Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Ադրբեջանցիները տանջել, գնդակահարել, ապա հայկական կողմին են փոխանցել հայ գերիների մարմինները


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝ երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված նոր տեսանյութում հայ ռազմագերիներ են, որոնց խոշտանգել են, հետո սպանել։ Պաշտպանության նախարարությունից մանրամասներ չեն հայտնում, միայն ասացին, որ տեղորոշել են դեպքի վայրը։

Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խմբի փաստաբան Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում, կադրերում երևացող հայ զինծառայողները հետո սպանվել են, մարմինները փոխանցվել են հայկական կողմին. - «Դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում։ Բոլոր զինծառայողները նույնականացված են, մեկը զոհված է, երկուսը վիրավորումներ ունեն, որոնք հետագայում գնդակահարվել են։ Նրանց դիերը փոխանցել են հայկական կողմին և հուղարկավորված են»։

Այս նոր տեսանյութում երևում են գետնին ընկած վիրավոր երեք զինծառայողներ։ Խոշտանգողների դեմքերը կադրերում փակված են, նրանք ռուսերենով հայհոյախառն հրահանգներ են հնչեցնում, պահանջում են, որ գետնին ընկած զինծառայողները կանգնեն, քարշ են տալիս նրանցից մեկին, որը ցավից ճչում է ու չի կարողանում կանգնել։

Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմանների վրա հարձակումից հետո երեք տարբեր օրերի Բաքուն Երևանին է փոխանցել 133 զինծառայողի դի։ Թե տեսանյութում երևացող հայ ռազմագերիների մարմինները կոնկրետ երբ են փոխանցվել Հայաստանին, ժամկետային զինծառայողներ էին նրանք, թե ոչ՝ չկարողացանք պատասխան ստանալ ո՛չ Պաշտպանության նախարարությունից, ո'չ էլ Քննչական կոմիտեից։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը տեսանյութը կուղարկի Եվրոպական դատարան ու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ լրացնելով 44-օրյա պատերազմից հետո ուղարկված գանգատները։

«Առաջիկա օրերին կուղարկվի Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, լրացնելու է մեր ներկայացրած հայտերը այս տեսանյութով։ Ստացվում է, որ մարդիկ նորից գերության մեջ են եղել վիրավոր, մեզ վերադարձվել են իրենց մարմինները։ Գերիները նույնականացված են, վայրը, դիրքը նույնականացված է։ Աշխատանքները կատարվում են», - ասաց գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Այս ամսվա սկզբին ադրբեջանական տելեգրամյան ալիքները հրապարակել էին ևս մեկ տեսանյութ, որտեղ երևում էր հայ ռազմագերիների գնդակահարությունը։ Այն դատապարտվեց միջազգային համայնքի կողմից։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների պաշտպանությամբ զբաղվող խումբն էլ իր հերթին էր այդ տեսանյութն ուղարկել միջազգային գործընկերներին։ Երեկ տարածված խոշտանգման տեսարաններով 30 վայրկյանանոց կադրերը նույնպես կուղարկվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու լրատվամիջոցներին։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց՝ իրենց հնարավորությունների սահմաններում կանեն ամեն ինչ, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն. - «Այս միջադեպերը պետք է ներկայացնենք որպես հավելյալ հիմնավորում, թե որքան անհրաժեշտ և հրատապ է օր առաջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը։ Որը հասունանում է, և կարծում եմ՝ անգամ քաղաքական գործոնների պայմաններում նրանց չի հաջողվելու խուսանավել»։

Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին միջազգային գործընկերներին հերթական անգամ դիմելուց բացի, արձանագրել է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործել։

«Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել», - ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG