատարությունը վերջերս մոբիլիզացված երիտասարդների մի խմբի ուղարկել է առաջնագիծ՝ «մորթվելու», առանց համապատասխան զենքի և տեխնիկայի. - «Զենք ընդհանրապես չկա, հրետանին աշխատում է, բայց սխալ ուղղությամբ է խփում։ 1985-ի զենք ունենք... Օգնեք, չենք ուզում թնդանոթի միս դառնալ»։

Ռուս զինծառայողը հավելում է, որ մոբիլիզացվածների մի խումբ «անկարգություն է կազմակերպել» և հրաժարվում է հետագա մարտական առաջադրանքներից։

Ավելի վաղ Կուրսկից մոբիլիզացվածների մոտ հիսուն հարազատներ երկու օր բողոքի ակցիա էին կազմակերպել մարզային վարչության շենքի մոտ՝ պահանջելով առաջնագծից դուրս բերել մարտական փորձ չունեցող մոբիլիզացվածներին։

Օրերս էլ Կազանում մոբիլիզացվածներն էին ապստամբել։ Նրանք դժգոհ են ճամբարի վատ պայմաններից՝ ո'չ վառելափայտ, ո'չ ջուր, ո'չ սնունդ։

«Գեներալ, պատասխանե'ք մեզ: Հանե'ք ձեր ուսադիրները», - ասում էին մոբիլիզացվածները իրենց հետ հանդիպման եկած գեներալին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG