Մատչելիության հղումներ

«Գրկեիք, շալակեիք, բերեիք». ձորում վիրավոր թողնված որդու մահվան հետ չեն հաշտվում ծնողները


19-ամյա Աբրահամ Սարգսյանի ծնողները
19-ամյա Աբրահամ Սարգսյանի ծնողները

Օրեր առաջ, երբ ադրբեջանական կողմը 10 հայ զինծառայողների մարմինններ փոխանցեց, Դալարիկում 19-ամյա զինծառայող Աբրահամ Սարգսյանի տանը արագացան բոլորի սրտի զարկերը։ Ծնողները՝ Արթուրն ու Ալվարդը, 45 օրվա անորոշությունից հետո իրենց անհետ կորած որդուն գտան առանց ԴՆԹ փորձաքննության։

«Մորգում էդ աղջիկն ինձ տեսավ ասեց՝ էրեխեն իմ մոտ ա, դու էն նակոլկեքով էրեխու պապա՞ն էիր, թագերով։ Ասի՝ հա, մի հատ նկարը տենամ էլի... Գնաց նկարեց թագերը, բերեց, ասի՝ էս իմ էրեխու թագերն ա», - պատմեց Արթուրը։

Աբրահամը դեռ 15 տարեկանից էր դաջվածքներ արել մարմնին, կրծքավանդակին երկու թագեր էին, ձեռքին՝ խաչ, արծիվ։ Այս պատկերներով են որդուն ճանաչել։ Հայրն ասում է՝ դիահերձարաններով անցնում էր ամեն անգամ, երբ Ադրբեջանը մարմիններ էր փոխանցում, ու միշտ զգում էր, որ որդուն չի գտնելու։

Աբրահամը Ջերմուկում էր ծառայում։ Սեպետեմբերի 13-ին մարտական հերթապահության էր քաղաքից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետրի վրա գտնվող 107-րդ դիրքում։ Ադրբեջանական զինուժի առաջին հարվածները այս ուղղությամբ էին։ Վիրավորվել է հենց 13-ին՝ դեմքի այրվածքներ ու ձեռքի վնասվածք։ Ծնողներին ոչինչ չի ասել։ Նրանք հետո ընկերներից են լսել, այդ վիճակում ծառայակիցների զենքերն է լիցքավորել, օգնել ինչով կարողացել է։

Հաջորդ օրը երկրորդ անգամ է վիրավորվել՝ ոտքի բեկորային վիրավորում։ Այստեղ արդեն սկսվում է այն պատմությունը, որ ամենամեծ ցավն է պատճառում ծնողներին։ Միայն մի քանի հոգի է փորձել օգնել վիրավոր զինծառայողին. Նարեկը, Սերգեյը, Տիգրանը, Գոռը յուրաքանչյուրը մետր- մետր Աբրահամին փորձել են դուրս բերել տեղանքից, որն արդեն Ադրբեջանի հսկողության տակ էր։

«Բերում էդ ձորակի մոտ թողում են էրեխուն։ Ասում ա՝ արդեն վիճակը լավ չէր էրեխու։ Բայց ինքը մահացած չի եղել։ Դե արյունաքամ էղել, սոված-ծարավ էրկու օր...», - պատմում է հայրը։

Կապ են հաստատել զորամասի հետ՝ ասել, որ վիրավոր կա, օգնություն է պետք... օգնող չի եղել։ Տեղում գտնվող պայմանագրայինների մեծ մասը, ըստ Աբրահամի ծնողների, թողել-փախել են։ Փաստն է այն, որ Աբրահամի հետ ծառայողները սեպտեմբերի 15-ի երեկոյան հասել են Ջերմուկի զորամաս, տղան վիրավոր մնացել է ձորում։

Արթուր ասում է՝ որդին փոքր-մոքր էր, դժվար չէր նրան տեղափոխել, չի մեղադրում այն մի քանի ծառայակիցներին, որ ողջ գիշեր փորձել են տեղափոխել որդուն, բայց չեն կարողացել մոտեցնել քաղաքին։ Ինքն էլ մարտական գործողությունների մասին լսել ու Ջերմուկ էր հասել։ Երկու օր անց գիտեր, որ որդին վիրավոր անօգնական մնացել է ձորում։ Զորամասում, ասում է, աղաչում էի բոլորին հասնենք, օգնենք... ապարդյուն. - «Սասուն Միքայելյանն ընդեղ էր, մի հատ էլ սենց նայում ա՝ գիտե՞ս ես ով եմ։ Ասի՝ ով՞ ես։ Բա՝ Սասուն Միքայելյանն եմ։ Ըսի՝ ինչ անեմ, ընձի պետք չի, թե դու ով ես, ընձի իմ էրեխեն ա պետք, գնացեք իմ էրեխուն փրկեք, բերեք։ Իմ էրեխեն արնաքամ ա էղնում, էսինչ տեղն ա...»

Արթուրը վստահ է, որ որդին այդ ձորակում չի մահացել, այլ ավելի ուշ, գերության մեջ։ Մարմինը բաց տարածքում չէր պահպանվի, ենթադրում է հայրը. - «Ընդեղ շներն ու գելերը կերած կեղնեին։ Իմ էրեխուն տարե-պահել են թուրքերը... մոտ մի քսան օրվա իմ էրեխեն մահացած կեղներ»։

Ընտանիքում սպասում են դատաբժշկական եզրակացությանը։ 45 օրվա անորոշությունից հետո Արթուրն ասում է, որ հիմա ավելի հանգիստ է. - «Գոնե գիտեմ, որ ինքը իմ հետ ա արդեն»։

Մայրը հակառակը, ասում է՝ թող ձգվեր այդ անորոշությունը, սպասեի. - «Կուզեի, որ միշտ սպասեի... Չգտնեին, բայց միշտ սպասեի»։

Ալվարդը հիմա է մտաբերում՝ որդու ծնվելուց ի վեր միշտ առաբձնահատուկ տագնապ էր զգում, դողում էր որդու վրա։

«Նրա բոլոր ցանկությունները կատարել ենք», - ժպտում է մայրը։ 13-ամյա քույր ունի, եղբայր էր ուզում։ Ու վեց ամիս առաջ Մարկը ծնվեց, միայն թե ավագ եղբոր հետ փոքրիկը շփվել է ընդամենը 5 օր, երբ Աբրահամը արձակուրդ էր եկել։

Վերջին 45 օրերի ընթացքում Մարկը հարևանների, ազգականների գրկում է խնամվել։ Անորոշության դժոխքի մեջ հայտնված ծնողները նրան գրկել չէին կարողանում և միայն այսօր նկատեցին, որ փոքրիկն արդեն ատամիկ ունի։ Նկատեցին, ժպտացին... Արթուրն ու Ալվարդը շատ են ուզում, որ Մարկը եղբայր ունենա, թող կրտսեր Աբրահամ լինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG