Մատչելիության հղումներ

Հայրենադարձված ռազմագերիներից առնվազն մեկը, նախնական տվյալներով, բռնության է ենթարկվել. իրավապաշտպան


Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական վերջին հարձակումից հետո հայկական կողմը շուրջ 20 ռազմագերու մասին էր հաղորդել, բայց Բաքուն 17-ին էր հաստատել։

Երևանցի Արտակ Գիժլարյանն արդեն տեսակցել է որդուն։ Վահեին և մյուս 16 ռազմագերիներին Բաքուն երեկ Վաշինգտոնի միջնորդությամբ վերադարձրեց հայկական կողմին։ Ծնողներն այսօր վերջապես ժպտում էին՝ որդուն ողջ առողջ են տեսել, հետազոտություններից հետո արդեն առավել մանրամասն տեղեկություններ կունենան ավելի քան երեք շաբաթ գերության մեջ անցկացրած 19-ամյա զինվորի առողջական վիճակի մասին։

«Համենայն դեպս, էրեկ սաղ էլ իրանց ոտով են իջել տրանսպորտից։ Ասում էին, որ չորս հոգու վիճակը էդքան էլ լավ չի, բայց ես իմ աչքով էլ տեսել՝ տասնյոթ հոգին էլ իրանց ոտով իջել են», - ասաց Արտակ Գիժլարյանը։

Ջերմուկում ծառայող և հենց այնտեղից էլ գերեվարված զինվորի հայրը պատմեց, որ որդին ու մյուսներն այսօր հարցաքննվել են Քննչական կոմիտեում են։ Կառույցից փոխանցեցին, որ ռազմագերիներին հարցաքննում են սեպտեմբերի 13-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում։

Թե ինչ առողջական վիճակով են հայրենիք հասել զինվորները, Պաշտպանության նախարարությունը չի մանրամասնում։ Գիշերվա ընթացքում նրանց հետազոտել են, «Ազատությանը» փոխանցեց Եվրադատարանում ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք բռնության ենթարկվել են, ասում է իրավապաշտպան Սահակյանը. - «Տասնյոթից մոտավորապես քառասուն տոկոսը ունեցել են հրազենային վնասվածքներ, նրանց առողջական վիճակը եղել է միջինից ծանր։ Այս պահին հայկական կողմի բժշկական զննության արդյունքներով նոր կկարողանանք որոշակի պատասխան տալ»։

Երեկ հայրենադարձված զինծառայողներից մեկի պաշտպանությամբ զբաղվող մեկ այլ իրավապապաշտպան՝ Անի Չատինյանն ասում է՝ նախնական տվյալներով՝ ռազմագերուն բռնության ենթարկել են. - «Վերջինիս առողջական վիճակը ոչ այնքան լավ է։ Կարծես թե կան վնասվածքներ և հետքեր վատ վերաբերմունքի։ Ամեն դեպքում էս ամենը հետագայում պարզ կլինի, երբ որ ստանանք համապատասխան բժշկական փաստաթղթերը։ Այս փուլում գրեթե ավարտվում է գործընթացը հրատապ միջոցներ կիրառելու հետ կապված, որովհետև մենք պետք է դատարանին տեղեկացնենք, որ վերադարձվել է Հայաստան։ Բայց էսքանով չի ավարտվում էն գանգատարկման հնարավորությունը, որը մենք կարող ենք ունենալ Կոնվենդիայի շրջանակներում։ Վատ վերաբերմունքի հիմքով և այլն, կարող ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»

Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական վերջին հարձակումից հետո Երևանը շուրջ 20 ռազմագերու մասին էր հաղորդել, բայց Բաքուն 17-ին էր հաստատել։ Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում՝ սեպտեմբերյան արյունալի բախումներից հետո արդյո՞ք Բաքվի հսկողության տակ էլի գերիներ կան։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով, դատելով վերջերս հայ ռազմագերիների գնդակահարության կադրերից, վերջին հարձակումից հետո գերեվարված այլ անձինք չկան. - «Մենք հստակ կարող ենք ասել, որ ավելի շատ անձինք են գերեվարվել։ Գնդակահարության տեսանյութն էլ ապացույց է, որ հաստատված գերիներից զատ այլ գերիներ եղել են, պարզապես նրանք ոչ թե հաստատվել և հայրենադարձվել են, այլ գնդակահարվել են»։

Մինչ այս պահը Հայաստանի կառավարությունը չի հայտնել, թե քանի անհետ կորած կա այս վերջին բախումներից հետո։ Անցած շաբաթ առանց տարանջատման հաղորդվել էր 206 զոհված և անհետ կորածի մասին։

«Քանի դեռ հայտարարված չի, որ բոլոր դիերը հայրենադարձված են և նույնականացումը ավարտված չի, չենք կարող անհետ կորածների թիվ դուրս բերել։ Մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել բոլոր դիերին։ Ունենք վստահորդներ, որոնց առնչությամբ պահանջում ենք դին անհապաղ վերադարձնել։ Այսինքն՝ գիտենք դիի կոնկրետ կոորդինատները, ունենք դա հիմնավորող տեսանյութեր, բայց ադրբեջանական կողմը արգելում է որոնողական գործողությունները, նաև ինքը չի վերցնում և փոխանցում հայկական կողմին։ Դրա համար, կարծում եմ, էս թվերը որոշակիացման կարիք ունեն»։

Առայժմ մշուշոտ է 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայերի հայրենադարձման հեռանկարը։ Ադրբեջանը ընդունում է, որ իր տարածքում դեռ 33 հայ կա, որոնք դատապարտվել են ռազմական ծանր հանցագործությունների մեղադրանքներով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG