Մատչելիության հղումներ

ՀԿ ղեկավարը Երևանում երթևեկությունը բեռնաթափող մեթոդներն անարդյունավետ է համարում


Խցանումներ, ազդանշաններ, բազմամարդ կանգառներ ու խցկված ավտոբուսներ․ օրեցօր էլ ավելի ծանրաբեռնվող երևանյան երթևեկությունը բեռնաթափել չի հաջողվում։ Մայրաքաղաքի նյարդային առավոտները թեթևացնելու հարցը երեկ նույնիսկ խորհրդարանում քննարկվեց։

«Ոչ միայն տարեց-տարի, այլ նույնիսկ օր-օրի Երևանում տրանսպորտային խնդիրները բարդանում են, և դրա առաջին պատճառը նա է, որ քանակապես ինչպես ամբողջ հանրապետությունում, մասնավորապես, Երևանում ավտոմեքենաների քանակն է շատ մեծացել», - ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը լուծման բանալին երթևեկության կարգավորման մեջ է տեսնում՝ նշելով՝ համայնքապետարաններն ու ոստիկանությունը զբաղվում են այս հարցերով։

«Կարծում եմ կնկատեք, որ Երևանում բազմաթիվ տեղերում նոր գծանշումներ են արվում, նոր կարգավորումներ, նոր լուսացույցեր են դրվում, որպեսզի այն տեղերում, որտեղ առաջանում են նման խնդիրներ, հնարավորինս զսպեն, իսկ ընդհանուր մեծ մասշտաբով այս խնդրից ձերբազատվելու հարցում, կարծում եմ, հատկապես կենտրոնի հետ կապված, հետևյալ քաղաքականությամբ ենք գնում, կամ պիտի գնանք, հնարավորինս ավտոբուսների պարկը ավելացնելն է և հնարավորինս դժվարացնել ֆիզիկական մարդիկ իրենց մեքենաներով կենտրոնում հայտնվեն», - ասաց նախարարը։

Ծանր երթևեկության հարցը երեկ Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին էր հետաքրքրել։ Նա խցանումների մեկ այլ գործոնի վրա ուշադրություն հրավիրեց. տնից դպրոց երկար ճանապարհի պատճառով ծնողները երեխաներին մեքենայով են տանում։

«Իրավիճակներ են առաջանում, որ քաղաքի տարբեր մասերից տարբեր մասեր երեխաները ստիպված են լինում գնալ դպրոց, և ծնողներն առավոտյան երեխաներին տանում են, կեսօրին երեխաներին դպրոցից բերում են տուն։ Մոտավոր հաշվարկներով այսօր մոտ 3 հազարից 4 հազար էդպիսի տեղաշարժ կա՝ օրական երկու անգամ, մյուս տարի դա ավելանալու է», - ասաց Աղազարյանը։

Խցանումները նվազեցնելու ուղղությամբ քաղաքային իշխանությունների քայլերը բավարար չեն, շեշտում է «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Պեդանյանը։

Ըստ նրա՝ կան մի շարք պարզ մեթոդներ փոքր ինչ իրավիճակը բարելավելու համար՝ վթարների ավելի օպերատիվ սպասարկումը, նեղ փողոցներում կայանումների հարցի լուծումը։

«Խցանումների հիմնական պատճառը վթարներն են, ու այն տեղերը, որտեղ ոստիկանները համակարգում են երթևեկությունը, այդ տեղերը խցանումները վերանում են, կամ չեն էլ առաջանում, բայց հաճախ լինում է, որ զանգում ենք ոստիկանություն, որ խցանման մասին տեղեկացնենք, իրենք ասում են, որ այս պահին ազատ մեքենա չունենք, բոլորը վթար են սպասարկում», - ասաց ՀԿ նախագահը։

Պեդանյանի գնահատմամբ, ձեռնարկվող քայլերը ժամանակավոր լուծումներ են, գծանշումների փոփոխությամբ հարցը չի լուծվի, շատ դեպքերում փողոցներում պարզապես մեկ հավելյալ երթևեկելի գիծ են ավելացնում։ Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը սա արդյունավետ չի համարում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG